Անմահ հերոս Հարություն Հովսեփյան

«Կռիվը շատ վատ բան է, բայց հանուն հարազատների՝ արժե տալ ամենաթանկը». Հարություն Հովսեփյան

Հարություն Արթուրի Հովսեփյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 15-ին՝ Արարատի մարզի Դարակերտ գյուղում։ Մայրը`Բինան, պատմում է, որ տղան դեռ փոքր տարիքից աչքի է ընկել իր թիկնեղ մարմնով, արտասովոր մազերի գույնով և հավասարակշռված բնավորությամբ։

Մանկապարտեզ է հաճախել Հ. Միրզոյանի անվան կրթօջախում, իսկ հետագայում՝ ուսումը շարունակել է Դ. Լադոյանի անվան միջնակարգ դպրոցում։

Մոր խոսքով` մանկուց սեր է տածել սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլի հանդեպ․

«Շատ լավ խաղացող է եղել, երբեմն նույնիսկ գերազանցել Է տարիքակիցներին՝ իր նվիրումով ու հնարամտությամբ»։

Հարությունը կրթությունը շարունակել է Մասիսի Գյուղատնտեսական քոլեջում, որտեղ 2014-2015 թվականներին ուսումնասիրել է «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում» մասնագիտությունը։

2019 թվականի հուլիսի 19-ին Հարությունը զորակոչվել է հայկական բանակ՝ ծառայության անցնելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող զորամասերից մեկում՝ որպես հրետանավոր։

«Հարութից վեց ամիս առաջ էի եկել բանակ: Ես ու Հարութը նույն մարտկոցում էինք ծառայում, ես վարորդն էի: Հարութը շատ լավ հրետանավոր էր, լավ նշանառու: 2020 թվականի հոկտեմբերի 9-ին` ժամը մոտ 12։00-ին, հակառակորդի անօդաչու թռչող սարքը հրանոթի շառավիղով մեր տեղը հայտնաբերել էր: Հրթիռն ընկավ, հրանոթի հրամանատար Նարեկը տեղում զոհվեց, իսկ նշանառու Հարութը բեկորային վնասվածք ստացավ։ Հարութը ձախ կողմում էր ընկել, վիրավորվել էր գլխից: Միանգամից կապ տվեցինք: Հնարավորինս շուտ եկան ու տարան տղերքին, որից հետո էլ չտեսանք ու բան չիմացանք, մինչև…։ Դաժան պատերազմ էր»,-պատմում է Հարությունի մարտական ընկերը`Ռոբերտը ու շարունակում հիշել․ «Մի զրույցի ժամանակ Հարութն ինձ ասել էր, որ կարողանում է թմբուկ նվագել, որ լավ «սլուխ» ունի։ Երբ զորամասին թմբուկ հատկացրին, Հարութի անունը տվեցի` ասելով, որ մեր կյաժը կնվագի։ Ի դեպ՝ «Կյաժ» մականունը ես եմ դրել: Այդպես Հարութը դարձավ թմբկահար։ Ամեն երկուշաբթի հանդիսավոր երթով էին շարահրապարակ մտնում, ճաշարան թմբուկով էին գնում-գալիս, Հարութը շարքի դիմացից և՛ նվագում էր, և՛ երգում։ Սեպտեմբերի 26-ն էր` մեր խաղաղ մտքերի թերևս վերջին օրը։ Զորամասում ծածուկ լուրեր էին պտտվում, թե թշնամին պատրաստվում է հարձակման։ Անխոս տագնապ կար ամենքիս մեջ: Գիշերը, երբ բոլորս արդեն պառկել էինք քնելու, հավաքվել էինք իրար գլուխ, սակայն չկային մեր ամենօրյա շատախոսությունները, որոնցում, սովորաբար քննարկում էինք մեր անցած օրն ու առհասարակ՝ առօրյան։ Տարօրինակ լուռ էինք։ Զգացի, որ ձայն ու ծպտուն չկա։ Նույնիսկ մեր Հարութը` մեր կյաժը, որ մեզ միշտ ոգի տվողն էր, մեր ասող-խոսողը, մեր կատակասերը, ով միշտ ամեն բան համեմում էր իր քաղցր ու սրամիտ կատակներով, լուռ էր։ Բոլորս մտքով հասնում էինք տուն, մտովի գրկում մեզնից հեռու, բայց սրտով մեզ մոտ մարդկանց` մեկը ծնողին, մեկը սիրած աղջկան, մեկը քրոջը, մեկն էլ, ո՞վ իմանա, գուցե մտածում էր, թե ինչպե՞ս մտքերը շարադրի ու ասի, որ սիրում է: Բայց ամենքիս գլխում տիրապետող միտքը մեկն էր…։ Տագնապ կար, քանի որ լավ էինք ճանաչում մեր նենգ թշնամուն։ Սպասում էի, որ հենց մեր Հարութը կկոտրի այդ քար լռությունը՝ իր բարի խոսքով ու քաղցր լեզվով, իր հումորներով ու կատակներով և չզարմացա, երբ ասաց․«Տղե՛րք, վա՜յ մի հատ զգա՛ստ, է՜հ, ասում եմ զգաստ, ազա՛տ։ Էս ի՞նչ լռություն ա, կարո՞ղ ա էդ ճիվաղ թուրքերից վախեցաք, ես ստեղ, թուրքերը ո՞նց ռիսկ կանեն կրակեն»։

Խոսում էր ու կատակում` փորձելով ամեն կերպ ձայնի մեջ թաքցնել տագնապը, որ սրտում բույն էր դրել, քանզի լավ էր ճանաչում նենգ ու չարակամ թշնամուն։ Բայց ինձնից իր տագնապը թաքցնել չհաջողվեց։ Ես զգացի, ուշադիր հետևում էի իր շարժումներին, երբ խոսում էր ու ոգևորում տղերքին։

2020 թվականի սեպտեմբերի 27։ Բացվեց չարաբաստիկ առավոտը։ Երբ մի պահ երկուսս սենյակում մենակ մնացինք, մոտեցա նրան ու ասացի Հար, չգնա՞նք Արցախ, ասաց հորս արև գնալու ենք, հո չենք թողելու էն տղերքը մենակ կռվեն, գնալու ենք, եթե չտանեն էլ` գնալու ենք»։

Ռոբերտի խոսքով՝ մինչ Արցախի Հանրապետություն (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) գնալը` անձրևոտ մի օր, զինվորների հետ հավաքված էին, խարույկ էին վառել ու զինվորներից մեկը հարցրեց` «բա մեզ Արցախ չեք տանելո՞ւ»․

«Ես ասացի, որ հասկանում եմ ուզում են գնալ, ընկերների կողքին լինել, բայց կռիվը լավ բան չի, կռիվը մեզնից խլում է մեր հարազատներին։ Կյաժը պատասխանեց, որ իր ընկերը Արցախում կռվում է, ինքը պետք է գնա և նրա կողքին լինի։ «Կռիվը շատ վատ բան է, բայց հանուն հարազատների արժե տալ ամենաթանկը։ Դրա համար էլ մենք էստեղ ենք, որ մեր հարազատները հանգիստ ապրեն…»,-ասաց Հարութը ու ես էլ ոչինչ չասացի»։

Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվելուն պես՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Հարությունին տեղափոխում են Արցախի Հանրապետության Ջրականի շրջանի ամենաթեժ կետերից մեկը։ Հոկտեմբերի 9-ին՝ կատարելով մարտական առաջադրանք, ինչպես արդեն նշվել էր, ծանր վիրավորում է ստանում գլխի շրջանում՝ թշնամու հարվածային ԱԹՍ-ի պայթյունից։ Բեկորային վնասվածքներով ընկնում է կոմայի մեջ և տեղափոխվում Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։  2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ արյան վարակից Հարությունը մահանում է։

Հարությունը հետմահու արժանացել է մի շարք պատվավոր պարգևների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալի։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալլա Մանուկյան