Անմահ հերոս Դավիթ Խաչատրյան

 «Ես էստեղ եմ ընտանիքիս, հայրենիքիս ու յուրաքանչյուր արժանի մարդու համար, ու մենք պահելու ենք մեր հողերը՝ թեկուզ կյանքի գնով»,- մոր՝ տիկին Նառայի հետ ունեցած զրույցում էր ասել 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Արմենի Խաչատրյանը։

  Դավիթը ծնվել է 2001 թվականի փետրվարի 14-ին Երևանում։ Սովորել է Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական, այնուհետև Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցում, որն ավարտելուց անմիջապես հետո՝ հուլիսի 2-ին, զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Հադրութում, դիպուկահար էր։

  Դավիթը հետաքրքրվում էր բիզնեսով, նկարչությամբ, ավելի մեծ տարիքում՝ հատկապես բանակ գնալուց առաջ, սկսել էր զբաղվել սպորտով, գնում էր լողի դասերի։

  Դասղեկը` Հասմիկ Կարապետյանը, Դավիթի մասին հիշելիս ասում է, որ նա ինքնուրույն ու կայացած էր, օգնում ու պաշտպանում էր բոլորին։ Բնավորության այս գծերը ուղեկցում էին Դավիթին նաև ծառայության ընթացքում։ Պատերազմի ընթացքում նա ստացել էր «Չղջիկ ջոկատի հրամանատար» մականվանումը. գիշերները մի վայրից մյուսն էր տեղափոխվում, սնունդ ու ջուր էր բերում։ Բայց ուր էլ գնար, միշտ զենքը ձեռքին էր, այն դարձել էր Դավիթի անբաժան ընկերը։

  Դավիթը ավագ ընկերների հետ հարգանքով էր խոսում՝ միաժամանակ չմոռանալով նաև հումորների մասին։ Մարտական ընկերները պատմում են, որ երբ արկ էր պայթում կամ հայտնվում էին վտանգավոր իրավիճակներում, Դավիթը մի հումար անպայման անում էր։ Այդպես էլ, երբ հերթական անգամ պետք է մի դիրքից մյուսը տեղափոխվեր, ընկերներից մեկը ասել էր, որ զգույշ լինի։ Դավիթը ժպտացել էր ու պատասխանել.

-Դիպուկահարը դիպուկահարին չի խփի։

  Երբ դիրքերից մեկից դուրս են եկել, Դավիթը այնտեղ գտնվող մատուռից հավաքել է բոլոր խաչերն ու սրբապատկերները, տեղավորել գրպաններում ու նոր ճամփա ընկել։ Ճանապարհին վիրավորվել է ու չի կարողացել ամբողջությամբ պահել դրանք։ Գրպանում մնացել են միայն մեկ խաչ, մեկ սրբապատկեր ու մեկ փամփուշտ՝ «Դավ-19-Հադրութ» գրությամբ։

  -Դավիթը ինձ թագուհի էր անվանում,-պատմում է մայրը,-երբեմն զանգահարում էր, ու ասում, որ ինձ աշխարհի չափ է սիրում։ Հետո եմ իմացել, որ այդ օրերին կամ թեժ մարտերի մեջ է եղել, կամ էլ հատուկ հանձնարարություններ է կատարել։ Այդպես է եղել նաև վերջին զանգի ժամանակ, երբ անօդաչուն հետևում էր նրանց։

  Դավիթի մայրը հաճախ է դիտում իրեն հասած տեսանյութերից մեկը, որտեղ իր որդին ասում է.

  -«На смерть» գնալու ենք:

  Այդպես էլ եղավ։ Դավիթը վիրավորվեց հոկտեմբերի 31-ին արկի պայթյունից, զոհվեց հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

  «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Լուսինե Գուլյան