Անմահ հերոս Արտյոմ Վարդերեսյան

Արտյոմ Վարդերեսյանը ծնվել է 1996 թվականի մարտի 30-ին՝ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում։ Սովորել ու 2013 թվականին ավարտել է տեղի դպրոցը։ Առանձնանում էր իր բարությամբ, Արտյոմին ճանաչողները փաստում են՝ խելացի ու զուսպ պատանի էր։

2014 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայութան Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի N զորամասում։

Արտյոմի քույրը՝ Արաքսյան, մեզ հետ զրույցում նշում է, որ եղբայրը ծառայությանը հեշտ էր հարմարվել, իր կատակասեր բնավորության շնորհիվ հեշտ էր շփվում մարդկանց հետ։ Մի շարք շնորհակալագրեր ու պատվոգրերի է արժանացել ծառայության ընթացքում, Վարդերեսյանների ընտանիքն էլ՝  նման որդի դաստիարակելու համար շնորհակալական նամակ է ստացել զորամասի կողմից։

Ծառայության ընթացքում զորամասում մատուռ է կառուցվել, որի ստեղծմանն ու շինարարական աշխատանքներին Արտյոմը անմնացորդ նվիրումով է մասնակցել։

2016 թվականի մարտի 17-ին, ժամը 14:55-ի սահմաններում՝ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող՝ Արտյոմ Արսենի Վարդերեսյանը:

Արտյոմ Արսենի Վարդերեսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

Արտյոնի զոհվելուց մեկ տարի անց՝ 2017 թվականին, Վարդերեսյաների ընտանիքում լույս աշխարհ է եկել նրանց փոքրիկ որդին, որը կրում է զոհված եղբոր՝ Արտյոմի անունը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան