Խաչիկ Արշակի Հովհաննիսյան

Ծնվել է 1949թ․ նոյեմբերի 2-ին Երևանում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Երևանում։ Մասնագիտությունը՝ դերասան։

Աշխատում էր Երևանի դրամատիկական թատրոնում որպես դերասանական խմբի վարիչ։

Զոհվել է 1989թ․ օգոստոսի 8-ին Թալինի գերեզմանատանը՝ ինքնաշեն զենքի փորձարկման ժամանակ;

Թաղված է երևանում, Առինջի գերեզմանոցում։

Նախնիները սասունցիներ էին, ինքը հոգով՝ նույնպես։ Ազգի տոհմածառը իր սրբությունն էր, և չէր հոգնի անվերջ այն ուսումնասիրելուց։ Մեծ մորն էր աղոտ հիշում, նրանց «Ջոջո» էին ասում։

Սասունցի էր հոգով և գործով։

Էր․․․ անհանգիստ, զգացմունքային, հեռատես։

Սումգայիթյան դեպքերը և միտինգները դեռ չէին սկսվել, բայց նա վաղուց արդեն լծվել էր հայրենանվեր մի գործի, որով մյուսները հետո միայն սկսեցին զբաղվել։

         Իրատես էր, հեռատես և անհանգիստ, համոզված, որ ազգի ինքնապաշտպանության և անվտանգության խնդիրը ազգն ինքը պետք է լուծի։ իրատես էր, գործունյա ու նախաձեռնող։

«Իր գործերին» միայն մեր որդին՝ Արթուրն էր տեղյակ ու մասնակից։ Համոզված էր, որ «Սումգայիթին հաջորդելու էր Բաքուն»։ Համողված էր․ առավել ևս համոզված, որ ազգի ինքնապաշտպանության գործը միայն ազգի որդիների գործն է, որը սկսվում է համապատասխան միջոցների ստեղծումով։

Իրատես էր, համոզված և նախաձեռնող․․․

Միտքը միայն մի բանով էր զբաղված՝ ավելի արագ, ավելի շատ, ավելի հզոր։

Երակներում սասունցու արյուն էր հոսում, սասունցու վրեժ և արժանապատվություն, միտքը՝ միշտ արթուն, նպատակամղված կոնկրետ գործի։

Այդ օրը շուտ վեր կացավ, ասեց, որ Արթուրի հետ գնում են իր տատի գերեզմանին ծաղիկ դնեն, շուտ կվերադառնան։

Ի՞նչ տատ, ի՞նչ գերեզման, որտեղի՞ց էր հիշել։ Հետո միայն հասկացա, թե ինչ էր նշանակում «գերեզմանին ծաղիկ դնելը»․․․

         Արթուրս հրաշքով փրկվեց՝ մարմնի մեջ բազմաթիվ բեկորներ․․․

Այրի՝ Խաչիկ Հովհաննիսյանի