Անմահ հերոս Նելսոն Արսենյան

Նելսոն Վազգենի Արսենյանը ծնվել է 1988թ.-ի դեկտեմբերի 18-ին` Շիրակի մարզի Իսահակյան գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։

«Նելսոնը դպրոցում գերազանց առաջադիմություն ուներ, գրեթե բոլոր տարիներին գերազանց է սովորել։ Պատմություն առարկան էր հիմնականում շատ սիրում, խորացված ուսումնասիրում էր։  Մինչև  օրս էլ՝ մայրս նրա տետրերը, օրագրերը պահում է։ Աշխույժ երեխա էր, ամեն ինչին պետք է իր մասնակցությունն ունենար, փողոց-փողոց խաղեր էր կազմակերպում, համախմբող էր»,-պատմում է եղբայրը` Հայկը։

Ուսումն ավարտելուց վեց ամիս՝ անց Նելսոն Արսենյանը զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Վեց ամիս ծառայել է Արտաշատի ուսումնական զորամասերից մեկում, այնուհետև՝ սերժանտի կոչումով ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության Ջրականի զորամասերից մեկում (օկուպացված է Ադրբեջանի կողմից)։ Ծառայությունն ավարտել ու զորացրվել է 2008թ.-ին։ 2009թ.-ին Նելսոնը երկու ամսով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, չհամակերպվելով տեղի պայմաններին՝ հետ է վերադարձել, և վեց ամիս Արմավիրի ուսումնական զորամասում վերապատրաստվելուց հետո` մեկնել   է ծառայության Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում։

«Ինքը շատ նվիրված էր իր աշխատանքին, բայց շատ մանրամասներ չէր պատմում իր ծառայությունից, առհասարակ չէր սիրում խոսել, միշտ ասում էր՝ ամեն բան կարգին է։ Ապրիլյան պատերազմին ևս մասնակից է եղել, այդ ժամանակ իրեն նկարահանել էին։ Ընդհանրապես չէր սիրում, որ իրեն գովեին, կադրով երևար, այդ անգամ մեծ դժվարությամբ համաձայնել էր, հետո մենք հեռուստացույցով ենք իրեն տեսել»,-պատմում է եղբայրը։

Ինչպես նշվեց, կապիտան Նելսոն Արսենյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2016թ.-ի ապրիլյան պատերազմին, վերադարձել է բազմաթիվ պատվոգրերով և մեդալներով։ Նույնիսկ ամենածանր պահերին նա չի կորցրել իր հումորի զգացումը։ Նկարահանված տեսանյութում ևս՝ գյումրեցուն վայել ժպիտը դեմքին, պատմում է, թե ինչպիսի բարձր մարտական ոգով են մասնակցել պատերազմին. «Ճանապարհին, կոնկրետ չեմ կարող նկարագրել ինչ էր կատարվում, անձնակազմը շատ ոգևորված էր, երգում էին ավտոմեքենայի մեջ նստած ու ճանապարհին, որ գալիս էինք՝  ականները մե՛կ մեքենայի դիմացն էին ընկնում, մե՛կ հետևամասում, մե՛կ կողքը և այդպես հասանք համարյա թե N մարտական դիրք»,-իր խոսքում  ասել է Նելսոնը։

Նելսոնի ծառայակից ընկերներից Պավլիկ Քարամյանը, որը Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի գործողություններին եղել է Նելսոն Արսենյանի հետ` ասում է, որ դեպքի օրը՝ Նելսոնը գնացել է վիրավորներին օգնության։ Գումարտակի հրամանատարի մեքենայով հաջողվել է հանել վիրավորներին այդ տեղանքից և տեղափոխել շտապօգնության մեքենա, բայց այդ պահին հակառակորդի անօդաչու թռչող սարքը իրենց  էլ է հարվածել. «Որպես մարտական ընկեր՝ մարդկային յուրահատուկ տեսակ էր, առանձնահատուկ, տարբերվող, նաև բարի էր ու արդարամիտ։ Երբեք իր ընկերոջը նեղության մեջ չէր թողնի, եթե ինչ-որ մեկն ունենար իր կարիքը։ Պատերազմական գերծողությունների ժամանակ ևս պատրաստակամ էր ինքնազոհության և այդպես էլ եղավ։ Ամենաբարդ և խոցելի հատվածներից մեկն էր, որտեղ որ ինքն իր մարտական մյուս ընկերների հետ միասին նետվեց օգնության։ Դուխով հրամանատար էր, անձնակազմի համար առաջնորդ էր։

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Նելսոնը կրկին եղել է Մարտակերտում, ամսի 26-ին իջել է մարտական դիրքերից,  հետո կրկին բարձրացել։ Պատերազմի օրերին մշտապես զանգահարել է ընտանիքի անդամներին։

Ընկերուհին՝ վերջին անգամ Նելսոնի հետ խոսել է հոկտեմբերի 25-ին. «Սուրճ եմ խմում, թիթեռս (այդպես էր անվանում ընկերուհուն), լավ եմ, չմտածե՛ս, հետ եմ գալու, լավ, գնամ թիթեռս, տղաներս կանչում են, քեզ լավ կնայես»,-ասել է զինվորականը:

Վերջին մարտերը մղել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում,  որտեղ էլ ընկել է հանուն հայրենիքի:

Նելսոնին պատերազմի ընթացքում լուսանկարել էր Դավիթ Թորոսյանը, ով այդ ընթացքում գործողությունների տարբեր հատվածներում լուսանկարում էր մարտնչող տղաներին, հարազատները պատահական համացանցում  տեսել էին լուսանկարն ու ցույց տվել ընտանիքի անդամներին։

Շուրջ հինգ ամիս հարազատները փնտրել են Նելսոնի դին և երկկողմանի ԴՆԹ-ի հաստատումից հետո ՝մարտի 27-ին նրա աճյունը հանձնել են  հողին։

Նելսոն Վազգենի Արսենյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

Ծառայության ընթացքում արժանացել է` Հայաստանի Հանրապետության ԶՈւ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի և  Հայաստանի Հանրապետության «Ծովակալ Իսակով» մեդալների։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

 Մանե Մանուկյան