Հայրապետ Սուլեյմանի Շահրամանյան

Ծնված՝ 1926թ․ ապրիլի 28-ին Ասկերանի շրջանի Խանբադ գյուղում։

Ապրում էր կնոջ, որդու և դստեր հետ Խանաբադում։

Մասնագիտությունը՝ հյուսն-ատաղձագործ։

Թոշակառու։

Գազանաբար սպանվել է 1988թ․ սեպտեմբերի 18-ին Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի մոտ։

Թաղված է Խանաբադի գերեզմանոցում։

 

Վեց եղբայր էին, երկու քույր։ Ինքը բոլորի մեծն էր ու հոր մահից հետո հայրություն էր անում մյուսներին։ Բայց բոլորը՝ մի կողմ, իննսունութամյա մայրը՝ մյուս։

Երեք տարի ռազմաճակատում է եղել։ Պատերազմից վերադառնալուց հետո ամբողջ կյանքն աշխատել է միայն քսանութ տարի Աղդամի շրջանում դուրգարություն էր անում։

Քանի քանիսների համար է գործ արել․ լինի հայ, թե ադրբեջանցի։ Ով կմտածեր, որ ազգամիջյան հարաբերություններն այդպես կսրվեր ու ինքն էլ կդառնա դրա զոհը։ Բա քսանութ տարին․․․, բա մարդկություն, հարևանություն։

Քսանութ տարի․․․ Ափսո՜ս։

Մեր հարևաններից մեկը զանգեց, թե Ստեփանակերտից եկած հյուր ունի, պետք է հետ վերադառնա, դրությունը լարված է, ճանապարհը՝ վտանգավոր։ Խնդրեց հյուրին մեքենայով տեղ հասցնել։ Ամեն գնով փորձեցի դեմն առնել, խնդրել, որ մերժի, չգնա, ուշ է, վտանգավոր։ Վա՜հ, ո՞նց կլիներ, մի բան են խնդրել ու ինքը մերժի՞։ Ի՞նչ ուշ, ի՞նչ վտանգ, ի՞նչ․․․, ինքը բոլորին․․․ բոլորը իրեն․․․, միայն քսանութ տարի․․․

Գնաց։

Խնդրեցի գոնե շուտ վերադառնա, որ օգնի կովերը կթեմ» Կովերի դարդը չէի, ուղղակի անհանգիստ էի, սիրտս վատ բան էր գուշակում։

Չկար ու չկար։ Գնացի հետևից։ Կեսգիշերին ոտքով հասա Ասկերան։ Այնտեղ չթողեցին էլ առաջ գնամ․ «Չի կարելի, վտանգավոր է»։ Ստիպված էի վերադառնալ գյուղ՝ անտեղյակ, որ մի քանի կիլոմետր այն կեղմ կատաղած ամբոխը ծեծելով սպանել է Հայրոյին։

Ճանապարհին մեքենան կանգնեցրել են, թե․ «Ի՞նչ ազգ ես»։

_Ի՞նչ տարբերություն, թե ինչ ազգ եմ,- պատասխանել է։

Տարբերությունը այլևս մեծ էր ու ճակատագրական։

Առավոտը նորից ոտքով հասա Ասկերան։ Պատահաբար հանդիպեցի նրա ընկերոջը, ասաց, որ Հայրոն Ստեփանակերտի հիվանդանոցում է, վիճակը՝ ծանր։ Ճամփեքը փակ էին, հնար չկար հասնելու։

Երեք օր հետո բերեցին․․․

Մեր վեց երեխաները տարբեր հանրապետություններում էին ապրում։ Վաղուց չէինք տեսնվել» Իրենց հոր թաղմանը բոլորը եկան։ Երբեք մեզ այդպես անտեր ու մենակ չէինք զգացել, ոչքան այդ օրչը, ոերբ նույնիսկ բոլորով միասին էինք վերջապես․․․

Այրի՝ Հայրապետ Շահրամանյանի