Անմահ հերոս Կարեն Ապրեսյան

Մա՛մ ջան, մենք կարևոր գործողության ենք մասնակցել,

դուք հետո կլսեք մեր մասին...

 

Կարեն Արմենի Ապրեսյանը ծնվել է 2001թ.-ի ապրիլի 30-ին` քաղաք Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Աշոտ Նավասարդյանի անվան N 56 հիմնական դպրոցում, այնուհետև՝ ուսումը շարունակել է Սամվել Գևորգյանի անվան N 189  ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո` բարձր ցուցանիշներով ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համակարգչային ճարտարագիտություն բաժին։ 2019թ.-ի հուլիսի 16-ին` քննություններն ավարտելուց անմիջապես  հետո, մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Կարենը հաճախել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տարկետում է վերցրել, որպեսզի հետագայում բանակից գա և նորից շարունակի։

«Կարենս մեծ քաշով էր ծնվել ու նոր ծնված ժամանակ հիվանդացել էր, մի կերպ ենք կյանքը փրկել։ Կարենի հորաքույրը նույնպես նույն շենքում էր ապրում, ինքը երեք տղա ուներ, ես` երկու։ Այսպես ասած՝  հինգ եղբայրներ էին իրենք, Կարենը ամենափոքրն էր՝ զուսպ, իրեն  մեծավարի պահող երեխա էր, մեկ հայացքից հասկանում էր։ Իրենից ավագ մեկ եղբայր ունի, եղբայրը հաճախում էր շախմատի։ Կարենը չէր ուզում հետ մնար եղբորից ու ինքն էլ գնաց շախմատի, հետո հանդբոլի (մրցանակային տեղեր էր զբաղեցնում)։ Ձգտում կար իր մեջ, դպրոցում ևս լավ էր սովորում՝ հատկապես մաթեմատիկա առարկան,  «Կենգուրու» մրցույթին էր մասնակցում, լավագույն արդյունքներ էր գրանցում։ Տասներկու տարեկանը լրանալուն պես՝ սկսեց «Թումո» հաճախել, ռոբոտաշինություն ու ծրագրավում էր ուսումնասիրում, որը հետագայում դարձավ իր մասնագիտության ընտրության ուղենիշը։ Հինգ եղբայրներից չորսը ծառայել էին Արցախում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից), երբ արդեն Կարենի ժամանակը եկավ, ասում էին՝ գոնե ինքը չծառայի, բայց Կարենը ընդդիմանում էր եղբայրներին, ասում էր՝ «Բա ամո՞թ չի, որ ես չծառայեմ»,-պատմում է մայրը։

Կարենի հորաքրոջ տղան` Ժորան,  փոքր-ինչ դժվարանում է նկարագրել եղբորը. «Կարենն այնքան լուսավոր էր, որ իր մականունը սմայլիկ էի դրել, ժպիտը դեմքից անպակաս էր։ Կարենը մեր հինգ եղբայրներից ամենափոքրն էր, մենք բոլորով նույն դպրոցում էինք սովորում։ Մի օր խաբեցին, ասացին, որ դպրոցից երեխաների են գողանում, առաջինը Կարենին դուրս բերեցի տարածքից, հետո մյուս եղբայրներիս։ Մենք իրեն շատ էինք սիրում։ Ամառները միասին գնում էինք ձորում պտտվելու, մողեսներ էինք բռնում»,-ժպիտով հիշում է Ժորան ու շարունակում, որ  Կարենի հետ կապված միայն դրական ու բարի հիշողություններ կան․ «Դժվար է համակերպվել կորստին, դրա համար Կարենիս  մասին միշտ ներկայով ենք խոսում»։

Կարեն Ապրեսյանը ծառայել է Արցախի Հանրապետության  Մարտակերտի շրջանում։ Հինգ ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է «Covid-19» համավարկը և ընտանիքի անդամներին այդպես էլ չի հաջողվել տեսնել որդուն։ Միայն մայրը՝ մի քանի անգամ հասցրել է ծանրոց ուղարկել որդուն, քանի որ մանկուց շատ է սիրել  քաղցրավենիք։

Կարենը մեկ տարվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Նա մասնագիտությամբ հրետանավոր էր ու մշտապես աչքի է ընկել իր ազնվությամբ ու որակական բարձր հատկանիշներով, սիրված է եղել ամբողջ մարտկոցի կողմից։ Կարենը շուրջ երեք ամիս չի իջել մարտական դիրքերից։ 2020թ․-ի սեպտեմբերի 25-ին զինվորը տուն է զանգել ու ասել, որ իջնում են լողանան և նորից բարձրանան։ Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելուց հետո Կարենը չի զանգել տուն, միայն սեպտեմբերի 29-ին, երբ «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանի նկարած նկարը հայտնվել է համացանցում՝ այդպես են  ընտանիքի անդամները իրենց որդուն տեսել կռվի դաշտում։ Այդ օրվանից հետո Կարենը սկսել է երեք օրը մեկ զանգել տուն և մի անգամ էլ, երբ զանգել է մայրիկին, ասել է՝ «Մա՜մ ջան, մենք կարևոր գործողության ենք մասնակցել, դուք հետո կլսեք մեր մասին…»։

Հոկտեմբերի 26-ին Կարենը զանգահարել է հայրիկին ու ասել, որ իրենց Մարտակերտից տեղափոխում են Մարտունի։ Դա եղել է Կարենի վերջին զանգը։

Մարտական ընկերներից Արմեն Խաչատրյանի խոսքով` Կարենը վիրավորվել է հոկտեմբերի 26-ին ու մինչև  մյուս վիրավոր ընկերների հետ միասին փորձել են տեղափոխել շտապօգնության մեքենա՝ մեքենան չի հասցրել նույնիսկ տեղից շարժվել, երբ վրա է հասել երկրորդ հարվածը` խլելով Կարենի և մյուս մարտական ընկերների կյանքը։

Իր գրագիտության և փայլուն հաշվարկների շնորհիվ՝ շուրջ մեկ ամիս մարտնչելով թշնամու դեմ, Կարենը հակառակորդին  հասցրել է մեծաթիվ կորուստներ։ Հրադադարից հետո` հարազատները զոհվածների ցուցակներում տեսել են Կարենի անունը։ Փնտրել են գրեթե մեկ ամիս՝ գտել նոյեմբերի 21-ին։ Նա հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

Մանե Մանուկյան