Անմահ հերոս Դավիթ Գրիգորյան

«Կարոտը… կարոտը խեղդում է քեզ, կրծում կոկորդդ, ծանրացնում շնչառությունդ և սեղմում փոքրիկ ու քնքուշ սիրտդ»,-գրել է Դավիթը իր «Կարոտի ուժը» վերնագրով շարադրության մեջ, երբ դեռ 10-րդ դասարան էր:

Դավիթ Մանվելի Գրիգորյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում: 2006 թվականից սովորել է Վերնաշենի միջնակարգ դպրոցում, ունեցել է գերազանց առաջադիմություն և ստացել բազմաթիվ գովասանագրեր: Նույն թվականին զուգահեռ հաճախել է նաև կարատեի խմբակ, որտեղ գրանցել է բազում հաջողություններ:  «Դասարանի կորիզն էր, բոլորը սիրում էին նրան: Երբ փորձեր էին անում, գնում էի, դասարանի դասղեկն ասում էր՝ էս Դավիթից մի քանի հատ բերեիր, ինչ կլիներ,-պատմում է մայրը՝ Լյուդմիլան և շարունակում, որ  դպրոցում ուսուցիչները միշտ ասում  են, որ Դավիթ չկա, չի էլ լինելու, նա օրինակ էր բոլորի համար: Եվ անընդհատ շեշտում, որ աշակերտները լինեն Դավիթի պես տղա, նրա պես սովորեն, լինեն մաքրասեր»: Դպրոցում Դավիթի անվամբ դասասենյակ կա, որտեղ դրված են նրա իրերը:

2018 թվականին դպրոցը ավարտելուց հետո Դավիթը սեպտեմբերին ընդունվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ 5 ամիս սովորելուց հետո 2019 թվականի հունվարի 10-ին զորակոչվում է Հայոց բանակ:

«Քննական շրջան էր, և Դավիթը խնդրեց դեկանին արագացնել քննությունները: Դեկանը ասել էր. «Դավիթ ջան, բանակից կգաս, մենք կնշանակենք քո քննությունները, մի անհանգստացիր»: Իսկ Դավիթը ասել էր՝ ոչ, ես պետք է ստանամ, խնդրում եմ քննություններս արագացնել: Տվեց մինչև հունվարի 10-ը ու գնաց բանակ»:

Ֆուտբոլ է շատ սիրել, գյուղի ֆուտբոլի թիմի մեջ է խաղացել, բայց վերջում ընտրել ծրագրավորումը: Դավիթը սկզբնական ծառայությունը անցել է Գյումրիում, այնուհետև Հադրութում, որտեղ ստացել է հակատանկային մարտկոցի ավագ սերժանտի կոչում: 44-օրյա պատերազմի ժամանակ Դավիթը «ֆագոտ» տեսակի հակատանկային հրթիռային համակարգով ոչնչացրել է տանկեր, 1 ՏՕՍ համակարգ, այս մասին Լյուդմիլային է պատմել կապիտան Հրանտ Գալստյանը:

«Երբ արձակուրդ էր եկել (այդ ժամանակ դեռ Գյումրիում էր) պապիկի հետ զրուցում էին այգում, պապը կանչեց հարցրեց. «Դավիթ ջան, դուք, որ պարապում եք, կարող եք այդ զենքը այդ ֆագոտը կրակել»: «Պապի ջան, չէ, գիտես՝ ֆագոտի զենքը ինչ թանկ է, բայց որ աստված չանի պատերազմ լինի, այո կկրակենք»: Երբ մի անգամ խոսում էինք, ես հարցրի՝ ունեք այդ զենքից, կարող եք կրակել: Ասաց՝ լիքն է, գանձս, չնեղվես մեր համար: Պատերազմի ընթացքում զանգում էր, ասում, որ ամեն ինչ լավ է: Հետք լրատվամիջոցը, որ գնացել էր այնտեղ և նկարահանում արել, մենք տեսանք, որ Դավիթ կանչեցին, իրեն տարել էին Կարախամբելի, Ֆիզուլի սեպտեմբերի 25-ից, բայց մեզ չէր ասել, որ իրենց դիրքեր են հանել: Ես իրեն ասացի. «Դավիթս, ես վիդեոյում տեսել եմ քեզ, ձայնդ լսել եմ, այդ ինչ բացօդյա դաշտում եք, կրակի բերան»: Ասաց. «Չէ, չէ, գանձս, էդ ես չեմ եղել»: Բայց երբ Հետքի նկարահանող խումբը եկավ մեր տուն, պարզվեց, որ իրոք Դավիթս է եղել:

Դավիթը իր հոր, քեռու հետ կիսվում էր, բայց ինձ ոչինչ չէր ասում, հորն ասում էր, որ ինձ ոչինչ չասի: Հոկտեմբերի 5-ին Դավիթիս ծնունդն էր, այդ օրը չզանգեց, մենք էլ չզանգեցինք, որ չխանգարենք իրեն: Հաջորդ օրը զանգեց: Ասաց, որ երեկոյան խրամատում կամավորականների հետ մի թեթև նշել են ծնունդը: Մեկ էլ ամսի 8-ին զանգեց, ասաց որ շատ հանգիստ է: Շատ հետաքրքրասեր էր, բոլորից հարցրեց, հետո անջատեց, զանգեց քրոջն ու եղբորը, մեկ էլ նորից զանգեց ինձ. «Այ գանձս, բոլորի հետ խոսեցի, ասի մի հատ էլ գանձիս հետ խոսամ»: Նա 20 տարեկան էր, բայց 20 անգամ ինձ մամա չի ասել, ասում էր՝ գանձս: Դավիթը իմ տան երրորդ երեխան էր, մեծ աղջկանից ու տղայից հետո ես տասը տարի երեխա չէի ունեցել, և ծնվեց Դավիթս: Նա շատ ծնողասեր, հանգիստ և նվիրված զավակ էր: Տղաները բանակում Դավիթին կոչել են ֆագոտի կոնստրուկտոր: Ով ճանաչում է Դավիթին, ափսոսում է, որ ճանաչել է….»:

Պատերազմի ընթացքում մորը մի անգամ հարցրել է, թե լուրերով ինչ են ասում, պատերազմը երբ է ավարտվում: Մայրը պատասխանել է, որ անորոշ է, միայն ասում են՝ հաղթելու ենք: Հետո Դավիթին հարցրել՝ նեղվում է: Դավիթը պատասխանել է. «Չէ, մամ, ուղղակի այնքան լավ տղաններ ենք կորցնում»:

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 9-ին Կարախանբելի գյուղի մոտ գտնվող 200 մարտական դիրքում: «Մեծ տղաս զոհվելու լուրը իմացել է հոկտեմբերի 10-ին, բայց մեզ չէր ասել, ես և ամուսինս հոկտեմբերի 11-ին ենք իմացել: Մենք մտածում էինք, որ Դավիթը անօդաչուից է զոհվել, բայց հետո ընկերները ու կապիտանը, որ եկան, ասացին, որ Դավիթին սնայպերն է խփել»:

Հերոսը հուղարկավորված է հայրենի գյուղում՝ Վերնաշենում:

«Վերջին անգամ Դավիթին տեսել ենք 2019 թվականի դեկտեմբերին, երբ 5 օրով արձակուրդ էր եկել, և մենք էլ այլևս Դավիթ չենք տեսել….»:

Դավիթ Մանվելի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Անուշ Գևորգյան