Ռոզա Աթայի Բաբայան

Ծնված՝ 1914թ․ հունվարի 10-ին Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։

Թոշակառու։

Զոհվել է 1990թ․ հունվարի 2-ին Ստեփանակերտում ի հետևանք սովետական բանակի կատարած վայրագ գործողությունների։

Թաղված է Քոլատակի գերեզմանոցում։

 

Յոթ երեխա էր մեծացրել, բայց մնացել գրեթե մենակ։ Ազգային ազատագրական պայքարի ալիք մեզ շպրտեց տարբեր տեղեր։ Մենք ճակատագրի բերումով արդեն ցրված՝ ավելի հեռացանք իրարից։ Հարազատներ կորցրինք Սումգայիթում և Բաքվում։ Կենդանի մնացածներիս համար նա մի հեռավոր կենտրոն էր, բոլորիս իրար կապող կենտրոնաձիգ մի ուժ, մեր հայրական տան միակ մի սյուն։ Ամեն Աստծո առավոտ ր իրիկնամուտին աղոթում էր մեզ համար։ Ինքը մեծ խնդիրք ու զրույց ուներ Աստծո հետ․․․ Հերթով հասցնում էր բոլորիս մոտ լինել, բոլորիս հասնել, օգնել։ Ես համեմատաբար ավելի մոտ էի և միասին ավելի շատ էինք լինում, բայց միևնույնն է, ձեռքն ընակծ որևէ բան հավասար կբաշխեր, կհասցներ բոլորին, նախ նրանց, ովքեր ավելի հեռու էին։ Աշխատում էր ինքը հարմարվել մեզ և ոչ երբեք հակառակը։ Մեր հոր մահվան օրը վերջապես բոլորս հավաքվեցինք։ Նույնիսկ այդ վշտի մեջ կարծես ուրախ էր, որ բոլորիս միասին հայրական օջախում էր տեսնում։ Օջախը նրա համար սրբություն էր, պատիվ։

Խնդրում էր մեզ և Աստծուն, որ մեր հայրական օջախի ծուխը երբեք չմարի։ Ինքն ամեն ինչ արեց դրա համար, բայց կյանքն էլ իրենն էր արել։

․․․Ձմեռները հիմնականում ինձ մոտ էր՝ Ստեփանակերտում։ Նոր տարվա գիշերը միասն դիմավորեցինք։ Բոլորիս խաղաղություն մաղթեց, սեր, միաբանություն։ Ինչպես միշտ։ Ամանորի ավանդական ուրախությունը չէր ստացվում։ Դրսի սառը օդը հագեցած էր տագնապով։ Ասաց․ «Մեր հայերը մեղք են, Աստված չանի նոր պատերազմ բռնկվի»։ Հետո ցավով դժգոհեց․ «Հո՞րա, ասըմ էք, ասըմ, բայց հետմիացումը տեսանք ոչ»։ Շատ էր փափագում տեսնել։ Մենք բոլոր կորուստների և հիշատակի կենացը խմեցինք։ Նորից հուզվեց, բողոքեց, որ հարազատներով ցրված ենք․ «մեր տունը դատարկ, ինչ են կորցրել ուրիշ տեղ, ով կենդանի, ով՝ մեռած»։

․․․ Փողոցում կրակահերթ լսվեց։ Մայրս դուրս էր եկել աղբ թափելու։ Դուրս վազեցի նրա ետևից․ սովետական բանակը «տոնական խրախճանք» էր սարքել։ Քաղաքում շփոթ էր, վայնասուն, կրակոցներ, արյուն, բիրտ, սանձարձակ ու հարբած զինվորականներ, տագնապի ազդանշան, զոհված Արմեն Հակոբյան․․․։ Մորս տեղափոխել էին հիվանդանոց։ հասա, գտա նրան․․․ ցավանը դեմքին փռած․․․

որդի՝ Ռոզա Բաբայանի