Անմահ հերոս Վլադիմիր Նարինյան

1996 թվականի փետրվարի 17-ին՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում է ծնվել Ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանը։ Նարինյանների ընտանիքը հետագայում բնակություն է հաստատել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունի քաղաքում։
Վլադիմիրի հայրը Արցախյան ազատամարտին ակտիվ մասնակցողներից մեկն է եղել, որդիներին դաստիարակել արժանապատվորեն, պահել հայրենի սահմանները։
2003-2013 թվականներին Վլադիմիրը սովորել և ավարտել է տեղի դպրոցներից մեկը, ընդունվել Արցախի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։
2014 թվականին՝ ուսումը կիսատ թողնելով, անցել է պարտադիր զինվորական ծառայության Մատաղիսի N զորամասում՝ որպես կրտսեր սերժանտ։ Ծառայության ընթացքում Վլադիմիրը մշտապես աչքի է ընկել իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ ու զգոնությամբ։
2016 թվականի ապրիլին ՝ հակառակորդը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայկական կողմը համարժեք պատասխանել է հակառակորդի սադրանքներին։
Ապրիլի 5-ին Գոռ Կիրակոսյանը վերջին անգամ իր զինակիցներին սնունդ էր շտապում հասցնել ու թշնամու իրականացրած սադրանքի արդյունքում՝ Գոռը մարտական դիրքեր հասնելուն պես, սնունդը դատարկելու ժամանակ զոհվել է ծառայակից Վլադիմիր Նարինյանի հետ՝ թշնամու արկակոծման հետևանքով։
Վլադիմիր Ստեփանի Նարինյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով:
Վլադիմիրը փոքր տարիքից առանձնահատուկ հարգանք է ունեցել Մոնթե Մելքոնյանի նկատմամբ, նրա հանար Մոնթեն յուրահատուկ կերպար էր, ումով նա առաջնորդվում էր։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: