Անմահ հերոս Մուշեղ Աբովյան

Մուշեղ Ժիրայրի Աբովյանը ծնվել է 1991թ.-ի հոկտեմբերի 12-ին՝ Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1998-2008թթ. սովորել է Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Նա երեք քրոջ միակ եղբայրն էր։
Մուշեղը մանկուց չափազանց ընկերասեր էր, բայց մի քիչ խռովկան. «Ինչքան էլ նեղված լիներ, երբեք չէր կիսվում, իրենից շատ մեծ դժվարությամբ էինք մի բան իմանում»,-պատմում են հարազատները։
2009-2011թթ.-ին Մուշեղը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի զորամասերից մեկում.
«Հադրութից եկավ ու անընդհատ ուզում էր աշխատել, որովհետև ինքը շատ աշխատասեր էր։ Շատ-շատ դրվագներ եմ հիշում իրենից, անընդհատ վազում էր ու վայրկյան չէր տևում, որ իրեն կանչում էին՝ ասում էր արագ գնամ։ Ամեն վայրկյան ինքը ուզում էր բոլորին օգնել, շատ խիզախ էր»,-պատմում է քույրը՝ Էմման ու շարունակում, որ փոքրուց ինքն ու Մուշեղը միշտ միասին են եղել. «Մաման մեր հետ չի ապրել, ես եմ միշտ իրեն մամա եղել, միշտ ես եմ իր մասին հոգ տարել, ինքը սովորել էր ինձ, հետո, որ ես ամուսնացա՝ ինքը շատ էր տանջվում։ Շաբաթ-կիրակի օրերին միշտ գալիս էր մեր տուն ու ասում էր՝ ի՞նչ կլինի, թող մի հատ ձեռքերդ կպչեն իմ շորերին»։
Աշխատելու հետ մեկտեղ՝ Մուշեղ Աբովյանը սեփական ուժերով ընդունվել է Հյուսիսային համալսարան, քանի որ բարձրագույն կրթության դիպլոմ էր ուզում ունենալ ու հետո՝ որպես սպա ծառայել հայրենիքին։
Մուշեղը 2014թ.-ից պայմանագրահին զինվորական ծառայության է անցել ՀՀ Զինված ուժերում։ Նա դիրքի ավագ էր ու Տավուշի մարզի Բերդավան գյուղի դիրքերն էր հսկում։
«Քանի որ ես մեր տան փոքրն էի ու մեր տարիքային տարբերությունը բավականին մեծ էր, միշտ ավելի շատ են ինձ ուշադրություն դարձրել ու ինքը ինձ համար մեծ եղբորից բացի՝ որպես ծնող է ծառայել ու չափազանց ուշադիր է եղել իմ նկատմամբ, իմ հենարանն է եղել»,- պատմում է Անահիտը՝ Մուշեղի փոքր քույրը ու շարունակում. «Ես կատու ունեի, որին փոքրուց շատ եմ սիրում ու արդեն ութ տարի պահում էի, շատ կապված էի ու երբ կատուս էլ չկար, Մուշեղն այդ մասին գիտեր, բայց ինձ չէր ասում, որ ես չնեղվեմ։ Երբ իմացա ու զանգեցի եղբորս՝ ասաց Անուլս, մի՛ նեղվիր, ես քեզ համար ավելի լավը կգտնեմ։
Մուշեղը հաջորդ օրը պետք է բարձրանար դիրքեր։ Բարձրացել էր ու այսօրվա պես հիշում եմ այդ նկարը, որ դիրքերում ինչքան կատու կար՝ մի շարքով կանգնեցրել էր, նկարել ու ինձ էր ուղարկել, որ ընտրեմ ու բերի ինձ համար։ Ես ընտրել էի ամենաչարաճճիին։ Մուշեղն ամբողջ դիրքերով այդ կատվի հետևից վազվզել է, հետ գալուց հետը բերել ինձ համար ու այդ փիսոն մինչև հիմա ինձ հետ է, չափից ավելի կապված եմ նրա հետ ու ոնց որ Մուշեղին հիշեցնի։ Ուզում եմ ասել, որ ինքն ամեն ինչով փորձում էր իր հարազատներին ուրախացնել, այնպես անել, որ փոքր բաներից չնեղվեն»։
Մուշեղի մեծ քույրը՝ Տաթևը պատմում է, որ եղբոր հետ միշտ կռվում ու ասում էր մի՛ գնա դիրքեր, փոխի՛ր աշխատանքդ, իսկ Մուշեղը բարկանում էր, ասում էր՝ «Տաթուշ, պատկերացնում ես, որ բոլոր քույրիկները քո նման մտածեն, բա մեր հայրենիքը ո՞վ է պահելու»։
Տաթևի խոսքով՝ Մուշեղը սիրում էր հայրենի հող ու ջրի ամեն մի թուփը. «Ասում էր, որ ամեն ինչ անելու է ու չի թողնելու թուրքի ոտքը մեր հող մտնի, թուրքը պիտի մեզնից վախենա և եթե պետք լինի, ինքը պատրաստ է անգամ կյանքը տալ հանուն այդ նպատակի»։
Մուշեղ Ժիրայրի Աբովյանը 2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով, դեմքի շրջանում հրազենային վնասվածք է ստանում և զոհվում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի Աբովյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: