Սպարտակ Առաքելի Հակոբյան

Ծնված՝ 1950թ․ դեկտեմբերի 3-ին Շուշվա շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Եղծահող գյուղում։

Ապրում էր կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ Ստեփանակերտում։

Աշխատում էր Ասկերանի քարհանքում որպես բանվոր։

Զոհվել է 1989թ․ հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտում սովետական բանակի զինվորի գնդակից։

Թաղված է Ստեփանակերտի գերեզմանոցում։

Ծանր էր աշխատանքը քարհանքում։ Տուն էր գալիս «հաց ծամելուց ընկած» ու հուսահատ․ «մարդ էլ ամբողջ կյանքում մեջքը ծռած աշխատի ու չկարողանա իր հողում, իր տան մեջ հանգիստ միկտոր հաց ուտել, էս ի՞նչ անեծք է, ի՞նչ արհավիրք, ի՞նչ աստված․․․»։

Քարհանքում նաև վտանգավոր էր։ Ինքը վախենում էր և չգիտեինք ինչու համոզված էր, որ իր հետ կկատարվի այն, ինչը կատարվեց։ Միայն թե չգիտեր, թե որտեղ, երբ։ Վախն ու դարդն էլ իր համար չէր։ Երեխաների մասին էր մտածում, մոր ու հարյուր տասնյոթամյա տատի։

Գիտեր, որ անկախությունը զոհեր է պահանջում ու կորուստներ, բայց և մեծ ցավ էր ապրում, երբ զոհվում, կոտորվում էին բոլորովին անմեղ մարդիկ, երեխաներ, կանայք։ Վախենում էր ծննդավայրի՝ Բերդաձորի համար։ Վախենում էր, որ․․․

Սիրում և անհրաժեշտ էր համարում մեր ավագ որդու՝ Վարդանի հետ լրջորեն զրուցել լուրջ-լուրջ հարցերից։ Նրա համար շատ կարևոր էր իմանալ, թե մեր երեխաներն ու ընդհանրապես նոր սերունդը ոնց է գնահատում այս թոհուբոհը։

Ցավում ու ափսոսում էր, որ մենք ապրել ենք գաղութային վիճակում, ամբողջ կյանքում մեջքը ծռած աշխատել ու այսօր էլ չենք կարողանում մեր հողում, մեր տան մեջ հանիգստ մի կտոր հաց ուտել։

Ուզում էր անպայման իր երեխաներին տեսնել հասունացած ու ազգային ազատագրական պայքարը շարունակող։ Աշխատում էր հնարավորին չափ նվազեցնել նրանց բաշին դժվարություններն ու զրկանքները։ Վարդանիս համար տան շինարարություն էր սկսել․․․

Ես փոքրուց ճաշակել եմ որբության դառը պտուղը ու թշնամուս չեմ ցանկանում այն։

․․․Երեկոյան տուն եկավ էլի հոգնած ու մտատանջ․ Շուշիից դուրս եկած զինվորական ավտոշարասյունը մտել էր Ստեփանակերտ։ Բոլորը տագնապած ինչ-որ վատ բանի էին սպասում։ Էլ երկար-բարակ չմտածեց․ «Որտեղ տղերքը՝ այնտեղ էլ ես» ու դուրս թռավ շարասյունը «դիմավորելու․․․»

Թշնամու երեխան թող չորբանա․․․

Մեր փոքրը՝ Վահրամը մինչև ուշ գիշեր դեռ շարունակում է սպասել հորը։ Չի կարողանում քնել։ Հոր կարոտից հաճախ տաքությունն է բարձրանում․ «բա ինչո՞ւ, որ մյուսները վիրավորվում են, կենդանի են մնում ու տուն են գալիս․․․»։

Այրի՝ Սպարտակ Հակոբյանի