Անմահ հերոս Արտակ Ենոքյան

Արտակ Սամվելի Ենոքյանը ծնվել է 2000թ.-ի սեպտեմբերի 10-ին` Երևան քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Շենգավիթ վարչական շրջանի` Ալ. Մյասնիկյանի անվան  թիվ 66 դպրոցում, այնուհետև` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցում, որտեղ մեկ ու կես տարի սովորելուց հետո՝ տեղափոխվել է Շենգավիթի թիվ 46 ավագ դպրոց։

«Արտակի և եղբոր տարիքային տարբերությունը մեկ տարի էր և գրեթե ամեն տեղ՝ մանկապարտեզից սկսած, միասին են հաճախել։ Մանկուց Արտակը շատ զուսպ էր ու քչախոս։ Սիրում էր բակային խաղերը, խաղալիքներից՝ իր մեքենաներն էր շատ-շատ սիրում։ Նկարչական ջիղ կար Արտակի մեջ,  ժամերով նստում ու նկարում էր։  Գունավոր թղթերից հետաքրքիր բաներ էր պատրաստում, որոնք  իր նկարած բոլոր նկարների հետ ես մինչև օրս պահել եմ։ Արդեն ավելի մեծ տարիքում տատու անելու գործիք էր հորինել ու  բանանի կեղևի վրա փորձարկում էր։ Դպրոցական առարկաներից կարելի է ասել պաշտում էր Նախնական զինվորական պատրաստությունը (ՆԶՊ), քանի որ շատ էր սիրում զենքեր։ Բացի ուսումը՝ Արտակս զբաղվել է մի շարք սպորտաձևերով՝ (բռնցքամարտ, լող, ձյուդո) զբաղեցնելով մրցանակային տեղեր»,- պատմում է մայրը` Նաիրան։

2018թ.-ին Արտակն ընդունվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ի(ՃՇՀԱՀ)՝ Ճարտարապետության ֆակուլտետ, որտեղ հասցրել է  սովորել ընդամենը մեկ կիսամյակ։

«Մանկապարտեզից դպրոց միասին ենք եղել, հետո՝ տասներկու տարի միասին ձյուդոյի ենք գնացել, նա իր քաշային կարգում չեմպիոն էր, բազմաթիվ մեդալներ է նվաճել, բայց սպորտը իր համար զուտ հաճելի զբաղմունք էր։ Նրա բանակ զորակոչվելուց վեց ամիս անց ես եմ մեկնել ծառայության և բախտի բերումով՝ նորից իրար հետ ենք եղել։ Առանց Արտակի դասարանը տեսքի չէր գալիս, կազմակերպչական ջիղ կար իր մեջ, միևնույն ժամանակ շատ չափի մեջ։ Պատերազմի սկսվելուց հետո՝ հեռախոսազանգով ենք կապի դուրս եկել,  ծառայության ընթացքում մենք տարբեր ստորաբաժանումներում ենք ծառայել, բայց մեր կապը ինչպես որ ամուր կար՝ նույն կերպ պահպանվել է»,- հիշում է մանկության ընկերներից Արսենը։

2019թ.-ի հունվարի 22-ին Արտակ Ենոքյանը զորակոչվել է Հայկական  բանակ՝ ծառայության անցնելով  Իջևանի զորամասերից մեկում՝ որպես հրետանավոր, կապավոր։ Մեկ տարի առաջ՝ նույն օրը, Արտակի ավագ եղբայրն է զորակոչվել բանակ։ «Ինքը կարող էր այդ օրը չգնալ, քանի որ վատառողջ էր, բարձր ջերմություն ուներ ու զինկոմիսարն ասել էր, որ չգա, առողջանա նոր,  բայց նա ընդհանրապես չհամաձայնեց և մեկնեց պարտադիր ժամկետային ծառայության։ Նաև հետո իմացել ենք, որ մասնակցել է Տավուշյան մարտերին։ Պատերազմի սկսելուց վեց-յոթ ամիս առաջ՝ մենք սկսեցինք շատ երկար խոսել, շփվել, կարծես չէր ուզում անջատել։ Արտակս անընդհատ Իջևանի եկեղեցում մասնակցում էր պատարագների, Աստվածաշունչ էր կարդում։ Իր ընկեներից մեկն էլ հետագայում ինձ ասաց, որ Արտակը Երևանի գրեթե բոլոր եկեղեցիներում եղել է։ Իջևանում՝ հուշապատի բացման արարողության ժամանակ, Սարկավագը եկեղեցու մոտ ցույց տվեց այն քարը, որին նստել է Արտակը։ Ընկերների խոսքով` վրանային հերթապահությունների ժամանակ, Արտակը բարձրակետում հատուկ հողից նստարան ու աթոռներ է պատրաստել ու  հրամանատրներն էր են այդտեղ  նստել»,-ասում է մայրը։

2020թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ հրետանու դիվիզիոնի կազմում Արտակը տեղափոխվել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջան (Թալիշի դիրքեր, այնուհետև՝ հյուսիսային մարտական դիրքեր)։

Ծառայակից ընկերներից Հենրիկը` նշում է, որ Արտակը շատ-շատ մարդկանցից տարբերվում էր իր մաքուր, բարի ու պարզ տեսակով։ Միասին ծառայել են Իջևանի զորամասի հրետանային դիվիզիոնում։ Հենրիկի մեջ առավել տպավորվել է այն փաստը, որ մարտական գործողությունների ժամանակ՝ թշնամուն շատ մեծ քանակությամբ վնաս է հասցվել Արտակի կրակից. «Որպես զինվոր՝ Արտակն իրեն դրսևորել է ամենալավ հատկանիշներով, հայ տղամարդուն բնորոշ։ Դեպքի օրը` հոկտեմբերի 8-ին, կրակում էին մեզ վրա ու սպաներից մեկը հարցրեց արդյո՞ք մարդ կա այդ կողմի վրա, որտեղ որ արկերն ընկան։ Մեր սպաներից Գրիգորյան Էդգարը վազեց այն կողմ՝ որտեղ Արտակն էր։ Արտակն արդեն վիրավոր էր, փորձել ենք հանել այդ տեղանքից, բայց չենք կարողացել, որովհետև ստացած վիրավորումը կյանքի հետ անհամատեղելի էր»։

Արտակ Ենոքյանը զոհվել է 2020թ.-ի հոկտեմբերի 8-ին։ Նրա աճյունը հանգչում է  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար, ՀՀ նախագահ Ա. Սարգսյանի հրամանագրով՝ Արտակ Սամվելի Ենոքյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։
2021թ.-ի նոյեմբերին՝ Շենգավիթի թիվ 46 դպրոցում բացվել է հայրենյաց զինվոր Արտակ Ենոքյանի անվան ընթերցասրահ:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան