Լեոնիդ Մկրտիչի Ղուկասյան

Ծնված՝ 1945 թ․ հունվարի 22-ին Գորիսի շրջանի Հարժիս գյուղում։

Ապրում էր կնոջ և չորս երեխաների հետ Հարժիսում։

Աշխատում էր գյուղում որպես հովիվ։

Զոհվել է 1989թ․ օգոստոսի 6-ին՝  դարանակալ թշնամու գնդակից։

Թաղված է Հարժիսի գերեզմանոցում։

 

Հորս թաղմանը չկարողացա մասնակցել։ Ծառայության մեջ էի՝ Վլադիվոստոկում։ Հասա միայն հուղարկավորության հաջորդ օրը։ Ծառայությանս ութերորդ ամիսն էր լրացել, նախորդ օրը ստացել էի հորս վերջին նամակը, որտեղ հայրս ոգևորված գրում էր, որ մեր շրջանային «զանգեզուր» թերթում իմ մասին են գրել որպես լավ զինվորի։ Հպարտ էր և չէր թաքցնում, որ իր միակ որդին այդպես փայլուն ծառայում է «Կարմիր բանակում», մյուս կողմից էլ ինձ հետ հավասար, ինձանից էլ անհամբեր վերադարձիս օրերն էր հաշվում։ Ինքն անվախ էր ու քաջ և ուրախ էր՝ ինձ էլ այդպես տեսնել։

Ծառայությանս ութերորդ ամիսն էր։ Հերթական անգամ շարունակում էի այդ նամակը վերընթերցել, դեռ ստանալու հաջորդ օրն էլ, երբ հեռագիր ստացա նրա մահվան մասին․․․

Տուն չմտա, ուղիղ գնացի գյուղի գերեզմանոց։ Նրան Քելբաջարի կողմի թուրքերն էին սպանել, որոնցից երբեք չի վախեցել, որոնցից շատերը հորս հետ աղ ու հաց էին կերել։

Այդ գիշեր հայրս մեր գյուղացիներից մի քանիսի հետ գյուղի անասուններն են պահել։ Շնորի անհանգիստ հաչոցի վրա դուրս է թռել իր վրանից։ Մենակ։ Մյուսները կողքի վրանում շարունակել են իրենց զվարճանքն ու զրույցը։

Վրանից դուրս գալուն պես թուրքերրը հորս մահացու վիրավորել են և քշել ոչխարի հոտը։ Մենակ, արյունաքամ լինելով, գնացել է հոտի հետևից, որ հետ վերադարձնի, քշված 197 գլուխ ոչխարը։ Մենակ։ Հետո, երբ ուժերը դավաճանել են, վերջին պահին նորից ձայն է տվել ընկերներին․ «Այ նամարդ տղերք, ախր ոչխարը տարան, հասե՜ք․․․»։

Ոչ ոք դուրս չի եկել օգնության․․․

․․․ Հորս գտել էին արյան հետքերով, վրաններից բավականին հեռու, արյունաքամ։ Մենակ։

Որդի՝ Լեոնիդ Ղուկասյանի