Անմահ հերոս Գրիգոր Ռոբերտի Թորոյան

Գրիգոր Ռոբերտի Թորոյան ծնվել է 2001թ.-ի հունիսի 21-ին՝ Շիրակի մարզի Ջրառատ գյուղում։ Գրիգորը տան միակ արու զավակն էր՝ երկու քույրերի միակ եղբայրը։ 2019թ.-ին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ։ Ուսումը չսկսած զորակոչվել է բանակ։ Գրիգորը ծառայության է անցել Արցախի՝ Դրմբոնի ԴԳԳ-ում, եղել է հետախույզ։ Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսական և շնորհակալական պարգևների, ինչպես նաև ստացել է սերժանտի կոչում։

Գրիգորը կյանքով լի մարդ էր. «Հիմա, որ հետ եմ նայում վստահ եմ, որ իմ կողքին հրեշտակ է եղել՝ անթերի մաքուր ու այդքան հավատով։ Ես դեռ ոչ մեկին կյանքումս չեմ հանդիպել, որ իր նման հավատա Աստծուն ու խաչ պաշտի։ Գրիգորին առանց ժպիտի հիշելն անհնար է»,-ասում է Գրիգորի քույրը՝ Սյուզի Թորոյանն ու հավելում, որ եղբայրը մանկուց շատ էր սիրում սպորտը՝ հատկապես ֆուտբոլը. «Հայրս միշտ բողոքում էր, որ Գրիգը ֆուտբոլ շատ կսիրեր, կսեր էդի ինչ է, ըմբես սպորտով զբաղվի, որ ինքնապաշտպանվել կռնանաս, թե չէ վազելն ինչ, շատ-շատ կռվի վախտ լավ փախնիս։ Ինքը էդ խոսքից հետո միշտ քմծիծաղ կուտար։ Պատերազմի ժամանակ հրաժարվել է փախնելուց, հետ գալուց ու փրկվելուց, ինքը բոլորիս ապացուցեց, որ իսկական տղամարդ ախպեր ու տղա ենք ունեցել, ով ոչ միայն իր երդմանը տեր եղավ` չխնայել կյանքը հանուն հայրենիքի, այլև ապացուցեց, որ ինքը փախնող տեսակ չէ»։
Գրիգորը պատասխանատու էր, սկսած գործերը միշտ ավարտին էր հասցնում. Իրեն սպասելու դժվար գործն էլ իր վրա վերցրավ` սեց դուք մեղք եք, թույլ եք, չեք դիմանա ընձի սպասեք, ես վերևում ձեզ կսպասեմ»։

Գրիգորը շրջապատի մարդ էր, կապված էր բոլորի հետ, հիշում ու հետաքրքրվում էր բոլորով։ Նույնիսկ ծառայության ժամանակ բոլորին գրել-զանգելու ու հետաքրքրվելու համար ժամանակ գտնում էր։
«Քաղցր շոկոլադն իր պայուսակի ու գրպանի կարևոր մասն էր։ Հիմա էլ տանն իր անկյունում՝ իր սիրած կոնֆետները դրված են։ Ինքը չի կարող օգտվել դրանից, բայց տուն եկող փոքրիկներին «հյուրասիրում է»` դե քեռին քանի կա, եգյանը պիտի շակալադ ուտե։ Իսկ իրենց քեռին կա, միշտ կլինի ու ավելի երկար կապրի քան մենք»,-ասում է Սյուզին ու ժպտալով հիշում, որ երբ եղբորը հարցնում էր՝ Գրիգ, հո չես ծխու՞մ, եղբայրը կատակով ասում էր, որ փող ունենա, սնիկերս կառնի։
Գրիգորը բացի հարգված ու սիրված լինելուց, նաև չափազանց հնարամիտ էր ու տրամաբանող. «Հիշում եմ փոքր էր, տատիկս նրա համար հերթական բաժին քաղցրավենիքն էր գնել ու պահել էր, ամբողջը ցույց չէր տվել, որովհետև գիտեր, եթե Գրիգը տեսներ ամբողջը՝ հաստատ մի քանի ժամում վերջը տալու էր։ Գրիգն էլ, որպեսզի բացահայտի, թե որտեղ է պահած, հեռախոսի տեսախցիկը միացրել ու դրել էր պահարանի վրա, հետո տատիկից կոնֆետ խնդրել։ Տատիկը կոնֆետը բերել էր, ինքն էլ հեռախոսի օգնությամբ ֆիքսել մնացածի տեղը»։
Գրիգորը միշտ ցանկացել է Արցախում ծառայել։ Վիճակահանության օրը, նրան առաջարկել են ուսումնական զորամաս գնալ, հետո մասնագիտական հմտությունները կիրառել այլ զորամասում, բայց չի ցանկացել. «Իր ոչ մի որոշմանը մեր ընտանիքը դեմ չի եղել, վստահել ենք իրեն, ինքը ոչ մի սխալ քայլ չի արել, որի համար բողոքեն իրենից, ինքը սխալ անողներին էր ճիշտը սովորեցնում։ Բանակ գնալուց ընդամենը մի շաբաթ հետո պապայիս 50-ամյակն էր, պապան խնդրեց մնա, որ տոնենք ծնունդը ռեստորանում համ էլ բանակի քեֆն անենք, ինքը չհամաձայնվեց, ասեց չէ ու ամեն ինչ արեց ոնց ուզում էր։
Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Գրիգորն Արցախի զինվոր էր։ Տանեցիների հետ խոսել է սեպտեմբերի 26-ի երեկոյան, լրիվ հանգիստ ձայնով, մշտականի նման, ասել, որ առավոտյան Մարտակերտ է գնալու՝ ջոկի տղերքին մրցումների տանի, մի քանի օրից՝ վերջին անգամ դիրքեր բարձրանա, հետո արդեն նորակոչիկներին դասեր տա. «Ծառայության մասին երբեք ոչինչ չի պատմել, ինչով է զբաղված եղել, ինչ զենք է ունեցել, ինչ դիրք են բարձրացել, ասում էր՝ մեկա չգիտեք ինչ ա, որ ասեմ ի՞նչ կտա ձեզ, ձեր համար ի՞նչ տարբերություն զորամասից կզանգեմ, թե եսիմ որտեղից, կարևորը ձենս կլսեք»։
Վաշտի հրամանատարն ընտանիքին պատմել է, որ երբ ասում էր Թորոյան, ինչու՞ ես դեռ կրտսեր սերժանտի կոչումով, չես փոխում, պատասխանը հստակ էր լինում. «Պարոն կապիտան, իմ զինվորներն ինձ սիրում, հարգում ու ենթարկվում են առանց սերժանտի տարբերանշանի։ Կփոխեմ էլի, ինչ կա շտապելու»։ Գրիգորի ծառայակից ընկերը՝ Սարգիսը ասում է, որ սերժանտի կոչումը չէր փոխել Գրիգորին, նա մնացել էր այնպիսին, ինչպիսին կար. «Նրա համար այդ կոչումն ընդհանրապես նշանակություն չուներ։ Պարտավորեցնում էր, այո, բայց ընկերների ու մյուսների հետ նա միշտ նույն Գրիգորն էր»։
Սերժանտ Թորոյանը հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը՝ Թալիշի դիրքերում։ Ծնողները զոհվելու բոթը ստացել են հոկտեմբերի 9-ի առավոտյան, երբ համացանցում զոհերի ցուցակը նայելիս գտել են նաև Գրիգորի անունը։ Անունը կարդալուն պես՝ հայրն անցել է որոնողական աշխատանքների, որդուն փնտրելով բոլոր հնարավոր ու անհնար տեղերում, նույնիսկ որոնումների ժամանակ եղել է այն դիրքում, որտեղ հերոսաբար ընկել էր որդին։ Գրիգորին ողջ գտնելու հույսը վերջնականապես մարել է 2021թ.-ի հունվարի 24-ին, երբ եղել է ԴՆԹ-ի համընկնում։
Գրիգորի մարմինը զինվորական կարգով հողին են հանձնել հայրենի գյուղում` ընտանեկան գերեզմանոցում. «Սեպտեմբերի 27-ի առավոտ, ժամը 10-ին պապային զանգել էր, միշտ մամային էր զանգում առաջինը, էս անգամ պապային էր զանգել ու պապան չէր նկատել, հետո երբ տեսել ու հետ էր զանգել՝ արդեն ուշ էր, եղբորս վերջին զանգն անպատասխան մնաց։ Ինչ էր ասելու ու թե ինչու էր զանգել, էդպես էլ չիմացանք…»,-պատմում է Սյուզին, հետո հույսով է լցվում, քանզի պատերազմից ամիսներ անց որդի է ծնել ու եղբոր անունն է տվել՝ Գրիգոր։ Սյուզին վստահ է, որ իր Գրիգորը քեռու կյանքի շարունակողն ու նպատակների իրականացնողն է դառնալու։
Գրիգոր Թորոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից» երախտագիտության մեդալներով։
Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Իննա Թումանյան

 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ