Անդրանիկ Համազասպի Մարտիրոսյան

Ծնված՝ 1950թ․ օգոստոսի 13-ին Գորիսում։
Ապրում էրկնոջ և երեք անչափահաս երեխաների հետ Գորիսում։
Մասնագիտությունը՝ փականագործ։
Աշխատում էր Գորիսի գազի վթարային վարչությունում որպես փականագործ։
Մասնակցել է Կոռնիձորի պաշտպանությանը։
Զոհվել է 1989թ․ սեպտեմբերի 20-ին Գորիսում՝ ինքնաշեն պաշտպանական միջոցներ փորձարկելիս։
Թաղված է Գորիսի գերեզմանոցում։
Հիմնականում դրսում էր։ Տուն էր գալիս ժամանակ առ ժամանակ՝ երեխաների կարոտից։ Անբաժանելիորեն կապված էր նրանց հետ, բայց պատրաստ էր նաև նրանց կորցնել հանուն հայրենանվեր գործի։
Պատրաստ էր ամեն ինչի։ Մենք պատրաստ չէինք նրա կորստին։ Բոլորիցս շատ էր անձնազոհ, բոլորիցս շատ էր հոգնած, բոլորիցս ավելի էր պետք մեր շարժմանը, ինքնապաշտպանության գործին՝ նաև Արցախում։ Բոլորիցս շատ էր երազում Արցախը Հայաստանին վերամիավորված տեսնել։ Կատակով նրան մեր շարժման շարժիչ էինք կոչում։ Դեմ էր՝ բոլորիցս շատ էր համեստ։
Կբեռներ, կբեռնաթափեր, կճարեր, կօգներ, կձուլեր, գողացված անասուններ ետ կվերադարձներ, երկրաշարժի գոտում մարդ կփրկեր, հագուստ և սնունդ կհասցներ, օրերով՝ որբերի կողքին, առաջին գծում կլիներ, Արցախում, Գետաշենում, Կոռնիձորում, սահմանամերձ վտանգավոր այլ կետերում։ Ամեն տեղ էր, բայց իրեն թվում էր, թե ոչինչ չի հասցնում անել։ Պատրաստ էր օգնել բոլորին՝ անկախ «կազմակերպության պատկանելիությունից»։
Այլևս անհնար էր նրան կանգնեցնել։ Մի անգամ ձեռքից ծանր վիրավորվել էր արդեն։ Ավելորդ էր համոզելը, որ դադար առնի։
Այդ օրը գրեթե ուժասպառ տուն գնաց։ Մի քանի գիշեր աչք չէր փակել։ Շատ չանցած նրա կարիքը նորից խիստ զգացվեց։ Միշտ էր այդպես։ Արթնացավ առաջին իսկ կանչից ու գործի անցավ։ Ժամանակ չկար անվտանգության մասին մտածելու, իր անվտանգության՝ միայն թե ընկերներին ոչինչ չպատահի։
Այդպես էր միշտ, այդպես եղավ և այդ օրը․․․ Նույնիսկ արդեն մահամերձ՝ ինքն էր բոլորին հանգստացնում և ոգևորում․․․
Զինակից գործընկերներ՝ Անդրանիկ Մարտիրոսյանի
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: