Ռազմիկ Վաղարշակի Հարությունյան

Ծնված՝ 1935թ․ հուլիսի 22-ին Ազատ գյուղում։
Ապրում էր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ Ազատում։
Աշխատում էր գյուղի խանութում որպես գործակատար։
Մասնակցել է Ազատի, Կամոյի, Գետաշենի և Մարտունաշենի պաշտպանությանը։
Զոհվել է 1989թ․ նոյեմբերի 23-ին Ազատ գյուղում՝ թշնամու գնդակից գյուղի պաշտպանության ժամանակ։
Թաղված է Ազատի գերեզմանոցում։
Մեր գյուղը գնալով դատարկվում էր․․․
Գյուղի դպրոցն արդեն փակվել էր։
Խելագարվում էր այն մտքից, որ գյուղը կարող է շուտով լրիվ տեղահանվել։ «Ախր ձեր պապերի գերեզմաններն ո՞ւր եք թողնում, ո՞ւմ եք թողնում»։ Ցավում էր, մրմռում։ Նաև վստահ էր, որ միևնույն է, թուքրին չեն թողնի գյուղ մտնի։
Մենք տասը տարի երեխա չէինք ունենում․ հետո երեքն ունեցանք։ Երեխաները նրա երջանկությունն էին, հարստությունը, իսկ գյուղի պաշտպանությունը՝ տարերքն ու կյանքի իմաստը։ Վերջին երկու տարին ավելի շատ խրամատներում ու դիրքերում էր եղել, քան տանը։ Ազգի համար խելքն իրենը չէր։ «Արարատի» խաղերը Երևանի Հրազդան ստադիոնում բաց չէր թողնում։ Նույնիսկ վերջին տարիների խառը օրերին հնարավորություն էր գտնում, որ «Արարատի» խաղին իրեն գցի Երևան։ Վերադառնում էր միայն հաջորդ օրը լուսադեմին։ Թե «Արարատը» պարտված էր լինում, ցավից կուչ էր գալիս․ «Ոնց, բա «Արարատը» պարտվի՞»։ «Արարատը»․․․
Գյուղը գնալով դատարկվում էր։
«Ով,ով, ես միևնույն է, այնտեղ պետք է մեռնեմ»։
Հպարտ էր, որ թուրքը երբեք իր օրում մեր գյուղը չի մտել, մեր գերեզմանները մնացել են անպիղծ, և սարսափում էր մտածել, որ․․․
Նախօրոք զգուշացրել էր, եթե իր հետ մի բան պատահի, և մենք, այնուամենայնիվ, ստիպված լինենք թողնել գյուղը, նախ անհրաժեշտ է անպայման տունը հրդեհել, որ թուրք չմտնի՝ չպղծի, հետո միայն երեխեքին փախցնել։
Գյուղն արդեն կիսով չափ դատարկվել էր․․․
Ամառային արձակուրդները վաղուց վերջացել էին, իսկ երեխեքը դեռ Երևանում էին ու դպրոց դեռ չէին գնում։ Գյուղի դպրոցը փակվել էր, այլ տեղ էլ, թեկուզև Երևանում, երեխեքի ուսումը շարունակելուն նա դեմ էր․ «Չէ, միմիայն իրենց դպրոցում, գյուղում։ Հո չե՞նք թողնելու, որ մեր դպրոցը դատարկվի և վերջնականապես փակվի, հո բոլորդ չե՞ք գժվել»։
Դեռ չէր հուսահատվում, հույսը լրիվ չէր կորցնում։ Ինձ ուղարկեց Երևան՝ երեխաներին բերելու։ Տեղ հասնելուց հաջորդ օրը լուր ստացա, որ Ռազմիկը ծանր հիվանդ է, որ շտապեմ։
Ետդարձի ուղղաթիռը Կամոյից էր մեկնում։ Օդակայանի աշխատակիցներից մեկը ուղևորների մեջ զոհվածի ընտանիք էր փնտրում․․․
․․․Տնից դուրս էր եկել, տեսել քոչերով բարձած թուրքերի մեքենաները գյուղը բռնած, համագյուղացիների դատարկված տները ներխուժելիս, թուրքական դրոշներով, տեսել, թե ինչպես են համագյուղացիներից մեկի գլուխը կտրել։
Օգնության չսպասելով այլևս՝ կռվի էր բռնվել լկտի ամբոխի հետ։
Գյուղը գրեթե դատարկ էր։ Թաղման թափորից երևաց։ Մինչև քառասունքի օրը տնից դուրս չէի եկել, որ վերջիններից ենք մնացել․․․
Այրի՝ Ռազմիկ Հարությունյանի
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: