Անմահ հերոս Իգոր Ասրյան

Իգոր Գառնիկի Ասրյանը ծնվել է 1983թ.-ի դեկտեմբերի 25-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանի Նորշեն գյուղում։ 1990-2001թթ. հաճախել է գյուղի՝ Լեոնիդ Հուրունցի անվան միջնակարգ դպրոցը։ Իգորի կինը՝ Կարինե Ծատրյանը, պատմում է, որ դպրոցում ամուսնու առաջադիմությունը շատ բարձր չի եղել, բայց շատ է սիրել սպորտը. «Իրեն դպրոցում փոքր Վանդամ էին ասում, Վանդամին էր կրկնօրինակում»։

Դպրոցն ավարտելուց հետո՝ Իգոր Ասրյանն ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 2005թ.-ին նա վերադարձել է Արցախ ու ծառայության է անցել Մարտունու պաշտպանական շրջանի զորամասերից մեկում՝ որպես լեյտենանտ։

«Իգորի հետ ծանոթացել եմ 2007թ.-ին, երբ երկուսս էլ դասակի հրամանատար էինք, հետո՝ արդեն իր զինվորական կոչումը բարձրացրին»,-պատմում է ընկերը՝ Հրայր Սարգսյանն ու նշում, որ Իգորը շատ հայրենասեր էր, իր գործին նվիրված.

«Իգորը հաճախ տուն չէր գնում, որ զինվորների հետ ավելի շատ ժամանակ անցկացնի, ասում էր՝ «Նոր են եկել բանակ, պետք է կողքները լինեմ, որ իրենց մենակ չզգան»։ Իգորի օրը հաճախ էր անցնում զորանոցում։ Օրը սկսում էր իր զինվորների հետ ֆիզիկական պատրաստության պարապմունքով, այնուհետև շարունակում ծառայությունը՝ գրեթե միշտ լինելով իր զինվորների կողքին»։

Հրայրի խոսքով՝ անգամ քնելու համար նախատեսված ժամերին, Իգորը քնում էր սովորական զինվորական կացարանում՝ մյուս զինվորների նման։

«Բառի բուն իմաստով Իգորն ապրում էր իր զինվորների առօրյայով, և կարծես անձնական կյանքի մասին չէր մտածում»։

Անձնականի մասին չմտածելը մինչև 2009 թվականն էր, երբ Իգորը սկսեց շփումը ապագա կնոջ՝ Կարինեի հետ։

«Ես իրեն փոքրուց գիտեի, նույն գյուղից էինք, շփումը քիչ էր, բայց ես իրեն գիտեի՝ որպես գյուղի հարգված, սիրված տղա»,- պատմում է կինը՝ավելացնելով, որ խորացված շփումից մեկ տարի անց արդեն ամուսիններ էին։

Անձնականին զուգահեռ ՝գործը չէր մոռանում Իգորը։ Ամուսնությունից տասը օր անց մարտական հերթապահության է բարձրացել։ Պատմում են, որ անգամ գիշերները Իգորը շրջում էր դիրքերով, քաջալերում իր զինվորներին և սովորեցնում, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել, որոնք են վտանգավոր հատվածները և այլն։ Որևէ դիրքի ուղղությամբ կրակի դեպքում՝ նա անմիջապես այդ դիրք էր գնում։

Հրայրը պատմում է, որ Իգորի պահած դիրքերը մշտապես մաքուր էին, վտանգավոր տեղերն անձամբ ինքն էր մաքրում ու զինվորները, սպաները զարմանքով էին խոսում այդ մասին։

«Շատ ուշադիր, հոգատար և սիրող ամուսին էր»,- նշում է Կարինեն ու հիշում, որ ամուսինն ամեն անգամ մարտական հերթապահությունից վերադառնալիս՝ նվեր էր բերում իրեն։

Իգորն անհամբեր սպասում էր որդու ծնվելուն։ Կարինեի հղիության յոթերորդ ամսին՝ արդեն կապիտան կոչմամբ, Իգոր Ասրյանը բարձրանում է մարտական հերթապահության։

«Այդ օրը շատ էին կրակում (Հրայրը պատմում է 2010 թվականի հունիսի 18-ին` Ադրբեջանի նախաձեռնած սադրանքի մասին), զեկուցումից տասնհինգ րոպե անց՝ Իգորը վազելով հասել էր այն դիրքը, որի ուղղությամբ կրակոցներն էին»,-պատմում է Հրայրը։

Պատմում են, որ Իգորի ներկայությունը զինվորներին շատ է ոգևորել։ Հրամանատարը միանգամից անցել է գործի, փորձելով գտնել հակառակորդի հավանական կրակակետը՝ համապատասխան արձագանք տալու համար։ Այդ ընթացքում հայտնվել է հակառակորդի մեկ այլ կրակակետի նշանառության տակ, որն էլ մահացու է եղել կապիտանի համար։

Ծառայության ընթացքում Ասրյանը բազմաթիվ խրախուսանքների է արժանացել՝ պատվոգրերի, նվերների, շնորհակալագրերի, ինչպես նաև՝ պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։

Իգոր Գառնիկի Ասրյանը՝ ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։

Իգորի զոհվելուց քառասունմեկ օր անց ծնվել է նրա որդին՝ Իգոր Իգորի Ասրյանը (անվանակոչված հոր պատվին)։ Կարինեն նշում է, որ թե՛ բնվորությամբ, թե՛ արտաքինով տղան հորն է նման։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Սիմոն Հովհաննիսյան