Արտեմ Ավետիսի Հարությունյան

Ծնված՝ 1912թ․ հունիսի 27-ին Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։

Ապրում էր կնոջ հետ Բադարայում։

Թոշակառու։

1989թ․ դեկտեմբերի 27-ից անհայտ կորած։

 

Քառասուն տարվա ամուսիններ ենք եղել։ Ինը երեխա ենք ունեցել, այսօր կենդանի են միայն 4-ը։ Մենք գրեթե մենակ էինք ապրում․․․

Կերչի ազատագրման ժամանակ կոնտուզիա էր ստացել, լսողությունը կորցրել։ Հավատից էր, վեհ գաղափարներից, թե իր միամտությունից՝ Հայրենական մեծ պատերազմւ հաշմանդամի թոշակ չէր ստանում։ Ամբողջ կյանքում հավատացել ու հավատում էր Լենինին, նրա կուսակցությանը։ Սրտին մեծ դարդ էր եղել, որ պատերազմի ժամանակ գերության մեջ ստիպված է եղել իր կուսակցական տոմսը դնել պահածոյի տուփի մեջ և գցել ծովը։ Մեծ ցավով և հպարտությամբ պատմում էր, որ լավ հիշում է ծովի այդ մասը և փափագում էր կյանքում երբևէ նորից հայտնվել այդ տեղում, որպեսզի հաներ իր կուստոմսը։

Ինքը խուլ էր, էս աշխարհի անցուդարձից, թոհուբոհից ու մեր ազգի խնդիրներից գրեթե անտեղյակ։ Քանի, քանի անգամ զգուշացրել ենք, որ գյուղից հեռու չգնա, անտառում չխորանա, մենակ խոտի կամ փայտի չգնա։ Իրեն նույնիսկ ադրբեջանցիներն են մի քանի անգամ զգուշացրել, որ «իրենց կողմերում» էլ չերևա։ Նա չէր կարողանում հասկանալ կամ պատկերացնել, որ ամեն ինչ այնպես է փոխվել ու սրվել, որ ինքը այդքան պետք է զգուշանա նաև ադրբեջանցի իր հին ծանոթներից ու հարևաններից։ Առավել ևս չէր հասկանում այդ նույն ծանոթների ու հարևանների զգուշացումները։ Լուրջ չէր ընդունում։

Միայն մոտ երեսուն տարի աշխատել էր հարևան ադրբեջանաբնակ Լեսնոյե գյուղի սղոցարանում ու շատ վստահ էր այդ գյուղի բնակիչների մեջ վայելած իր հեղինակությամբ և հարգանքի վրա։ Ճիշտն ասած, մենք էլ երբեմն մտածում էինք, որ, այնուամենայնիվ, այդ կողմերում նրան չեն դիպչի, համենայն դեպս՝ քիչ թե շատ տարիքավորները։ Ու շատ եմ ցավում, որ անհետացավ հենց այդ վայրերում ու տարվեց հենց այդ ուղղությամբ, որից այնքան հանգիստ էր ու վստահ «երեսուն տարի միայն․․․»։

Նրա կրկնակոշիկների ու փայտով բարձած ավանակի հետքերը ուղիղ տանում էին դեպի Լեսնոյե։ Տեղի զինվորական պարետը արգելեց այդ հետքերով մտնել գյուղ։

Նրա երեք եղբայրներն անհայտ կորել են ռազմաճակատում։ Չեմ ուզում հավատալ, որ նրան էլ տրված է իր եղբայրների «անհայտ կորածի» ճակատագիրը։ Աստծուց խնդրում եմ, եթե ոչ կենդանի, գոնե դիակը գտնեմ։ Հաճախ է գալիս երազիս։ Ասում է․ «Անտառում փայտածուխ եմ սարքում։ Ճանապարհը չեմ գտնում, որ տուն գամ»։

Մենակ եմ հիմա։ Դժվար է մեր միակ կովը պահել, համ էլ կարող են գողանալ։ Բայց ինչ էլ ուզում է լինի, որոշել եմ կովը չվաճառել, որ թե աստված կամենա ու մի օր էլ հալիվորս վերադառնա՝ իր սիրած կովը դռանը կապած տեսնի․․․

Կողակից՝ անհայտ կորած Արտեմ Հարությունյանի