Անմահ հերոս Գևորգ Ավդիխանյան

Գևորգ Բորիկի Ավդիխանյանը ծնվել է 1995 թվականի հունվարի 16-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում։

Մայրը` տիկին Հայկանուշը, հիշում է, թե ինչ ցրտաշունչ ձմեռ էր ու որդին շատ խոշոր ծնունդ է եղել, դժվարությամբ է ծնվել։ Երբ Գևորգին արդեն տուն են տարել տան լույսը վառվել է, տատիկն ասել է` ինչ լավ է, լուսավոր երեխա է, լույսը հենց այնպես չվառվեց։

Գևորգին անվանել են իր հոր ընկերոջ անունով։ 1994 թվականին այդ մտերիմ ընկերը մասնակցել է Արցախյան պատերազմին և զոհվել է։ Մայրը նշում է, որ հավատում է ճակատագրին ու եթե կնքում ես երեխայիդ ինչ-որ մեկի անունով՝ ճակատագիրը կարող է մեծ դեր խաղալ։ Գևորգն էլ հերոսացավ անվանակցի պես…

Գևորգն ունի ավագ եղբայր, մանուկ հասակում ինքը շատ հանգիստ երեխա է եղել, եղբայրը` ակտիվ, բայց, ինչպես մայրն է պատմում` ամեն ինչ փոխվեց ժամանակի ընթացքում։ Հիշում է, թե ինչպես էին երկու եղբայր չարաճճիություններ անում միասին. «Մի անգամ, երբ բախտ էր վիճակվել տանը մենակ մնալ (այդպիսի դեպքեր հազվադեպ էին լինում)՝ երկու եղբայր լուցկիով այրել էին սենյակի պաստառները»:

Չարաճճիությունների շարքը շատ էր, մի անգամ էլ, երբ Գևորգենց ընտանիքը տեղափոխվել էր նոր բնակարան, հենց առաջին օրը Գևորգը չկար, մայրն ասում է` մտածում էինք, թե կորել է, փնտրում էինք, հետո Գևորգը եկել ու ասել է` «մամ ջան, ինձ ինչի՞ էիք փնտրում, ես «կամպուտյանոցում» էի»:
Փոքր տարիքում տղան լեզվի հետ մի փոքր խնդիր է ունեցել, բայց լոգոպետի մոտ այցելելուց հետո,  ընդամենը երկու  դասից հետո, խնդիրը լիովին վերացել է։ Մայրը հարցրել է, թե ինչպե՞ս եղավ, որ այդքան արագ խնդիրը շտկվեց, լոգոպետը պատասխանել է, որ երեխայի ունակությունից է։
Գևորգն ու եղբայրը շատ մտերիմ են եղել, մի անգամ մորն ասել է, թե ինձնից չնեղանաք, բայց Սարգիսին բոլորիցդ շատ եմ սիրում։ Սարգիսը միշտ Գևորգի թիկունքին է եղել, բոլոր հարցերը միասին են լուծել։

Գևորգը շատ ընկերասեր էր, շատ շուտ էր հարմարվում նոր միջավայրին, քինախնդիր չէր, ներում էր բոլորին։ Մայրը պատմում է, որ երբեմն,  երբ ինչ-որ միջադեպեր էր նկատում ու ասում էր, թե ինչու՞ դու էլ իրենց չես պատասխանում, տղան ասում էր` «մամ, բայց չէ՞ որ ինքն իմ ընկեր-ախպերն ա»:
Եթե Գևորգն ինչ-որ մեկին  հարազատ էր ընդունում, հանդուրժում էր որոշ սխալ քայլեր, բայց ուժը տեղն էր։
«Մի անգամ միջադեպ եղավ, ընկերոջ օձիքից հավաքեց ու ընկերոջը բարձրացրեց վերև»,-պատմում է մայրը, ու հավելում, որ երբեմն պետք է ինքապաշտպանությունը, որովհետև երեխաներ կան, որոնք օգտվում են մյուսի ներողամտությունից:

Գևորգը շատ շուտ էր հագենում ամեն ինչից, շատ թեթևությամբ ամեն ինչ տալիս էր ընկերներին. «Մի անգամ հայրը Հունաստանից հեծանիվ էր ուղարկել, շատ հեշտությամբ հեծանիվը նվիրել էր մյուս թաղում ապրող ընկերոջը, եթե Գևորգը որոշում էր, որ պիտի տար, ուրեմն պիտի տար ու վերջում ասեր. «Դե լավ էլի, մամ ջան, էդ ի՞նչ ա որ»»:

Սովորաբար, երբեք երեխաների մոտ ծնողներն իրենց էմոցիաները ցույց չեն տվել։
Գևորգը միշտ ուրախանում էր, ասում էր` «Մամ, էնքան եմ սիրում ձեր էդ լավ տեսակը, ես էլ կուզենամ, որ իմ ընտանիքն այդպես հաջողված լինի, իմ կինը քո պես կարողանա համեղ պատրաստել»:

Իր չարաճճիությունների հետ մեկտեղ, Գևորգը լավ է սովորել դպրոցում։ Նախ սովորել է Շևչենկոյի անվան դպրոցում, ապա ուսումը շարունակել է Մուրացանի անվան դպրոցում։ Շատ կապված է եղել իր ուսուցիչների հետ։ Եղբոր հետ հաճախել է ձյուդոյի խմբակի` «Սպարտակ» համալիրում, իր մարզիչից էլ շատ բաներ է սովորել։
Գևորգը երազել է իր հայրիկի նման օդաչու դառնալ, հետո փոխել է մտքերը։ Մինչ բանակ զորակոչվելը մտածել է, որ ռազմական ուղղությամբ է սովորելու, գնում էր տուն ու մայրիկին պատմում.
«Մամ, գիտես մի շատ լավ պապիկ կա, ռազմագիտության ուսուցիչս է, բոլորին ասում է` Գևորգից օրինակ վերցրեք, ցանկանում է ռազմական ուղղությամբ սովորել»:

2011-2012 թվականներին Գևորգը կամավորություն է արել «Օգնիր երեխաներին»հիմնադրամում։
2013 թվականին զորակոչվել է Հայոց բանակ։ Վեց ամիս ծառայել է Արմավիրի զորամասում, ապա տեղափոխվել է Ճամբարակի (Կարմիրի) զորամաս։ Ծառայության ընթացքում մասնակցել է  «Հայ Ասպետ» մրցույթին։

2015 թվականին բանակից  վերդառնալուց հետո՝ իր Աիդա տատիկի խորհրդով որոշել է սովորել իրավագիտություն։ Ուսանել է Եվրոպական համալսարանում։ Գևորգն իր առաջին սիրուն հանդիպել է այնտեղ։
Ակտիվ է անցել նաև ուսանողական կյանքը։ Շատ կատակասեր էր, ընկերներն ասում են, որ Գևորգը կարող էր պահի տակ ուրախ մթնոլորտ ստեղծել և վայելել ժամանակը։ Վեճ ու կռիվ չի սիրել։ Սիրում էր խաղաղ մթնոլորտ, ամեն ինչ հարթեցնում էր։
Ուսանողական տարիներին ընկերոջ հետ մասնակցել է ֆիլմերի քասթինգների և անցել է։ Ժամանակ առ ժամանակ նկարահանվել է տարբեր ֆիլմերում:

Շատ էր կարդում Գևորգը։ Սիրում էր պատմություն առարկան, ուզում էր նմանվել Կարեն Դեմիրճյանին։ Հաճախակի ծնողներին ասում էր` «երանի ձեզ, որ ապրել եք էն ժամանակահատվածում, երբ երկրի ղեկավարը, հենց Կարեն Դեմիրճյան է եղել»:
2018 թվականին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
Ուսանողական տարիներին և՜ աշխատում էր, և՜ սովորում։ Դասախոսներից մեկը մի անգամ ասել է` «կուզենայի տեսնել քո վերելքը, որովհետև քո մեջ տարբերվող ինչ-որ բան կա»: Ցավոք Գևորգը չի հասցրել աշխատել իր մասնագիտությամբ, որոշել էր ուսումը շարունակել Հունաստանում։
Ցանկանում էր այնտեղի փորձն էլ հետո կիրառել իր երկրում՝ ավելի լավ աշխատելու համար։
Սակայն Գևորգի երազանքները կիսատ մնացին` չարաբաստիկ 2020 թվականի պատճառով։
Երբ սկսվեց պատերազմը, ամեն օր Գևորգը սպասում էր, որ իրեն ծանուցում  տան։ Հայրն ասում էր` «Գևորգ ջան առաջ մի ընկի, դու նշանառու օպերատոր ես, քեզ, այսպես թե այնպես, կանչելու են»:

Հոկտեմբերի 14-ին Գևորգը ստացել է ծանուցում,  բայց իրեն հաջորդ օրն են տարել ու այդ փաստից էլ, շատ էր տխրել։
Մտերիմներից մեկը, երբ ասել է, բարով գնաս, գաս Գևորգ ջան, պատասխանել է` «որ գամ…»:
Հաջորդ օրը, մայրը տան ճանապարհին է եղել, Գևորգը  զանգել ասել է` «ու՞ր ես հասել, արի մերս»:
«Եկա տուն, ընկերներն արդեն մեր տանն էին, ինքն էլ էնքան ուրախ էր, կարծես հարսանիք էր գնում»,-հիշում  է մայրը:

Հայրը Հունաստանից կոնյակ էր բերել ու նպատակ ունեին, որ պետք  է Գևորգի հարսանիքի օրը բացեն, երբ որ բարձրացել է Գևորգը, հայրն ասել է` «Գևորգ ջան, կոնյակը պահել եմ հարսանիքիդ համար, բայց սա պետք է բացեմ, երբ պատերազմից գաս»: Գևորգը տխուր հայացքով նայել ասել է` «ինչ էլ որ լինի, անպայման կբացես կոնյակը»:
Դժբախտաբար կոնյակն իր նպատակին չի ծառայել, այն Գևորգի ծնողները բացել են իր քառասունքի օրն ու եկեղեցում հյուրասիրել մարդկանց։
«Հոգուս խորքում էնքան թախիծ կար իրեն ճանապարհելու ժամանակ, հետո հասկացա` ինչու»,- ասում է տիկին Հայկանուշը:

Գևորգը պատերազմի ժամանակ եղել է Շուշիում։
Նոյեմբերի 6-ին ծանր վիրավորվել է, բայց այդ վիճակով շարունակել է կռվել։ Հաջորդ օրը ԱԹՍ-ի հարվածից վիրավորում է ստացել գլխի հատվածում։
«Մի օր, երբ զանգել էր ասացի` Գևորգ ջան, ընկերներիդ էլ ասա, պատերազմը շուտով կավարտվի, ես էլ մեծ քեֆ կանեմ մեր տանը։ Ասաց՝ «Հա, մերս, բա ոնց, ես էլ եմ որոշել»»:

Երբ շրջափակման մեջ են եղել, հրամանատարն ասել է` «տղանե՜ր, զանգեք տուն, որովհետև էլ չեք կարողանալու զանգել»: Ինքը վերջին անգամ զանգել է եղբորը, որովհետև գիտեր, որ մորը չէր կարողանա ստել։ Եղբայրը հարցրել է, թե ինչ ձայներ են, կրակու՞մ են։ Պատասխանել է` «Չէ ախպերս, ով կարող է մեզ կրակել»:
Հրամանատարը նկատել է`  ինչքան որ մարմինն է խոշոր, մի քանի անգամ մեծ սիրտն է»: Շատ փխրուն սիրտ ուներ։
Շատ բաներ էլ, պատերազմից հետո են իմացել ընտանիքի անդամները։

Ծանուցումները վստահված էին քաղաքապետարանին։ Թամար անունով մի կին էր աշխատում այնտեղ, Գևորգն ամեն օր զանգել հարցրել է` «հն, Թամար տոտա, եկա՞վ իմ ծանուցումը»: Այս կինն էլ բարկացել, ասել էր` «վայ Գևորգ, զզվեցրիր, որ եկավ առաջինը քոնն եմ տալու»:
Ու երբ մի օր, Գևորգի մայրը հանդիպում է  տիկին Թամարային, հարցնում է, թե ի՞նչ է եղել,  որ մի տեսակ է, տիկին Հայկանուշը պատասխանում է, որ Գևորգը զոհվել է ու հենց այդ ժամանակ էլ իմանում է, որ ամեն օր Գևորգը զանգել հարցրել է, թե ինչ եղավ իր ուղեգիրը:

Գևորգը կյանքից հեռացել է նոյեմբերի 17-ին։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից՝  «Մարտական ծառայության» մեդալով և Արցախի Հանրապետության  «Արիության»  մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ելենա Հովհաննիսյան