Անմահ հերոս Գրիշա Մաթևոսյան

2020թ.-ի հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, հակառակորդի հերթական սադրանքի արդյունքում, ծավալվեցին մարտական գործողություններ։ Հուլիսյան մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ՝ երկու սպա` մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը, երկու ժամկետային զինծառայող՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Ժամկետային զինծառայող շարքային Արթուր Մուրադյանը գործողությունների ընթացքում վիրավորվեց, իսկ ավելի ուշ՝ հուլիսի 14-ին մահացավ ստացած վիրավորումից։ Հուլիսի 27-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից՝ նույն հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, զոհվեց նաև ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող՝ կապիտան Աշոտ Միքայելյանը։

Գրիշա Վահանի Մաթևոսյանը ծնվել է 2000թ.-ի ապրիլի 19-ին`Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի՝ Վուրգ Ոսկանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում։ Գերազանցությամբ ավարտելով դպրոցը` Գրիշան ընդունվել է ավագ դպրոց և առանձնահատուկ հետաքրքրասիրություն է ունեցել Նախնական զինվորական պատրաստություն առարկայի նկատմամբ։ 9-ից 12-րդ դասարաններում նա մասնակցել է ՆԶՊ-ի օլիմպիադաների։ Մարզային փուլում Գրիշան զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ հանրապետական օլիմպիադային մասնակցելով՝ ստացել է շնորհակալագիր։

«Դեռ դպրոցական տարիներից՝ ֆիզկուլտուրա առարկան շատ էր սիրում, Սիսիանի ֆուտբոլի հավաքականում էր խաղում և թիմի ավագն էր։ Իրենց թիմը տարբեր քաղաքներում բազում մրցանակների է արժանացել։ Երեխաները իրեն «ֆուտբոլի արքա» էին ասում։ Տղաս ակտիվ էր առույգ, շատ էր սիրում սպորտը, միշտ մարզվում էր, շատ ճարպիկ էր ու հենց փոքրուց էլ՝ հասուն էր իր տարիքից։ Այնքան ինքնուրույն էր, որ 4-րդ դասարանում գնացել էր շախմատի դպրոց, ինքն իրեն ընդունվել էր, մեզ զանգեցին ասացին, որ եկեք ստորագրեք` ձեր տղան ինքնուրույն ընդունվել է շախմատի դպրոց»,- պատմում է մայրը`Արմինեն։

Գրիշայի մանկության ընկերներից Էդիկը պատմում է, որ մանկուց ընտանիքներով մտերիմ են եղել, ապրել են նույն թաղամասում և երեք ընկերներով իրար հետ են միշտ եղել. «Նա միշտ դրական լիցքեր է հաղորդել բոլորիս, մեր հիշողություններում չկա այնպիսի մի պահ, որ ուրախ անցած չլինի։ Միշտ տարբերվող հումորներ էր անում, շատ կատակասեր էր։ Մենք իրարից մի քանի ամսվա տարբերությամբ ենք զորակոչվել բանակ, մշտապես կապ ենք պահել միմյանց հետ ու վերջին անգամ իրեն տեսել եմ 2020թ.-ի փետրվարին»,- հիշում է Էդիկը։

«Անզուգական հումոր ուներ, կենսուրախ էր, դեռ մանկուց այնպիսի հումորներ էր անում, որ միշտ ծիծաղում էինք»,- Էդիկի խոսքը շարունակում է Գրշայի մայրն ու պատմում, որ տղան շատ էր սիրում կենդանիներ պահել, շուն ու ճագար էր պահում. «Ամեն ինչ շատ արագ էր ընկալում, չափից դուրս ընդունակ էր, իր առջև դրեց նպատակ և սեփական ուժերով էլ` ընդունվեց համալսարան։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ Գրիշան ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի բաժնում։

«Ես Գրիշայի սովորած դպրոցում ուսուցչուհի էի։ Այնքան շարժուն էր, որ ինձ ասում էր՝ «Կասես ուսուցչանոցում զանգը շուտ տան, ես չեմ կարող 45 րոպե նստել»»,- հուզմունքը թաքցնելով պատմում է տիկին Արմինեն։

Ընդամենը մեկ տարի է «կապուտաչյա սիրուն տղան» (այդպես դասախոսներն էին իրեն անվանում) հասցրել սովորել համալսարանում, բայց և այնպես՝ այդ կարճ ժամանակահատվածում նա վայելել է ուսանողական ընկերների և դասախոսների սերն ու հարգանքը։

«Գրիշաս ընդամենը մեկ տարի է սովորել, բայց ես մինչև օրս իր կուրսեցիների հետ կապի մեջ եմ։ Գրիշայիս ընկերներն ու ընկերուհիները միշտ ասում են, որ իրենից հետո կուրսն էլ առաջվանը չէ, ասես գլխիվայր շուռ եկած լինի»,- ասում է մայրը։

Տղայի համակուրսեցիներից Լիլիթ Հովհաննիսյանն իր հոգու խոսքն է գրել Գրիշայի մասին և ալբոմի տեսքով նվիրել տիկին Արմինեին։

«Ուզում եմ իմանաք, որ մենք հրաշք ենք կորցրել։ Ես անսահման շատ եմ կարոտում իրեն ու ամեն անգամ իր մասին խոսելիս` արցունքներս չեմ կարողանում զսպել։ 2020թ.-ին` Տավուշի մարզում սկսված Հուլիսյան մարտերի ժամանակ, ես կորցրի իմ ամենահարազատ մարդկանցից մեկին` Գրիշին։ Գրիշի հետ սովորում էինք նույն կուրսում ու մեկ տարում շատ մտերմացանք։ Գրիշը շատ էր սիրում կծվահամ կոնֆետ ու գրպանում միշտ ուներ դրանից, ես էլ ծնունդին մի մեծ տուփ էդ կոնֆետից նվիրեցի։ Գրիշը շատ թիթեզ էր, ասում էր՝ «Լիլիթիկ ջան, դու պատկերացնում ես 2-րդ կուրսեցիների դեմքը, որ իմ նման սիրուն տղա մտնի լսարան»։ Ափսո՜ս Գրիշս, չտեսան սիրունությունդ, բայց իմացան սխրանքիդ մասին ու բոլորիս հուշերում դու կմնաս մեր հերոս Գրիշը։

2018թ.-ի ձմռանը միասին գնացինք կանգառ, դա մեր վերջին հանդիպումն էր ու եթե ես իմանայի, որ վերջինն էր, որ վերջին անգամ եմ գրկելու Գրիշին, ես չէի նստի ավտոբուս ու չէի գնա տուն…»։

Գրիշա Մաթևոսյանը 2018թ.-ի հուլիսի 23-ին զորակոչվել է բանակ։ Վեց ամիս ծառայել է Էջմիածնի զորամասերից մեկում, այնուհետև ծառայությունը շարունակել է Տավուշի մարզի N զորամասում` որպես ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի կրտսեր սերժանտ։

«Հետո եմ լսել, թե ծառայության տարիներին ևս՝ ինչքան սիրված է եղել և՛ հրամանատարության, և՛ ծառայակից ընկերների կողմից։ Դեպքը տեղի է ունեցել 2020թ.-ի Հուլիսյան մարտերի ժամանակ, երբ ընդամենը 9 օր էր մնացել, որ զորացրվեր։ Հրամանատարը ինչքան փորձել է հետ պահել, չի ստացվել, չի լսել։ Նեղացել է, որ իրեն ասել են, թե դու գործ չունես։ Նա զենքն արդեն հանձնած է եղել, պիտի չմասնակցեր մարտական գործողություններին։ Ֆիքսել եմ, որ 2020թ.-ի հուլիսի 14-ի առավոտյան՝ 9։41 րոպեին ենք խոսել, վերջին մա՜մ ջանն եմ հիշում։ Իր ձայնի տոնի մեջ ոչ մի անգամ տագնապ չեմ զգացել, միշտ հանգստացրել է ինձ` ասելով, որ ամեն բան կարգին է և եթե նույնիսկ փորձում էի հարցեր տալ, ոչ մի պարագայում չէր պատասխանում և մենք ինքնըստինքյան արդեն խոսում էինք իր տուն գալու մասին, պատմում է տիկին Արմինեն ու հավելում, որ անկախ ամեն ինչից՝ ինքն անհանգիստ էր և իր մեջ միշտ տղային կորցնելու վախը եղել է, քանի որ հիվանդագին սիրով էր սիրում ու մայրական բնազդով՝ ինչ-որ բան կանխազգում էր։

Գրիշա Վահանի Մաթևոսյանն անմահացել է հենց 2020թ.-ի հուլիսի 14-ին` հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում։

Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար Գրիշան հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության» մեդալով, ինչպես նաև նրա անունը գրվել է զորամասի պատվոգրքում։ Գրիշա Մաթևոսյանի աճյունը հանգչում է Սիսիանի պանթեոնում։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան