Սամվել (Վարդան) Վարդգեսի Գուլանյան

Ծնված՝ 1965թ․ դեկտեմբերի 28-ին Սևանի շրջանի Ծովագյուղում։

Ապրում էր ծնողների և եղբոր հետ Ծովագյուղում։

Միլիցիայի կրտսեր սերժանտ, աշխատում էր Սևանի ՆԳ բաժնում։

Մասնակցել է Մեղրիի, Խնձորեսկի ինքնապաշտպանական գործողություններին։

Զոհվել է 1989թ․ նոյեմբերի 29-ին Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղի մոտ թշնամու գնդակից՝ ծառայողական պարտքը կատարելիս։

Թաղված է Ծովագյուղի գերեզմանոցում։

 

Բոլորը նրան որպես Վարդան գիտեին։ Հայրը գրեթե միշտ արտագնա աշխատանքների էր։ Մեր տունը Սամվելիս մատղաշ ձեռքերով կառուցվեց։ Երբեմն չկարողանալով շաղախի դույլը բարձրացնել, դույլի ամբողջ պարունակությունը վրան էր շրջում։ Հոգատար մոր պես խնամում էր իր հիմնած այգին։ Այդպես դեռ փոքրուց տան տղամարդ մեծացավ։

Աշխատանքից հետո անմիջապես փոխում էր միլիցիոների համազգեստը, որի մեջ իրեն կաշկանդված էր զգում։ Այդ համազգեստի տակ թաքնված էր նրա բարի, ազնիվ և քնքուշ սիրտը։ Շատո էր կարդում, մասնակցում էր թատերական խմբակին։ Միշտ շրջապատված էր բակի երեխաներով։

Արցախյան շարժման հետ Սամվելը մտավ իր տարերքի մեջ․ միշտ անհանգիստ, լարված, մտազբաղ։ Նրան կես-կատակ, կես-լուրջ հարցնում էին․ «Չհասկացանք, դու միլիցիոնե՞ր ես, թե՞ ֆիդայի»։ հայրենիքի երդվյալ զինվոր էր․ «Հիմա ամեն ոք պետք է աջակցի ազգի գործերին, մեր հողը հայի արյունով է նորից շաղախվում, մենք պետք է մեզ պաշտպանենք մեր թշնամուց»։

Ուզում էինք ամուսնացնել։ Կարծես համոզել էինք։ Հարսնացուի համար պատրաստած ոսկեղենը մոտն էր պահում։ գորիս գնալուց տասը օր առաջ այդ ամբողջն ինձ տվեց և մեծ դժվարությամբ, ինքն իրեն հաղթահարելով, վերջապես վստահեց նաև իր համակրած աղջկա անունը։ Դեռ նոր նրա սիրտը պետք է լցվեր ընտանեկան ջերմությամբ ու սիրով, նոր պետք է ծնող դառնալու քաղցրությունը ճաշակեր, բայց ավաղ․․․

Գնալու օրը Սամվելի պահվածքի մեջ ոչ մի անսովոր բան չկար։ Ինչպես միշտ կենսուրախ, կատակն՝ անպակաս։ սիրում էր երբեմն ինձ անունով դիմել․ «Մամ, Վարս, Վարսիկ»։ Այդպես էլ այդ օրը․․․

Համադասարանցիներով ամեն հինգ տարին մեկ հավաքվում էին։ Վերջին անգամ Սամվելիս առաջարկով «ցանկությունների շիշ» էին զմռսել։ Սամվելիս կորուստը ստիպեց ընկերներին ժամանակից շուտ բացել այդ շիշը․․․ «Հինգ տարի հետո կլինեմ միլիցիայի բարձրագույն դպրոցի սովորող։ Ինչպես մինչև հիմա եմ ապրել, կշարունակեմ այսուհետև ևս լինել ազնիվ, շիտակ ու բարի»։

Մայր՝ Սամվել Գուլանյանի