Անմահ հերոս Գարուշ Համբարձումյան
2020թ.-ի հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, հակառակորդի հերթական սադրանքի արդյունքում, ծավալվեցին մարտական գործողություններ։ Հուլիսյան մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ՝ երկու սպա` մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը, երկու ժամկետային զինծառայող՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Ժամկետային զինծառայող շարքային Արթուր Մուրադյանը գործողությունների ընթացքում վիրավորվեց, իսկ ավելի ուշ՝ հուլիսի 14-ին մահացավ ստացած վիրավորումից։ Հուլիսի 27-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից՝ նույն հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, զոհվեց նաև ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող՝ կապիտան Աշոտ Միքայելյանը։
Գարուշ Վեմիրի Համբարձումյանը ծնվել է 1989թ.-ի հուլիսի 9-ին՝ Վարդենիսի շրջանի Լուսակունք գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է հենց Լուսակունքի դպրոցում, այնուհետև ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան (սակրավորի մասնագիտությամբ) և ստացել է լեյտենանտի կոչում։
«Գարուշը շատ ճարպիկ էր, աշխույժ, սիրված էր բոլորի` հատկապես մանկավարժների կողմից։ Ուր գնացել է՝ իրեն սիրել են, հարգանք է ավելացրել ամեն տեղից։ Սիրում էր ֆուտբոլը, ընկերների հետ շատ էր խաղում»,- ասում է մայրը` տիկին Նարգիզը։
Գարուշի եղբայրը՝ Էդգարը, պատմում է, որ ծնողները համաձայն չէին, որ իրենց որդին զինվորկանի մասնագիտությունն ընտրի. «Մի քանի տարի տարբեր առարկաներ պարապեց, որ ընդունվի համալսարան, բայց վերջին պահին փոշմանեց և հայտ ներկայացրեց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորի։ Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի անցավ Վանաձորի 3-րդ համազորային կորպուսում` ծառայելով տասը տարի։ Դրանից հետո տեղափոխվեց Բերդի շրջան`(չորս տարի էլ Մեհրաբի զորամասում է ծառայել) որպես ինժեներասակրավորային վաշտի ծառայության պետ։ Կոչումով մայոր էր։ Ես իր ծառայությունը տեսել եմ վաշտի հրամանատար եղած ժամանակ։ Ես նույնպես զինվորական եմ եղել, շուտ-շուտ էի գնում իր տուն։ Ես գծագրությունից լավ էի ու հիշում եմ, թե ոնց էինք ամբողջ գիշեր նստում ու միասին քարտեզագրում անում։ Զգացել եմ հարգանքը իր զինվորների նկատմամբ, ինչպես նաև՝ զինվորի հարգանքը իր հանդեպ։ Մի ընտանիքի պես են եղել»,- պատմում է Էդգարն ու շարունակում, որ 2013թ.-ին՝ ականապատման աշխատանքներ իրականացնելու ժամանակ ական էր պայթել ու Գարուշը ծանր վիրավորում էր ստացել. «Եղբորս դեմքն էր այրվել, բայց երկարատև բուժում ստանալուց հետո՝ նորից շարունակեց իր աշխատանքը։ Անգամ այդպիսի ծանր վիճակում, երբ տեսել է զորքին խուճապի մատնված՝ հավաքել է մեկտեղ, մինչև որ համապատասխան օգնություն են ցուցաբերել իրեն»։
2016թ.-ին Գարուշ Համբարձումյանն ընդգրկված է եղել ՀՀ զինված ուժերի լավագույն սպաների ու հրամանատարների ցանկում։
«Գարուշն ընտանիքին նվիրված մարդ էր, ուշադիր ծնող էր, որ աշխատանքից տուն էր վերադառնում` փորձում էր աշխատանքը տուն չբերել։ Փոքր երեխաս ծնվեց` իր զոհվելու դեպքից մի քանի ամիս առաջ ու չհասցրեց հորը ճանաչել»,- պատմում է մայորի կինը՝ Աննան ու շարունակում, որ մեծ տղան յոթ տարեկան էր և շատ կապված էր հայրիկի հետ. «Մինչև հիմա էլ շատ ամուր զգում է այդ կապը ու շատ ծանր է տանում հոր կորուստը։ Այդ յոթ տարիները, որ հասցրել է ճանաչել իր հորը՝ ես համոզված եմ, որ դա իր համար օրինակ կլինի, թե նա հետագայում ինչպիսի ծնող պետք է լինի իր երեխաների համար»։
Կնոջ խոսքով՝ Գարուշը շատ բանիմաց ու խելացի սպա էր, բացի այդ նա ամեն ինչ անում էր, որ իրենց ընտանիքում իշխեր սեր, համերաշխություն ու հոգատարություն։
«Ինքը մեզ համար հոյակապ սպա է եղել, ընտիր մարդ էր թե՛ ծառայողական, թե՛ անձնական տեսանկյունից։ Իր զինվորները, ոնց որ իր համար երեխա լինեին։ 2017-2020թթ.-ին միասին ենք ծառայել։ Դեպքի օրն էլ իր տրամադրությունը շատ լավ էր, մեզ հրաման տվեցին, որ դուրս գանք այդ տեղանքից, որպեսզի համապատասխան զիմամթերքը տեղափոխենք մեկ այլ հատված, իսկ ինքը մնաց, որ շարունակի իր աշխատանքը։ Մենք դատարկելու էինք զինամթերքը նշված վայրում և հետ էինք գալու, քանի որ 2-3 կմ էր ընդամենը հեռու։ Մեզ բարի ծառայություն, անփորձանք երթևեկություն մաղթեց։ Արդեն ճանապարհին էինք, երբ լսեցինք, որ էլ ինքը չկա…»,- պատմում է ծառայակից ընկերը։
Եղբոր՝ Էդգարի խոսքով, ծառայակից ընկերները շատ անգամներ են պատմել, որ այն դիրքը՝ որտեղ, որ ծառայել են, Գարուշի մատներով է սարքվել։ Մի քանի տարվա մեջ հինգ հազար հատ ական է տեղադրել.
«Դեպքի օրը՝ հուլիսի 14-ին, դիրքերից մայոր Գարուշ Համբարձումյանն ու կապիտան Սոս Էլբակյանը միասին իջել են զինամթերքի պահեստ, որպեսզի համապատասխան զինամթերքով ապահովեն զորքին։ Զինվորներից երկուսը պահեստում են եղել, մյուս երկուսը՝ մեքենայի մեջ։ Եվ հենց այդ պահին էլ՝ ժամը 01։30-ի սահմաններում, թշնամու անօդաչու թռչող սարքը հայտնաբերել է նրանց գտնվելու վայրը, թիրախային հարված հասցրել, ինչի արդյուքնում էլ զոհվել են։ Առաջին հարվածի ժամանակ Գարուշը վիրավորում չի ստացել, փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորում ստացած մյուս զինծառայողներին, սակայն ԱԹՍ-ի երկրորդ հարվածը եղել է զինապահեստի և ավտոմեքենայի միջև ընկած տարածությունում, որի հետևանքով էլ տղերքը զոհվել են։ Հիշում եմ՝ ասում էր, որ սակրավորը սխալվում է մեկ անգամ…»։
Աննան ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հուլիսի 14-ի առավոտյան. «Մենք՝ իր աշխատանքով պայմանավորված, երեք տարի ապրել ենք Տավուշի մարզի Այգեձոր գյուղում։ Կռվի ժամանակ ուզում էր տարհանել մեզ, ամեն ինչ անում էր, որ դուրս գայինք, բայց ես պայքարեցի, ասեցի, որ մենք այդտեղից միայն միասին կգնանք։ Այդ կերպ փորձում էի թիկունքից ուժ տալ իրեն ու միշտ զգուշացնում էի, որ ինչքան էլ պատերազմական իրավիճակներ ստեղծվեն`երեխաներիս հետ միասին իրեն ենք սպասում։ Խոսելուց հետո` ժամը մեկին մոտ էր, ամբողջ գյուղը պայթյունի ձայնից դղրդաց, էդ ժամանակ էլ պայթեցրել են իրենց պահեստը։ Ինչքան զանգում էինք չէր պատասխանում ու արդեն մի քանի ժամ անց՝ համացանցից իմացանք չարաբաստիկ լուրը։ Վերջին անգամ հուլիսի 13-ին եկավ տուն, արագ մի քանի անհրաժեշտ իրեր վերցրեց ու այնպիսի տպավորություն էր՝ կարծես հրաժեշտ էր տալիս։ Բոլորիս գրկեց, համբուրեց, վերջում կանգնեց դռան մոտ ու հեռվից նայեց փոքրիկ բալիկիս, որը քնած էր օրորոցում։ Նայեց ու ուրախ գնաց…»։
Գարուշ Համբարձումյանը զոհվել է 2020թ.-ի հուլիսի 14-ին` հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում։
Մայոր Համբարձումյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ հայրենիքին մատուցած նշանակալի ծառայության համար հետմահու պարգևատրվել է «Հայրենքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Մայոր Գարուշ Համբարձումյանի աճյունը հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: