Անմահ հերոս Վլադիմիր Ալիխանյան

321-րդ տանկի նշանառու-օպերատոր Վլադիմիր Ալիխանյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 29-ին՝ Դիլիջան քաղաքում։ Սովորել է Դիլիջանի թիվ 1 դպրոցում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Դիլիջանի Պետական քոլեջի տնտեսագիտության բաժինը։
2014 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության ու վեցամսյա ուսումնական փուլով ծառայել ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում, որից հետ՝ ծառայությունը շարունակել էր Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Վարանդայի զորամասերից մեկում։
Վլադիմիրը մարտական բարձր պատրաստվածության ու լավ գիտելիքներ ունենալու համար՝ 2015 թվականին ճանաչվել է զորամասի լավագույն նշանառու-օպերատոր և պարգևատրվել։
2016 թվականի ապրիլին հակառակորդը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ, իսկ հայկական կողմը՝ համարժեք պատասխանել է հակառակորդի սադրանքներին։
Առաջին հարձակման ընթացքում թշնամուն հաջողվել է գրավել Մեխակավանի ուղղությամբ տեղակայված մի քանի դիրքեր։ Վարանդայից Մեխակավան օգնության հասած անձնակազմի մեջ էր նաև 321-րդ տանկի անձնակազմը։
Անձնակազմի անդամները՝ հրամանատար Բենիամին (Մոնթե) Եղոյանը, մեխանիկ-վարորդ` Տիգրան Աբգարյանը, նշամառու-օպերատոր` Վլադիմիր Ալիխանյանը ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ խոցել են հակառակորդի 3 տանկ և 1 հետևակ մարտական մեքենա։ Անձնակազմը մարտի ընթացքում տապալել է հակառակորդի դրոշն ու ծածանել եռագույնը։ Նրանց տանկը խոցվել է մարտական առաջադրանք կատարելու ընթացքում։
Վլադիմիրը որոշել էր, ծառայության ավարտից հետո մնալ զորքերում` որպես տանկիստ ու շարունակել ծառայել հայրենիքին։
Վլադիմիր Ալիխանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: