Անմահ հերոս Ազիզ Աղաջանյան

Ազիզ Սամվելի Աղաջանյանը ծնվել է 2001թ․-ի մայիսի 20-ին` Արմավիր քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Արմավիրի Վ. Բախշյանի անվան թիվ 2 դպրոցում, հետո` Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում։

«Չորս-հինգ տարեկանում հաճախել է քիքբոքսինգի, իսկ դպրոցական տարիներին կարատեի է գնացել։ Շատ էր սիրում շախմատ խաղալ` շախմատի դպրոց էր հաճախում։ Մի որոշ ժամանակ էլ՝ քանդակագործությամբ  էր զբաղվում։  Ազիզը մասնակցել է սկաուտական շարժման։ Նա դպրոցական առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան, շատ անգամներ օլիմպիադաների է մասնակցել և հաղթել»,- պատմում  է մայրը` Մելանյան։

Ազիզի մանկության ընկերներից Գարուշը հիշում է, որ շատ փոքր տարիքից՝ ինքն ու Ազիզը միմյանց շատ էին սիրում, միշտ կռվում էին, բայց միշտ անբաժան էին․ «Ես երեխա ժամանակվա իմ արած ամեն ինչը հիշում եմ միայն Ազիզի հետ։ Ինքը միշտ բոլորից տարբերվում էր, ավելի ուժեղ ու հասուն էր մտածում։ Ինքը շատ անկեղծ էր։ Ես իր մեջ ամենաշատը գնահատում էի բարությունը, անկեղծությունն ու մարդկանց սրտանց սիրելու կարողությունը։ Ինքը բոլորիս «մերանն» էր ու մենք գիտեինք, որ եթե ինչ-որ խորհրդի կարիք ունենանք՝  կարող ենք վստահորեն իրեն դիմել»,-պատմում է Գարուշն ու շարունակում, որ ընկերոջ հոգատարությունը սահմաններ չուներ․ «Մեր կապը շատ ուժեղ է եղել, իր տեսակը չկրկնվող էր, հարգանք ուներ բոլորի նկատմամբ` անգամ անծանոթների։ Ինքը բոլոր մանրուքներին ուշադրություն էր դարձնում ու կարևորություն տալիս։ Նրբանկատության հետ մեկտեղ՝ ինքը իր խոսքի տեր էր, եթե մի բան որոշում էր անպայման անելու էր։  Դպրոցական ժողովներին պարտադիր պետք է իր մասին առանձին խոսեին։ Առաջին դասարանում, երբ վրան էինք պատրաստում դասարանի երեխաներով, Ազիզը իր վրանն առանց դուռ ու պատուհանի էր պատրաստել ու ուսուցչի հարցին, թե ինչու՞ է նման ձև կառուցել, ասել է, որ դա թուրքերի համար է պատրաստել,  որ նրանց այդտեղ խեղդի»։

Դպրոցն ավարտելուց հետո՝ Ազիզ Աղաջանյանը բարձր բալերով ընդունվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի` «Համակարգչային ծրագրավորում» բաժինը, առանց հարցազրույցի՝ իր գրած դիմումների հիման վրա։ Նա չի հասցրել դասապրոցեսին մասնակցել, քանի որ  անմիջապես 2019թ-ի հուլիսի 9-ին զորակոչվել է բանակ` պարտադիր զինվորական ծառայության։  Ազիզը բարձր  տրամադրությամբ է մեկնել ծռայության, քանի որ ըստ նրա՝   տղամարդը պետք է պարտադիր ծառայեր։  Մի անգամ, երբ ուսուցիչը Ազիզին հարցել է  ծառայելու է,  թե ոչ, նա հարցը՝ որպես վիրավորանք է ընդունել։

Վեց ամիս ծառայել է Լուսակերտի զորամասերից մեկում, այնուհետև՝ սերժանտի կոչումով ծառայությունը շարունակել է Սյունիքի մարզում` Մեղրիի զորամասերից մեկում։ Մասնագիտությամբ հրետանավոր էր։

Ծառայակից ընկերներից Ալբերտը ասում է, որ Ազիզը միշտ տարբերվել է մնացած զինծառայողներից՝ իր բնավորությամբ ու արժեքային համակարգով։ Նվիրված է եղել ծառայությանը և պատասխանատվությամբ է մոտեցել ամեն ինչին։

«Մարտի ժամանակ շատ բաներ ինքը իր վրա է վերցրել, ինքը գիտակցված գնում էր այնպիսի քայլերի, որոնք մնացածները չէին համարձակվի անել։ Երբ կրակելու հրաման են տվել՝ առաջինը Ազիզն է պատրաստվել կրակելու։ Կրակային դիրքերը թողնելուց էլ՝ վերջինը Ազիզն է վերադարձել»,-  ասում է Ալբերտն ու շարունակում․ «Հիշում եմ, մի անգամ, երբ մոտ 15 րոպե ինտենսիվ կրակում էինք, իմացանք, որ հակառակորդին մեծ թվով կորուստներ ենք պատճառել, հետ էինք մղել իրենց առաջխաղացումը՝ թույլ չտալով զարգացնել թշնամու գրոհը։ Բոլորս  ուրախացանք, բայց նկատեցինք, որ Ազիզը նստած է հեռվում ու մի տեսակ տխուր է։ Մոտեցանք, հարցրինք ինչ է պատահել, ասաց՝ հասկանու՞մ եք, մենք այստեղ ուրախանում ենք, բայց այնտեղ էլ մեր նման անմեղ մարդիկ են զոհվում։  Թերևս ամենաշատը դա է  Ազիզից տպավորվել իմ մեջ»։

Ալբերտը հիշում է, որ 2020թ․-ի հոկտեմբերի 10-ին մարտկոցներից մեկի մոտ մեքենա է պայթել ու  Ազիզը առաջինն է նետվել օգնության․ «Նա կարողացավ վիրավորներից մի քանի հոգու փրկել, թեև հրաման կար, որ բոլորս պետք է մնայինք փոսերում, որովհետև հնարավոր էր  հարվածը կրկնվեր»։

Պատերազմի սկսվելուց հետո՝ հոկտեմբերի 3-ին, Ազիզը տեղափոխվել է  Արցախի Ջրականի հատված, բայց մշտապես կապի մեջ է եղել ընտանիքի հետ։

Հետագայում՝ իր ծառայակից ընկերներից պատմել են, որ ամեն օր, երբ մարտերը դադարել են, Ազիզը զանգել է տուն և շատ հանգիստ տոնով խոսել, անգամ ընկերներն են զարմացել իր այդ կարողության վրա։ Մշտապես  հավատացրել է, որ ամեն բան կարգին է և ոչ մի բանի կարիք չունեն։

Զոհվելու օրը Ալբերտի հետ նույն տարածքում են  եղել․ «Անօդաչուի հարվածներից հետո՝ տարածվել էինք տեղանքով մեկ ու հաջորդ օրը նոր իմացել ենք, որ Ազիզը զոհվել է»։

Ազիզ Աղաջանյանը զոհվել է հոկտեմբերի 18-ի՝ լույս 19-ի գիշերը, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով․ «Վերջին անգամ ամսի 18-ին ժամը 11։47 է նամակ գրել ինձ, որ ամեն ինչ կարգին է և կապերի պատճառով չի կարողանում  զանգել»,- ասում է մայրը։

Ազիզը հուղարկավորված է Արմավիրի զինվորական պանթեոնում։

Նա հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության»  մեդալով և «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան