Խաչիկ Զաքարի Զաքարյանի

Ծնված 1966թ․ մայիսի 11-ին երևանում։

Ապրում էր ծնողների, երկու եղբայրների հետ Երևանում։

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող՝ միաժամանակ աշխատում էր Երևանի 6-րդ հացի գործարանում որպես բանվոր։

Զոհվել է 1988է․ հուլիսի 5-ին Զվարթնոց օդակայանի մերձակայքում սովետական բանակի զինվորի գնդակից։

Թաղված է Երևանում, Շահումյանի գերեզմանոցում։

Շատ էր փափագում Մուսա լեռ գնալ, ուր կռվել էր պապը։ Մուսալեռցի տատն ու պապը նրա համար սրբություն էին, քանի որ ապրել էին այնտեղ և ամենավերջինը թողել հայրենիքը։

Պապը նրան իր նահատակված եղբոր անունն էր դրել, հետն էլ միայն մուսալեռցու բարբառով էր խոսում ու ֆիդայական երգեր սովորեցնում։

Բանակից վերադարձավ, շատ բան էր փոխվել։ Պապն ու տատը չկային։ Ամեն ինչ դատարկվեց ու իմաստազրկվեց միանգամից։ Իսկ Մուսա լե՞ռը․․․

Անտրամադիր էր, անգործ, անհավատ։ Հետո գտավ Թատերական հրապարակը։ Այնտեղ և՛ Մուսա լեռ կար, և՛ գործ, և՛ հավատ։

Մեծ եղբորը հանդիմանում էր․«Ի՞նչ ես կորցրել էդ Մոսկվայում, ինչու՞ ես այնտեղ ապրում։ Պետք է գաս, պետք է բոլորը գան, պետք է միասին լինենք»։

Տուն-տեղ, ինքն իրեն մոռացել էր։

Միտինգ, նստացույց, երթ, միտինգ․․․ լուսանկարչական ապարատ։

Հուլիսի 5, «Զվարթնոց» օդակայան։ Սովետական բանակի բիրտ ուժ։ Խառնաշփոթ ժողովուրդ։ Վիրավորներ։ Խաչիկ Զաքարյան։ Լուսանկարչական ապարատ․․․

Տանը նստած նրան էինք սպասում։

Դռան զանգը խփեցին։ Դուրս եկա․ վերադարձա ուշ գիշերին․․․ որդուս դիակի հետ։ Սգո թափոր։ գերեզմանոց, հետո երեկոյան նորից սգո երթ։ Սգո հավաք Լենինականում, քաղաքի կենտրոնում  դրված նրա նկարի մոտ սև թևկապներով պատվո պահակ։

Մայրը գրեթե լրիվ կորցրեց տեսողությունը։ Չէր թողնում, որ դրսի դուռը փակենք․ «Կարող է Խաչիկիս հարսնացուն անցնի, ներս մտնի»։ Այդպես էլ մեզ չծանոթացրեց նրա հետ։ պետք է նշանվեին, աղջիկը շինջոկատ գնաց, որոշեցին հետաձգել։

Հիմա արդեն դրսի դուռը փակում ենք։ Էլ չենք սպասում, թե ներս կմտնի․․․Ամուսնացել է։ Մենք Խաչիկին երկրորդ անգամ կորցրին։

Միտինգ։ Նստացույց։ Երթ։ Միտինգ․․․ Զվարթնոց օդակայան։ Խաչիկ Զաքարյան։ լուսանկարչական ապարատ․․․ Մուսա լեռ․․․ Թատերական հրապարակ․․․

Հայր՝ Խաչիկ Զաքարյանի