Կաթիլայինի ծայրից կտրել, ձողիկ եմ սարքել, որ հիվանդներս ջուր խմեն. ստեղ սաղ ասում են՝ բժիշկ ապրես, բժիշկ դու կարաս. Անմահ հերոս Արտյոմ Բաբայան

Արտյոմ Հովիկի Բաբայանը ծնվել է 2001թ.-ի մարտի 16-ին Երևան քաղաքում։ Դեռ վաղ տարիքից ծնողներն Արտյոմի մեջ սերմանել են հայրենասիրութուն, նվիրվածություն հարազատների հանդեպ, անկեղծ ու ջերմ սեր՝ շրջապատի նկատմամբ։ Պատմում են, որ մանկության տարիներին շատ ճարպիկ, աշխույժ և չարաճճի երեխա էր։ 2007թ.-ին ընդունվել է Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց։ Ուսուցիչները և՛ սիրում էին նրան, և՛ բողոքում նրանից։ Ասում են, որ ակտիվության պատճառով միշտ աչքի էր ընկնում, բայց միևնույն ժամանակ խելացի էր, ընդունակ։ Սիրելի առարկաներն էին մայրենի լեզուն և հայոց պատմությունը։ Սովորելուն զուգահեռ Արտյոմը զբաղվել է բռնցքամարտով՝ հաճախելով Երևանի Մալաթիա-Սեբաստիայի Մանկապատանեկան համալիր մարզադպրոց։ Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ։ Ավարտելով դպրոցը, 2016թ.-ին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ՝ ատամնատեխնիկական գործ մասնագիտացմամբ։ Ուսմանը զուգահեռ՝ 16 տարեկանից աշխատել է «ՍԱՍ Գրուպ» ընկերությունում՝ անընդմեջ դառնալով «լավագույն աշխատող» ու արժանանալով բազմաթիվ պատվոգրերի և խրախուսանքների։
Արտյոմի մանկության ընկերներից Դիանա Բադալյանը պատմում է, որ նա ընկերասեր էր, հոգատար, կյանքով լի, ժպտերես ու բարի. «Ուրիշ բառով՝ լույս մարդ, ում հետ մի վայրկյան էլ տխուր չէիր մնա։ Իր կատակներով, ծիծաղով միշտ բարձրացնում էր տրամադրությունդ։ Արտյոմը շատ ուշադիր ու հոգատար էր, հարգանքով բոլորի հանդեպ, միշտ պատրաստ էր ձեռք մեկնել, եթե դրա կարիքը կար և իզուր չէր, որ ապագա մասնագիտությամբ բժիշկ էր»:
Ավարտելով քոլեջը՝ 2019թ.-ի հուլիսի 4-ին Արտյոմը շատ բարձր տրամադրությամբ զորակոչել է բանակ։ Ծառայությունն անցկացրել է Որոտանի (Կուբաթլու) զորամասում։ Ծառայությունից ամիսներ անց վերապատրաստվել է Զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում և դարձել բուժակ, կրտսեր սերժանտ։
Արտյոմի  հետ Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում վերապատրաստում անցած ծառայակից ընկերը՝ Րաֆֆի Թադևոսյանը պատմում է, որ Արտյոմը շատ լավ էր սովորում և հետաքրքրվում էր ամեն ինչով ու ուզում էր ամեն ինչի մասին գիտելիքներ ձեռք բերել. «Ինչ սովորում էինք, հետո մեկս մյուսի վրա փորձարկում էինք՝ ավելի լավ հմտանալու նպատակով: Ես ու Արտյոմը շատ էինք մտերմացել ու միշտ դասից հետո համապատասխան պարագաները վերցնում էր, ասում՝ գնանք լսարան ու փորձարկենք: Մենք պատերազմից շատ էինք խոսում ու նա միշտ ասում էր, որ վերջացնենք, գնանք, կռիվ է սկսվելու, ինչքան կարող ենք պիտի լավ սովորենք, քանի որ մարդկանց կյանքերի հետ գործ ունենք: Երբ իմացա Արտյոմի և մյուս ընկերներիս  կորստի մասին, որոնց հետ այդ մի քանի ամիսը սովորել էի, շատ դժվար էր, ու ինքնստինքյան միշտ հիշում եմ Արտյոմի ասածները՝ «կհիշեք ինձ ու իմ ասածները, երբ պատերազմ սկսվի»:  Ինքը շփվող էր, հյուրասեր, բայց մեզ ամենաշատը հայրենասիրությունն էր կապել, որովհետև մեր գաղափարները համընկնում էին»:
Ծառայությունից միշտ գոհ և երբեք չբողոքող Արտյոմը բազմիցս գնում էր Ջրական՝ (Ջեբրայիլ) մասնակցելու զորավարժությունների։ Վերջին զորավարժության ժամանակ էլ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Զինակից ընկերներից մեկը պատմում է, որ Արտյոմը կանխազգացել է մոտալուտ վտանգն ու սեպտեմբերի 26-ի գիշերը, Ջրականում՝ խարույկի մոտ, ընկերներին ասել է. «Պատկերացնու՞մ եք առավոտ տագնապ տան, ո՞նց պիտի վեր կենանք»։
Սեպտեմբերի 27-ին ընտանիքի անդամները անդադար զանգում էին Արտյոմին, սակայն հեռախոսն անհասանելի էր։ Քույրը՝ Աստղիկ Բաբայանն ասում է, որ երեկոյան, երբ զանգել է տուն, պատմել է, որ վիրավոր զինվորներով է զբաղված. «Ասում էր, որ ինքն ապահով վայրում է, բայց այն ժամանակ, երբ լսել է իրեն օգնության կանչող վիրավոր զինվորներին՝ զենքը փոխարինել է առաջին բուժօգնության իրերով»:
Արտյոմը ամեն անգամ տանեցիներին զանգելիս հուսադրում էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է, բայց և ասում էր, որ սովորական կռիվ չի, սովորական հիվանդներ չեն.
«Մա՛մ, ստեղ շատ վիրավորներ կան, իրանցով եմ զբաղված, մեկի ձեռքը չկա, մյուսի` ոտքը:
Մա՛մ, ես ինձ չեմ կորցնում, լավա սենց պահերին ուղեղս հարյուրի տակ ա աշխատում, խոսացնում եմ տղերքին, որ գիտակցությունները չկորցնեն, հարցնում եմ ծխու՞մ ես ու սիգարետը կպցնում, դնում եմ բերաններին, որ ցավը մեղմեմ, հաց եմ տալիս հիվանդներիս։ Կաթիլայինի ծայրից կտրել ձողիկ եմ սարքել, որ ջուր խմեն։ Ստեղ սաղ ասում են՝ բժիշկ ապրես, բժիշկ դու կարաս»։
Մի քանի օր անց Արտյոմի հեռախոսը դարձավ անհասանելի, բայց երեկոյան` զանգ Արտյոմից. «Արդեն իր սիրելի զորամասում էր, լավ էր, պատմեց, որ օրեր առաջ տանկի մեջ էր, ընկերոջ` Գոռի հետ, որ տանկը պայթեցրել էին, ոտքից թեթև վիրավորվել է, ինքն իրեն վիրակապել, լուրջ բան չկա։ Պատմում էր, որ Գոռի հետ (Գոռը տանկիստ էր) տասնյակ վիրավորների, երկուսով՝ առանց վախի Ուռալով Ջրականից՝ սարերի, ձորերի միջով տեղափոխել են Կապանի հիվանդանոց, անուհետև կրկին վերադարձել զորամաս։ Այդ օրերին, երբ Արտյոմը Որոտանում էր, զորամասն անդադար ռմբակոծվում էր»,-պատմում է Աստղիկն ու հավելում, որ
Եղբայրն իր սիրելի հրամանատար Էդգար Մաթևոսյանի և իր լավ ընկեր Գոռ Երմալովյանի հետ ազատագրել է «Լալալայկա» բարձունքը։
Այդ օրերին թե’ հրամանատարները, և թե’ զինվորները Արտյոմին օգնության էին կանչում բժի՜շկ վանկարկելով։
19-ամյա տղան, ով նախկինում պատերազմ չէր տեսել ու նմանատիպ պայմաններում չէր աշխատել, մարտի դաշտում միանգամից համարձակորեն իր մասնագիտական առաքելությանն էր անցել։ Նա ասում էր, որ իր հանգստությունն ու ինքնավստահությունը փոխանցվում են զինվորներին։
Աստղիկի խոսքով՝ եղբայրն իր կյանքի ամեն մի օրն ապրել է հազար տարվա խտությամբ. «Ինձ համար ամեն մարդ ունի իրեն բնորոշ գույնը։ Ես այս կյանքում շատ գույներով մարդկանց հետ եմ շփվում, տեսնում  նրանց սրտի գույնը. կապույտ, կարմիր, սպիտակ, դեղին, սև և այդպես շարունակ։ Նրանք վառ գույներ ունենալու հետ մեկտեղ՝ իրենց սրտի վրա ունեն սև գծված բծեր։ Բայց կա մեկը, ով բոլորից տարբերվում է, եղբայրս՝ Արտյոմը։ Նա բազմերանգ մարդ էր, նրա սրտի գունապնակում միշտ վառ գույներ էին և այնտեղից իսպառ բացակայում էր սևը։ Ես միշտ փորձել եմ հասկանալ իր հոգին ու հասկացել եմ, որ այն օվկիանոս էր։ Շատ խորը օվկիանոս, որ թվում էր, թե հատակին չես հասնի ու չես տեսնի գեղեցիկ ու գունավոր ձկներին։ Սիրտն այնքան մեծ էր, որ եթե աշխարհի բոլոր մարդկանց բռունցքներն էլ միացնենք իրար, նրա սրտի չափ չի լինի: Աչքերը սպիտակ էին, որովհետև միայն բարի մարդկանց աչքերն են սպիտակ լինում: Մազերը կարմիր են, ձեռքերը՝ կանաչ, ոտքերը՝ դեղին։ Նա այնքա՜ն գունավոր էր»:
Արտյոմն Աստղիկի պաշտպանն էր, նույնիսկ՝ ընտանիքի ներսում: Աստղիկը հիշում է, որ մի օր, երբ նեղացել է ընտանիքի անդամներից, եղբայրն իրեն լսել, հետո գնացել էր իր «իրավունքները պաշտպանելու». «Նրա համար մեկ էր, ես ճիշտ եմ թե սխալ, որովհետև ոչ ոք իրավունք չուներ իր Աստղիկին նեղացնելու»:
2020թ.-ի հոկտեմբերի 15-ին, հերթական առաջադրանքը կատարելիս, Արտյոմ Բաբայանն իր 6 ընկերների հետ հերոսի մահով ընկնում է:
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության, մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքի մարտական պատրաստվածության ապահովման և անմնացորդ նվիրումի համար Արտյոմը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Իննա  Թումանյան