Անմահ հերոս Աղասի Ասատրյան

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Աղասին ծնվել է 1996 թվականի փետրվարի 23-ին՝ Մասիս քաղաքում։ 2012 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ:
Աղասիի քույրը՝ Հռիփսիմեն, մեզ հետ զրույցում նշում է, որ եղբայրը արտակարգ մարդ էր, ընկերասեր, հավատարիմ և՛ ընկերներին, և՛ հայրենիքին ու մինչև վերջ շարունակեց հավատարիմ լինել։
2014 թվականին անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկու՝ որպես հետախույզ-դիպուկահար։
2016 թվականի ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը, թշնամին ձեռնարկել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի սահմանի ողջ երկայնքով։
170 Մ/Դ ուղղությամբ մի քանի անգամ ձեռնարկված գրոհները կասեցվել են հրամանատարի՝ Մերուժանի և նրա ջոկի տղաների ջանքերով։ Անձնակազմի անդամները մարտի են բռնվել թշնամու գերազանցող ուժերի դեմ, անհավասար մարտում ոչնչացրել բազմաթիվ հատուկ պատրաստված ստորաբաժանումներին: Ռաֆիկը, Մերուժանը, Աղասին, Վիկտորը ցուցաբերել են անօրինակ սխրանք, դիրքը չեն լքել նույնիսկ փամփուշտների վերջանալուց հետո ու ձեռնամարտի են բռնվել թշնանմու գերազանցող ուժերի դեմ:
Նրանք քաջ ու պատրաստված հետախույզներն էին, ովքեր գիտակցված, առանց վարանելու՝ պայքար են մղել թշնամու դեմ: 170Մ/Դ-ի անձնակազմի անդամները իրենց անօրինակ սխրանքի համար ՀՀ և ԱՀ նախագահների կողմից՝ հատմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:
Մասիս քաղաքի փողոցներից մեկը կրում է Աղասի Ասատրյանի անունը, այն դպրոցում, որտեղ սովորել է Աղասին՝ դասասենյակներից մեկը անվանակոչվել է նրա անունով։ Անձնակազմի հիշատակը հավերժացնելու համար՝ Գյումրի քաղաքում տեղադրվել է հուշաքար։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: