Անմահ հերոս Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում: Մանկուց աչքի է ընկել իր բարի բնավորությամբ, շրջապատող մարդկանց մեջ նա միշտ ուրախություն էր տարածում:
Սովորել է տեղի դպրոցում, որտեղ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ ու առաջադիմությամբ: Փոքր տարիքից զբաղվել է արևելյան մարզաձևերով, դրա հետ մեկտեղ՝ հաճախել է դաշնամուրի պարապմունքների:
2011 թվականին՝ երաժշտական ուսումը շարունակել է Գավառի պետական երաժշտական քոլեջի ստեղնաշարային գործիքների բաժնում: Համատեղելով սպարտն ու արվեստը՝ երկու բնագավառներում էլ իրեն լավ կերպով է դրսևորել, դա վկայում են մի շարք պատվոգրերն ու մեդալները:
Արմենը շատ աշխատասեր էր, դեռ փոքր տարիքից ծնողներից գաղտնի աշխատել ու գումար է հավաքել, վերջում ներդրել է տան վերանորոգման մեջ, նաև մի անգամ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, որպեսզի օգնի ընտանիքին:
Արմենը և ընկերը ծառայության մեկնելուց 2 ամիս շուտ ներկայացել են տեղի Զինկոմիսարիատ ու խնդրել, որ իրենց կամավոր զորակոչեն Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունիի N պաշտպանական զորամաս, սակայն նրանց մերժել են ու խնդրել սպասել զորակոչի մեկնարկին:
2015 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամաս, այնուհետև տեղափոխվել Թալիշի զորամաս՝ որպես ավագ հետախույզ-գնդացրորդ: Ծառայությանը հեշտ է ընտելացել ու ինչպես հիշում են հարազատները՝ մեծ սիրով է ծառայել։
2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին՝ Արմենը իրականացրել է հետախույզի բարդ ու պատասխանատու աշխատանքը, վիրավորվել, սակայն իսկույն վերադարձել է առաջնագիծ, աչքի է ընկել խիզախությամբ ու բոլորին ուժ տվել իր խոսքերով: Շաբաթներ շարունակ եղել է մարտական դիրքերում:
Արմենը երկար ժամանակ թշնամու ուշադրության կենտրոնում է եղել և ցավոք՝ 2016 թվականի մայիսի 11-ին, թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվել է:
Արմեն Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: