Անմահ հերոս Սարգիս Մելիքյան

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Սարգիս Մհերի Մելիքյանը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 17-ին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։

Փոքրուց շատ ընկերասեր էր, նպատակասլաց, բարի, սիրում էր օգնել բոլորին, միշտ ծնողների ու քույրերի կողքին էր ու տարիները՝ նրա այս հատկանիշները չէին փոխել, ավելի էին ամրապնդել։

Սարգիսը սովորել է Վարդենիսի N2 միջնակարգ դպրոցում, ավարտել 2012 թվականին և 2013 թվականին ուսումը շարունակել Վարդենիսի պետական քոլեջում։

Սարգիսն իր ազատ ժամանակն անցկացնում էր հոր հետ, ով արհեստավոր էր, իսկ նրա գործը շարունակելու էր Սարգիսը։

2016 թվականի հունվարին՝ բարձր տրամադրությամբ զորակաչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության, 6 ամիս ծառայել Էջմիածնի ուսումնական զորամասերից մեկում, որից հետո՝ շարունակել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես սակրավոր։

Սարգսի քրոջ խոսքով՝ եղբայրը երբեք չի դժգոհել ծառայությունից, այլ ընդհակառակը՝ միշտ գոհունակությամբ է խոսել ծառայության մասին ու լավ է տրամադրված եղել։

2017 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 18:35-ի սահմաններում՝ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ՝ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնված 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնված 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնված 1997թ.), ինչպես նաև՝ ծանր վիրավորում է ստացել մեկ զինծառայող:

Սարգիս Մելիքյանը, Գեղամ Զաքարյանը և Սարգիս Աբրահամյանը հետմահու պարգևատրվել են Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:

Սարգսի քույրը անսահման ջերմությամբ փորձում է բնութագրել եղբորը՝ նշելով, որ Սարգիսը շատ լավ անձնավորություն էր, սիրված և հարգված, մշտապես պատրաստակամ օգնելու բոլորին։

Սարգսի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը վաթսուն օր։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան