Ստյոպա Շիլլերի Գրիգորյան

Ծնված 1962թ․ հունվարի 9-ին Վարդենիսում։

Ապրում էր ծնողների, քրոջ և եղբոր հետ հետ Վարդենիսում։

Մասնագիտությունը՝ ժամագործ։

Մասնակցել է Վարդենիսի ինքնապաշտպանական գործողություններին։

Զոհվել է 1989թ․ փետրվարի 9-ին Վարդենիսում՝ ինքնաշեն պաշտպանական միջոցներ փորձարկելիս։

Թաղված է Վարդենիսի գերեզմանոցում։

 

Ով կսպասեր, ո՞վ կմտածեր։ Ինքը՝ հաստատ ոչ։ Այնքան եռուն, այնքան փոթորկուն էր։ Ով կպատկերացներ այդ փոթորիկի մեկեն կանգը։

Մայրը երազում էր թոռնիկներ ունենալ, որ նրանց պատմի իրենց հոր՝ Ստեփանի չարաճճի մանկությունը, թե ինչպես նոր-նոր քայլել սովորած, տան բարձերը կամ հյուրերի կոշիկները քաշքշելով հասցնում էր առվի ափ ու գցում ջուրը, իր արածից գոհ՝ զրնգուն ծիծաղում, միաժամանակ հետն էլ զարմանում իր արածի վրա։

Վեց տարեկան էր՝ դպրոց գնաց։

Քսանվեց տարեկան էր, երբ ինքուրույն մտավ մեկ այլ դպրոց՝ ազգային զարթոնքի, համազգային շարժման, ազգային ազատագրական պայքարի դպրոցը, բայց չավարտեց։ Մի դաս լավ էր սերտել․ «․․․ Էլ ինչո՞ւ ենք ապրում, որ թշնամու գնդակը պետք է խոցոտի մեր լեռները»։

Ամենավտանգավոր տեղում կհերթապահեր, վտանգի դեպքում ճիշտ և արագ կկողմնորոշվեր, նախ՝ ընկերոջ ապահովության մասին կմտածեր։ Ամենատագնապալի գիշերները նույնիսկ լուսացնում էինք՝ նրա հումորից ու կատակներից չբավարարված։

Սակայն միայն ոգով ու բազուկներով հայրենիք չես պահի։ Պաշտպանական միջոցներ էին պետք։ Եթե մենք էլ թշնամու պես քանդեինք մեր պետական սահմանները և դրսից զենք ստանայինք, նա էլ իր նման շատերի հետ չէր լծվի սեփական ուժերով դրանց ստեղծմանը, կշարունակեր պայքարը, կավարտեր իր երկրորդ՝ ազգային ազատագրական պայքարի դպրոցը, կյանքի սանութերորդ գարունը կդիմավորեր, ծանր վիրավոր՝ շարունակ չէր կրկնի․ «Ափսոս, մնացի անժառանգ», իսկ մայրը․․․ մայրը երրորդ անգամ չէր դառնա որդեկորույս․․․

Սխալվում էր՝ անժառանգ չմնաց։ Իսկ նրա քաջ ոգին ու գործը ժառանգողնե՞րը, շիրիմին երդվողնե՞րը․․․

Զինակից հայրենակիցներ՝ Ստյոպա Գրիգորյանի