Անմահ հերոս Արմեն Գասպարյան 

Արմեն Կառլենի Գասպարյանը (Մակիչ) ծնվել է 1974թ.-ի փետրվարի 3-ին՝ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում` ավարտելով 8-րդ դասարանը։ Նա տասնչորս տարեկանում տեղափոխվել է Կապան և ընդունվել Կապանի շինարարական տեխնիկում։

«Արմենը չի հասցրել ավարտել տեխնիկումը, քանի որ 14 տարեկանից՝ որպես կամավոր, անդամագրվել է Կապանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, ազատամարտիկ Համլետ Քոչարյանի ջոկատին և կռվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Այդ ջոկատում Արմենը եղել է տարիքով ամենափոքրը։ 1992թ.-ին ինքը պետք է գնար բանակ ու նրան պատերազմից «հանեցին», տարան բանակ, որպեսզի ինքը հակաօդային պաշտպանությունում ծառայի, բայց էլի զորամասից դուրս էր գալիս, գնում ու իրենց ջոկատի տղաների հետ մասնակցում էր կռիվներին։ 1992 թվականին բեկորային վիրավորում է ստացել»,-պատմում է Արմենի կինը՝ Մերին, հետո շարունակում. «Երբ Համլետ Քոչարյանը զոհվեց՝ զենքը փորձարկելու ժամանակ, նրա ջոկատը միացավ իմ հայրիկի` Սեյրան Բաղդասարյանի ջոկատին։ Հայրս Արցախյան ազատամարտում՝ Կապանի առաջին զոհն էր։ Մենք ապրում էինք Կապանում, երբ Արմենը եկավ հորս ջոկատ ու վիրավորվեց՝ այդ ժամանակ շտապ օգնությունը մեր շենքի կողքին էր, մայրիկս Արմենին բերեց մեր տուն, մի քանի օր խնամեցինք և այդպես սկսվեց մեր մտերմությունը, հետո սկսեցինք ընկերություն անել։ Իրեն Կապանում բոլորը Մակիչ գիտեին, շատ քչերն էին, որ իրեն Արմեն էին ասում։

Հարազատները պատմում են, որ գյուղում՝ դեռ մանկուց, Արմենը շատ է սիրել ավտոմատով խաղալ և այդպես «Զանգեզուր» հեռուստաֆիլմից, որում ասվում է՝ «Կրակի՛ր ու կրակի՛ր Մակիչ…», ստացել է այդ կեղծանունը։

Արմենի մանկության ընկերներից Շանթ Հովհաննիսյանն ասում է, որ իրենց համար մանկությունը շատ քաղցր հիշողություններ է թողել. «Հավատարմության, իրար օգնելու ինչքան ճիշտ արժեքներ կան՝ մենք փոխադարձ սովորել ենք մեկս մյուսից, շատ լավ տարիներ էին ու մեր ընկերությունը, այդ տարիների հիշողությունները մինչև հիմա ապրեցնում է մեզ։ Ընկերության մեջ ինքը առաջնորդ էր, կարծես շատ չափորոշիչներ ինքն էր դնում, իսկ մենք ընդունում էինք։ Հիշում եմ, որ ինքը մի սովորություն ուներ՝ զենքի մեջ ծաղիկ էր դնում։ Իր գիտակցության մեջ կար, որ ինքը խաղաղության մարտիկ է, գնում էր պատերազմ՝ խաղաղության համար և իմ կարծիքով զենքի մեջ ծաղիկ դնելը հենց դա էր խորհրդանշում»,- պատմում է Շանթն ու նշում, որ Արմենի տեսակն է հայերին այսօր պետք. «Շատ ուժեղ տեսակ էր ու բարձր էր բոլորիս համար, շփվող, անկեղծ, հավատարիմ էր։ Ուժեղ կամք ուներ և անարդարությունը չէր հանդուրժում»։

Պատերազմի օրերին, երբ Շանթը իմացել է, որ Արմենը մեկնել է առաջնագիծ, փորձել է կապվել նրա հետ, բայց չի ստացվել, քանի որ արդեն անցել է սահմանը և կապի խնդիր է առաջացրել։

«Ֆուտբոլ էր խաղում, շատ էր սիրում ֆուտբոլը, շատ սպորտային տղա էր ինքը։ Որպես ընտանիքի հայր՝ շատ հոգատար էր, բայց միևնույն ժամանակ խիստ էր ու պահանջկոտ»,- պատմում է Մերին և հիշում, որ ամուսինը՝ և՛ օրինակելի հայր է եղել իր երեխաների համար, և՛ օրինակելի տղա՝ իր ծնողների համար։

Արցախյան ազատամարտից հետո` Արմենը մի քանի տարի որպես սպա աշխատել է ՀՕՊ-ում, այնուհետև՝ առողջական խնդիրների պատճառով դուրս է եկել աշխատանքից։ Պատերազմի տարիներին ստացած բեկորային վնասվածը գլուխ է բարձրացրել, արդյունքում Արմեն Գասպարյանը պրոթեզավորվել է՝ անցնելով թոշակի։

Ապրիլյան պատերազմի հենց առաջին օրը՝ Գասպարյանը անմիջապես կամավորագրվել է, որպեսզի մեկնի ռազմաճակատ։ Կնոջ խոսքով՝ այդ հարցը քննարկելու առիթ անգամ չի եղել տանը, քանի որ վստահ էր, որ Մակիչը անպայման մեկնելու է և նույնիսկ զարմացել է, որ անմիջապես չի գնացել, սպասել է մինչև զանգեն։

Երեկոյան Արմենը պատրաստել է իրերը և արդեն լուսադեմին՝ մեկնել։ Այդ ընթացքում մշտապես զանգել է ընտանիքի անդամներին ու ասել, որ ամեն բան կարգին է և անհանգստանալու կարիք չկա։

Զոհվելու օրը` 2016թ.-ի ապրիլի 6- ին՝ ժամը 15։30-ին, զանգել է կնոջը։ Մերին ամուսնու ձայնից հասկացել է, որ տխուր է, հարցրել է, թե ինչ է պատահել, իսկ Արմենն ասել է, որ պարզապես հոգնած է, գիշերը չի քնել։ Արմենը ընտանիքից թաքցրել է իր գտնվելու վայրը. չեն իմացել որ Թալիշում է։

Արմեն Կառլենի Գասպարյանը զոհվել է ապրիլի 6-ին մարտական առաջադրանք կատարելիս։

Արմենը կենդանության օրոք արժանացել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանի, հետմահու Արցախի Հանրապետության «Արիություն» մեդալի։ Նրա աճյունը հանգչում է Կապանի եղբայրական պանթեոնում։

Ծառայության ընթացքում Գասպարյանը արժանցել է բազմաթիվ մեդալների, որոնցից են Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալը և «Հայաստանի երկրապահ» հուշամեդալը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան