Անմահ հերոս Խաչատուր Հարությունյան

Խաչատուր Հարությունյան, ով զոհվել է հայրենիքի սահմաններն ամուր պաշտպանելիս, ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 25-ին Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում։
Հարազատները հիշում են՝ Խաչատուրը փոքր տարիքում շատ աշխույժ երեխա էր, շատ հաճախ էր փորձանքների մեջ ընկնում, բայց հրաշքով փրկվում էր, դա իր մեծ հավատի շնորհիվ էր լինում։
Հայրենի գյուղում սովորել և ավարտել էր տեղի դպրոցը, 2014 թվականին ընդունվել էր Գյումրու ՀՏՊՀ-ի մասնաճյուղի ֆինանսահաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում բաժինը։ Խաչատուրը մեծ սիրով էր ընտրել իր մասնագիտությունը, սիրում էր թվերի հետ աշխատել, երազում էր լավ մասնագետ դառնալ։
2015 թվականին ուսումը կիսատ թողնելով Խաչատուրը մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մեխակավանի (Ջրական) զորամասերից մեկում, գնդացրորդ էր, կրտսեր սերժանտի կոչման էր արժանացել։ Զորամասում ծառայության ընթացքում ընկերները նրան «Կասկա» մականունով էին դիմում։ Ծառայության ընթացքում բազմաթիվ շնորհակալագրերի էր արժանացել, մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում ծառայությանը, մշտապես աչալուրջ էր, ջոկի տղաների հետ միշտ պատրաստակամ մարտական խնդիր կատարելու։
2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Խաչատուրը եղել է զորամասում, սակայն տագնապով բարձրացել են դիրքեր, գործողությունների օրերին, ինչպես ծնողներին պատմել են կամավորներն ու Խաչատուրի ծառայակից ընկերները, նա շատ մեծ ակտիվություն է դրսևորել, բոլորին ոգի տվել, չի քնել այդ օրերին, միշտ փորձել է բոլորին օգնել։
Մայիսի 17-ին, հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից Խաչատուրը զոհվել է։
Խաչատուր Վարդանի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հարազատ գյուղում Խաչատուրի հիշատակը վառ պահելու համար, ընկերները մատուռ են կառուցել, որը կոչվում է «Սուրբ Խաչիկ», գյուղում այգի է կառուցվել, որը կոչել են «Խաչայգի», իսկ դպրոցում ռազմագիտության դասասենյակն են կոչել նրա անունով. այնտեղ են դրված նրա անձնական իրերն ու ձեռքի աշխատանքները, որոնց մեջ մեծը սրբապատկերներ են։
2018 թվականի հունիսի 10-ին Հարությունյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել Խաչատուրի եղբայրը՝ Նարեկը, ով ընտանիքին ստիպում է ապրել, ոտքի կանգնել ու վառ պահել մեծ եղբոր հիշատակը։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: