Անմահ հերոս Հակոբ Մարտիրոսյան

Հակոբ Արտաշեսի Մարտիրոսյանը (Բեկ) ծնվել է 1969թ.-ին` Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, զբաղվել է խոհարարությամբ։ 1991թ.-ի մարտին Հակոբը ընտանիք է կազմել և ունեցել 5 երեխա` 3 դուստր և 2 որդի։ Ծառայել է Ուկրաինայի Խարկով քաղաքում։

«Նվիրված, սիրալիր ամուսին էր, հոգատար հայր, իմ շրջապատում այդպիսի մարդու երբեք չեմ հանդիպել։ Իր երեխաների համար՝ ինքը լավագույն ընկեր էր, բոլորի հետ հավասար։ Յուրաքանչյուրին առանձնահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում»,-պատմում է կինը` Ժաննան։

Հակոբ Մարտիրոսյանը 1988թ.-ից մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Ծառայակից ընկերներից Ստյոպան ասում է, որ եթե բոլոր դրական հատկանիշներն էլ թվարկի` էլի քիչ կլինի Հակոբի մարդկային որակները նկարագրելու համար։ Հակոբն ու Ստյոպան ծանոթացել են 1980-ականներին, երբ նոր էին ստեղծվում ջոկատները։ Միասին ծառայել են «Ադանա» ջոկատում. «Հակոբն աննկարագրելի հայրենասեր էր։ 1990-ականներին միասին կռվել ենք Երասխում, Գորիսում, Նոյեմբերյանում։ 1991թ.- ից հետո ջոկատները լուծարվեցին, մեր ծառայակից ընկերներից շատերը շարունակեցին ծառայությունը, իսկ մենք՝ առողջական խնդիրների պատճառով չշարունակեցինք։ Որպես սասունցի՝ մենք իրեն 90-ականներից Ծուռ էինք ասում։

2016թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Հակոբը կանգնել էր բարձր քարի վրա, էդ պահին տղաները ասել էին՝ երկար արև Բեկին, ինքն էլ շարունակել էր` Աստված պահի զորքիս։ Դրանից հետո՝ արդեն Ծուռը փոխարինեցինք Բեկով»,- պատմում է Ստյոպան։

2016թ.-ի պատերազմի ժամանակ` լսելով պատերազմի լուրը, Հակոբը միանգամից կամավորագրվել և մեկնել է ռազմաճակատ։ Ստյոպան շատ լավ է հիշում, թե պատերազմի օրերին՝ ընկերն ինչպիսի հոգատարությամբ է վերաբերվել ռազմադաշտում գտնվող յուրաքանչյուր զինվորականի. «Շատ ուրախ, հավեսով, կողքի ընկերոջ մասին մտածող էր Հակոբը։ 2016թ.-ին մեծաթիվ երիտասարդներ կային մեզ հետ եկած, հետևներից գնում էր, որ հանկարծ մեկի մատը փուշ չմտնի։ Միշտ սուղ պահերին ինքն էր նետվում առաջ…»։

Հակոբի ազգականներից Էլենին՝ այսօրվա պես հիշում է քեռու զրնգուն ձայնը. «Հիշում եմ՝ միշտ զանգում էր մայրիկիս ու համոզում, որ գնամ գյուղ։ Ասում էր՝ այստեղ մաքուր օդ է, ի՞նչ կա ձեր քաղաքներում, թող երեխեն գա, հանգստանա։ Ամեն անգամ իմ գնալն իր համար տոն էր։ Ինքը մեղուներ էր պահում, իսկ մեղրն անմահական էր։ Կանչում էր մեզ, ցույց էր տալիս, բացատրում էր մեղր ստանալու ողջ ընթացքը։ Նաև շատ լավ եմ հիշում, որ գիտեր Մարտիրոսյանների գերդաստանի պատմությունը ու երեկոյան մեզ նստեցնում էր մինչև քնելը ու սկսում էր պատմել, թե որտեղից են եկել ու ինչ ծագում ունեն։ Շատ աշխատասեր էր ու չէր սիրում, որ իր կողքին որևէ մեկը առանց զբաղմունքի երկար ժամանակ մնում էր»։

Մինչև 2020թ.-ի Արցախյան քառասունչորսօրյա պատերազմ՝ ամռանը Էլենին, Հակոբենց տանն էր ու բազում հիշողություններ ունի. «Բերեց, ապրիլյանից նկարներ ցույց տվեց ու իմ աշխատանքի հետ պայմանավորված, որ դիրքեր էինք գնում, շատ էր հպարտանում ու ասում էր՝ դու ես իմ տղեն, քեզ եմ հետս կռիվ տանելու։ Ու մի անգամ էլ՝ գործ անելուց, ինչ-որ հայրենասիրական երգ էի երգում, էլի իր զրգուն, բարձր ձայնով ասաց, թե համազգեստդ պատրաստ պահի՛ր, որ քեզ հետս կռիվ եմ տանելու»։

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ նույնպես Հակոբ Մարտիրոսյանը կամավորագրվել և հոկտեմբերի 2-ին մեկնել է ռազմաճակատ։

«Ինքը մեզ ոչ մի բան չէր պատմում այնտեղից, միայն ասում էր, որ շատ աղոթենք, Աստծուն խնդրենք, որ խաղաղվի։ Նույնիսկ իր գտնվելու վայրը մեզ չէր ասում։ Երբ հարցնում էի, թե երբ է գալու, ասում էր` մինչև չվերջանա ես տուն չեմ գա, այս երիտասարդ տղաներին ու՞ր թողնեմ ու գամ։ Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 12-ի առավոտյան։ Ասաց` Ձեզ բոլորիդ շատ եմ սիրում, երևի իր սիրտը վկայում էր, կարծես հրաժեշտ տար»,- ասում է կինը` Ժաննան։

Հակոբ Արտաշեսի Մարտիրոսյանը զոհվել է 2020թ.-ի հոկտեմբերի 13-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից` Ջրականում (Մեխակավան)։ Նրա աճյունը հանգչում է հայրենի Սևաբերդ գյուղի ընտանեկան գերեզմանատանը։

Բացառիկ քաջության, կամային բարձր որակների և անձնուրաց ծառայության համար` Հակոբ Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան