Անմահ հերոս Վահագն Էլոյան

Վահագն Ջոնիկի Էլոյանը ծնվել է 1992թ.-ի դեկտեմբերի 22-ին՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։  1999թ.-ից մինչև հինգերորդ  դասարանը սովորել է Գյումրու թիվ 37 դպրոցում, այնուհետև տեղափոխվելով Երևան` սովորել է Երևանի թիվ 146 դպրոցում մինչև 2009թ.-ը։ Դպրոցական տարիներին հինգ տարի զբաղվել է բռնցքամարտով, մասնակցել բազմաթիվ  մրցումների։

«Ես իրենից  հինգ տարի փոքր եմ եղել, բայց շատ կապված ենք եղել իրար հետ, Վահագս  խելոք էր, շատ հարգանքով էր ու ուշադիր բոլորիս նկատմամբ, սիրում էր խոհարարությամբ զբաղվել։ Երբեք չէր պարծենում իր արած գործերով, շատ համեստ, ազնիվ  մարդկային տեսակ էր ու լավ եղբայր»- հիշում է ազգականներից Աննան։

Դպրոցն ավարտելուց հետո` 2009թ.-ի հունիսին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտել է 2013թ.-ին։ Սովորելու տարիներին՝ որպես լավագույն կուրսանտ ստացել է պատվոգրեր։ Փորձաշրջանն անցկացրել է  «Եղնիկներ» հայտնի զորամասում։

Դեռևս սովորելու տարիներին՝ Վահագնը  արդեն իսկ որոշել էր, որ ծառայությունը պետք է շարունակի Արցախի Հանրապետությունում։  Ինքնակամ դիմում է գրել և դիմումի համաձայն` 2013թ.-ին, ուսումն ավարտելուց հետո, ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության  Հադրութի շրջանի զորամասերից մեկում՝ որպես դասակի հրամանատար, իրականացնելով մարտական հերթապահություն։

«Էլոյանի հետ ծանոթացել ենք 2014թ.-ի հունիսին ՝Հադրութի զորամասում։ Ես տեղափոխվել եմ մարտական հերթապահություն իրականացնելու, ինքը եղել է դասակի հրամանատար, իսկ ես դասակի հրամանատարի տեղակալ, մեկ տարի ու վեց ամիս ծառայել ենք միասին։ Էլոյանը շատ բարի անձնավորություն էր, ընկերասեր  և հոգատար սպա էր։ Ինչպես, որ նվիրված էր հայրենիքին` այդպես էլ նվիրված էր իր ընտանիքին, միշտ մայրիկին նվերներ էր անում։ Որպես  ծառայակից ընկեր՝ անվախ էր, պատրաստ էր զինվորի համար անել այն ամենն ինչ կաներ իր համար։ Չէր ծխում, բայց միշտ իր զինվորների համար ծխախոտ էր պահում»,- պատմում է ծառայակից ընկերներից Սարգիսն ու շարունակում. «Հիշում եմ, մեզ մոտ մի անգամ հետախույզներ էին եկել, գիշերները ուժեղացված ծառայություն էինք իրականացնում և հիմնականում երկուսով նույն  դիրքերում էինք լինում։ Հունվար ամիսն էր, ձյունը շատ էր և թշնամին դիվերսիոն  հարձակման փորձ էր ուզում անել, առաջինը ինքը նկատեց, երկու ձեռքով  հրեց, որպեսզի ընկնեմ խրամատի մեջ ու ինձ  վնաս չլինի»։

Զինվորական կյանքից ու մասնավորապես իր ծառայությունից Վահագնը ոչ մի բան չէր պատմում հարազատներին. «Շատ քչախոս էր, իր ծառայությունից մեզ պատմել են իր ծառայակից ընկերները։ Զինվորների կարծիքով՝ Վահագնը ոչ թե նրանց համար եղել է ուղղակի հրամանատար, այլ նրանց վերաբերվել է՝ որպես ընկեր, որպես հայր։ Նրա հսկողության տակ է գտնվել յոթ դիրք և մինչ զինվորներն  առավոտյան արթնացել են, հրամանատարն արդեն հասցրել է արթնանալ և շրջել բոլոր դիրքերով` ստուգելու համար ամեն բան կարգին է, թե՞ ոչ»,- ասում է  Աննան։

Վահագնը մասնակցել է 2016թ.-ի ապրիլյան պատերազմին։ Ընկնելով շրջափակման մեջ ՝ հետ չի նահանջել և դիրքը չի հանձնել հակառակորդին, ունեցել է ընդամենը մեկ վիրավոր և ոչ մի զոհ։ Ընկերը՝ Արմանը, պատմում է մի նկարի պատմություն, որը նկարվել է ապրիլյանի ժամանակ. «2016 թ.-ի ապրիլի երեքն էր, ժամը՝ 14։15։ Հակառակորդի կողմից կրակված երեք փամփուշտ անցավ մեր արանքով, մի պահ լուռ նայեցինք իրար, այնուհետև սկսեցինք խնդալ, ասաց՝ «Ապեր, արի՛ նկարվենք, էս պահն անմահացնենք, ամեն անգամ տենց բախտ չի վիճակվելու…»։

Վահագնի մարտական դիրքերից մեկում՝ զինվորներին հանձնարարված է եղել պարկերով փակել այն մասը, որը բացված է եղել նախորդ օրվա անձրևի հետևանքով և խոցելի թշնամու կողմից. «Քանի որ այդ խրամաբջիջը մշտապես դիտարկվել է հակառակոդի կողմից և հանդիսացել է խիստ վտանգավոր, Վահագը չի թողել, որպեսզի զինվորները անեն և նա ինքն է որոշել կատարել այդ առաջադրանքը՝ վտանգելով իր իսկ կյանքը և անմահանալով դիպուկահարի դավադիր գնդակից»,-պատմում է ազգականը։

Վահագն Ջոնիկի Էլոյանը զոհվել է 2018 թվականի հունիսի 10-ին։ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած կամային բարձր որակների, ներդրած ավանդի և անմնացորդ նվիրումի համար` հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 

Մանե Մանուկյան