Անմահ հերոս Գուրգեն Այվազյան

1996 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում է ծնվել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գուրգեն Այվազյանը։ 

Գուրգենն ավարտել է տեղի դպրոցն ու ընդունվել Գավառի Պետական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժին: 

Լիան՝ Գուրգենի քույրը, մեզ հետ զրույցում հիշում է, որ Գուրգենը ընդունելության քննությունները հանձնելուց հետո է ընտանիքի անդամներին ասել, որ քննության է գնացել ու ընդունվել։ Ուսումը կիսատ թողնելով՝ 2015 թվականին ձմռանը, անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում:

2016 թվականի հոկտեմբերի 26-ին՝ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող` Գուրգեն Ավետիքի Այվազյանը: 

Գուրգեն Ավետիքի Այվազյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով:

«Գուրգենը շատ հայրենասեր էր, շատ էր սիրում բնություն, իր բոլոր նկարները բնության գրկում են եղել միշտ։ Շատ կոկիկ էր, մաքրասեր, շատ էր սիրում բոլորին համախմբել ու միշտ ասում էր, որ բոլորիս համախմբելու է իրար հետ մի տեղում»,- պատմում է Լիան։

Գուրգենի զոհվելուց հետո՝ Գանձակի թիվ 2 դպրոցում Ռազմագիտության դասասենյակը անվանակոչվել է դպրոցի սանի անունով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան