Անմահ հերոս Տիգրան Արշակյան

Երկու արցունքի կաթիլ. Տիգրանի թողած վերջին ազդանշանը

«Երկրորդ օրն էր, մտա Տիգրանիս մոտ, խոսեցի, դե բնական է, բռնում ու սեղմում էի ձեռքը, աչքերն էի զոռով բացում,
որ ինչ-որ մի նշան տա, որ տեսնեմ, ինչ-որ բան զգում է, թե չէ: Էդ պահին աչքերի ամեն մի կողմից երկու կաթիլ արցունք եկավ ու մնաց դեմքին»,- որդու կողքին անցկացրած վերջին օրերի մասին հիշում է Տիգրանի մայրը՝ Աննան:

Տիգրան Խաչիկի Արշակյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Վարդենիկ գյուղում: 2006-2015թթ. հաճախել է տեղի՝ Ռ. Հովհաննիսյանի անվան 1-ին միջնակարգ դպրոցը: 2015-2018թթ. հաճախել է Վարդենիկի ավագ դպրոցը: Ավագ դպրոցում եղել է համայնքի «Զարկերակ» կազմակերպության անդամ:

«Աշխույժ, ճարպիկ երեխա է եղել, իմ միակ որդին էր, տան ավագը, բայց ևս 2 դուստր ունեմ: Դպրոցում մինչև 6-րդ դասարանը սովորել է գերազանց, դրանից հետո՝ արդեն սովորական, բայց ինքը այնքան լավ հարաբերություններ ուներ ուսուցիչների հետ։ Շատ լավ էր վերաբերվում, չէր սովորում, բայց հարգանքով էր բոլորի նկատմամբ։ Իրանք էլ Տիգրանին էին հարգում: Սովորելու և ուսանող դառնալու նպատակ չի ունեցել։ Շատ էր սիրում մեքենա վարել, իր հոբբին էր: Անընդհատ ասում էր` «Վերջացնեմ, գամ, ավելի լավ կլինի»»,-պատմում է մայրը։

2019թ․-ի հուլիսի 25-ին Տիգրանը զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ծառայության է անցել Ագարակի զորամասերից մեկում: Եղել է դիրքի ավագ և ջոկատի հրամանատար:

«Նրա ոտքին ոսկրային գերաճ կար։ Մենք առաջարկեցինք, որ 6 ամսով հետաձգեն, վիրահատեն, նոր գնա, բայց ինքը չհամաձայնվեց։ Հենց էդ վիճակով էլ գնաց։ Ինքը շատ գոհ էր իր ծառայությունից: Գնացել է, իրեն նշանակել են ջոկի հրամանատար ու դիրքի ավագ։ Շատ գոհ է եղել: Դիրքեր էր բարձրանում իր զինվորների հետ։ Ինքն էր արդեն ղեկավարում, շատ լավ, նորմալ, ամեն ինչից գոհ է եղել, դժգոհություն չի հայտնել։ Ծառայությունը շատ լավ է անցել, 1 տարի 3 ամսվա ծառայող էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվեց, 9 ամիս էր մնացել, որ տուն գար»,-շարունակում է մայրը:

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Տիգրանին տեղափոխել են Ջրականի շրջանի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) մարտական դիրքեր: Թեժ մարտերի ընթացքում ոտքից վիրավորել է, բայց շարունակել է կռվել: Հոկտեմբերի 9-ին Տիգրանի խմբի տղաներին որոշում են հետ բերել Մեղրի, բայց նա և իր մի քանի ընկերները կամավոր գնում են կրկին Ջրական:

«Ամենացավոտ շրջան էր…։ Առավոտյան գնացի մեր տան մոտի խանութ։ Ես չգիտեի, որ պատերազմ է սկսվել։ Խանութում արդեն խոսակցություն էր գնում, որ ուժեղ պատերազմ է սկսվել ու վազելով եկա, զանգեցի Տիգրանին, էլի զանգեցի, չվերցրեց, հետո մի քիչ անցավ, ինքը հետ զանգեց, ասացի` պատերազմ է, ասեց` «ես տեղյակ չեմ» (իրենք էդ ժամանակ Մեղրիի դիրքերում էին), բայց ինքը գիտեր, ուղղակի ցույց տվեց իբր տեղյակ չի։ Ամսի 2-ին  իրենց դիրքերից իջեցրել են, բերել են զորամաս ու տարել են Ջրական, տարել են էնտեղ ու մինչև ամսի 8-ը մնացել են։ Դե արդեն էլ չնկարագրեմ, թե Ջրականում ինչ վիճակ է եղել, ամենաթեժ տեղն է եղել, ահագին զոհ է էղել։ Էդ ընթացքում ինքը ամեն օր զանգում էր, ես իրեն խնդրեցի, որ գոնե օրվա մեջ մի անգամ զանգի, ասեց` «Հա, մամա, կզանգեմ»: Իր ընկերների հետ էնտեղ լավ կռիվ են  տվել, բայց ինքը մեզ չէր ասել, որ իրեն տարել են, ինքը գնացել է, պրծել է, նոր։ Արդեն ամսի 8-ն էր, զանգեց Տիգրանս, էդ ժամանակ արդեն իմացանք, որ իրենք կռվի դաշտում են, խոսեցինք, անջատեց հեռախոսը։ Սպասեցի, մինչև ամսի 9-ը էլ զանգ չեղավ, ու շատ անհանգիստ էի, էդ օրն անցավ, եկավ ամսի 10-ը: Արդեն կեսօրվա ժամ էր, ժամը 12-ի մոտ էր ու երբ ասում են, թե մոր սիրտը զգում է, էդ սուտ չի, ես շատ վատացա էդ պահին, շատ վատ էի զգում ինձ ու ինձ թվում էր, թե ինչ-որ բան էն չի, էլի ինչ-որ բան է կատարվում։ Մի քանի ժամ անցավ ու Տիգրանիս մարտական ընկերը զանգեց, ասաց, որ Տիգրանը վիրավորվել է: Ընկերն էլ չի իմացել` ինչից է վիրավոր եղել։ Էդ արկը, որ ընկել է, տրաքել է։ Էդ բեկորի փոքր կտորը վզի մոտից հարվածել էր գլխին ու արյան զեղում էր տվել: էդտեղ միանգամից Տիգրանը արդեն վատ է զգացել ու էլ ուշքի չի եկել։ Իրեն մի կերպ տեղափոխել են Գորիս: Մենք գնացինք Գորիս, մի քանի ժամ փնտրեցինք, բայց չկարողացանք գտնել Տիգրանին, խառն էին էնտեղ, լիքն էին, անընդհատ զինվորների էին բերում։ Մի խոսքով վերակենդանացման բաժանմունքի բժիշկը իջավ, էդ ժամանակ Տիգրանի նկարը ցույց տվեցինք, ինքն ասաց, որ Տիգրանը իր մոտ պառկած է, հենց էդ պահին գնացինք Տիգրանի մոտ, բայց բժիշկները խորհուրդ չտվեցին տեղափոխել, գլուխը նկարել էին, որ վնասված է: Մենք տեղափոխեցինք Գորիսից Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, միացրեցին էդ սարքավորումները։ Տիգրանը կոմայի մեջ էր արդեն, հետո ոտքերի մեջ բեկորներ կային: Մի քանի օր անց, կեսօրվա ժամ էր, ես ու ամուսինս մտանք Տիգրանիս մոտ, մի 5 րոպե էր՝ կանգնել էինք կողք ու էդ պահին զգացի, որ ինչ-որ մի բան էն չի,  բժիշկները խառնվեցին իրար, իրենք արդեն հասկանում էին` ինչ է կատարվում: Եկան, արագ ինձ դուրս հանեցին ու արդեն էդ պահին, ես Տիգրանի կողքին կանգնած էի ու Տիգրանը մեզ հրաժեշտ տվեց…։ Ոչ մի բառ, խոսակցություն չի եղել, երկու կաթիլ արցունքն է եղել ու վերջ»,- հուզված պատմում է Տիգրանի մայրն ու շարունակում, որ ծառայության, պատերազմի ընթացքում տղան ունեցել է մոտիկ մարտական ընկերներ՝ Գևորգը, Արան․ «Արան էր էլի, որ Տիգրանին ու Գևորգին կարացավ կռվի դաշտից հանել, եթե ինքը չլիներ, հաստատ չգիտեմ, կարող է մեր երեխեն էլ չգար հասներ տուն, որովհետև ինքն է  մեքենա գտել, հասցրել հիվանդանոց էդ թեժ պահերին: Մինչև հիմա կապը կա իրենց հետ:  Տիգրանս ընկերուհի ուներ, որ արձակուրդ եկավ, ուզում էր, որ գնայինք նշան դնեինք, ու ինքը հետ գնար, նորից շարունակեր, բայց չեմ հիշում՝ էդ պահին ինչ եղավ, ոնց ստացվեց։ Մենք չարեցինք նշանը ու գտնում եմ, որ իրականում ճիշտ եղավ, որ չարեցինք»:

Եզրափակելով զրույցը՝ մայրը պատմեց նաև քույրիկների հետ Տիգրանի հարաբերությունների մասին.

«Երկու քույրիկների հետ էլ լավ էր, բայց  մեծ աղջկաս հետ մի քիչ շատ էին վիճվում, փոքրի հետ՝ չէ: Որպես մեծ ախպեր՝ նեղվում ու բարկանում էր, հենց ինչ-որ մեկը նեղացնում էր քույրերին»:

Տիգրանի նվիրվածության մասին պատմում են իր խոսքերը, երբ եկել է կամավոր դիրքեր գնալու ժամանակը, ասել է. «Պետք է գնանք, բա հո չենք թողնի, որ գան հասնեն մերոնց»:

Հոկտեմբերի 14-ին Տիգրանը անմահացավ: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Անուշ Գևորգյան