Անմահ հերոս Ալեքսան Սաքանյան

Ալեքսան Սպարտակի Սաքանյանը ծնվել է 1994թ-ի հունիսի 26-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում։ 2001թ-ին ընդունվել է Ագարակի միջնակարգ դպրոցը։ 2012թ-ի հունիսի 26-ին զորակոչվել է բանակ։ 2014թ-ի հունիսի 26-ին էլ զորացրվել է։

Զորացրվելուց երեք ամիս անց Ստեփանավանի զորամասում որպես պայմանագրային զինծառայող անցել է ծառայության։ Երեք տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Վանաձորի «Դուց» զորամաս։ Զորամասում «ПК Ալեքս» էին ասում նրան։

-6 տարի պայմանագրային է եղել։ Սիրում էր իր գործը։ Ամենից շատ զենքն էր սիրում, ասում էր՝ իսկական տղամարդու զենք ա,- ասում է Ալեքսանի քույրը՝ Դիանա Սաքանյանը։
Ալեքսանը մասնակցել է 2020թ-ի հուլիսյան մարտերին։ Եղել է Չինարիում։ Սեպտեմբերի 27-ին իրենց դասակին տարել են Աղդամ (Ակնա), այնուհետև հոկտեմբերի 1-ին տեղափոխել Ջրական (Ջեբրայիլ)։
«Ինքը շատ բարձր տրամադրությամբ գնաց։ Ինձ էլ դուխ էր տալիս, ասում էր՝ գալու եմ, որ Գյումրիի ուսումնական զորամասում վերապատրաստվեմ, գնամ դասերի, որ սպա դառնամ։ Մեր արյան մեջ հերոսի արյուն կա, դա մեր գենի մեջ ա, պարտավոր ենք մեր երկիրը պաշտպանենք։
Եղբայրս փոքր տարիքում շատ խելոք էր, համեստ, քաշված։ Հետո բնավորությունը միանգամից փոխվեց։ Շատ աշխույժ էր, ժպտերես ուրախ։ Միշտ բարձր տրամադրություն ուներ։ Ընկերասեր էր չափից շատ, մեկ-մեկ նեղվում էի, որ ընկերների հետ ավելի շատ էր ժամանակ անցկացնում, քան մեր։ Բարի էր, զուսպ։ Որտեղ լիներ, բարձր ծիծաղի ձայնը լսվում էր։ Ասում էի՝ իմ քայլող ուրախություն։ Մորս շատ էր սիրում, յուրահատուկ ձև։
Եղբայրս 2 տարեկան էր, երբ հայրս մահացավ։ Նեղ օրեր շատ ունեցանք, ծանր, դժվար մանկություն։ Մամաս մենակ պահեց մեզ երեքիս։
Եղբայրս դրա համար մամայիս հետ ավելի ջերմ էր ու կապված»,- պատմում է Դիանան։
Ալեքսանը երազանքներ չէր ունենում, ասում էր՝ ես չեմ երազում, ես նպատակներ ունեմ։ Հերթով իրագործում էր։ Միակ նպատակը՝ քույրերին երջանիկ տեսնելն էր։ Ցանկանում էր ամուսնանալ և տղա ունենալ։
«Մի անգամ մամաս պատմում էր, որ հայրիկիս քեռիներն ու մայրիկիս հորեղբայրը պատերազմի մասնակիցներ են եղել ու երեքն էլ զոհվել են։ Հայրս՝ ի պատիվ իր քեռուն, որը երեխա չէր ունեցել, եղբորս ծնվելուց հետո անունը Ալեքսան դրեց։ Երբ իմացավ, թե ում անունն է, մի ամբողջ օր լաց եղավ, որ իր անունը հերոսի անուն են դրել։ Հաջորդ օրը լուրջ հայացքով նայեց մամայիս ու ասեց՝ մամ ջան, դու էլ ես դառնալու զոհված ազատամարտիկի մամա։ Մամաս ամեն օր հիշում է ու լաց լինում»,- ասում է Դիանան։
Ալեքսանի ընկերը՝ Արիկ Ոսկանյանը, ով պատերազմի ժամանակ եղել է իր կողքին, պատմում է, որ ամեն րոպեն հետաքրքիր է եղել Ալեքսանի հետ։
«Շատ բարի էր, ուզում էր բոլորին օգնել։ Ով ինչ հարցով դիմեր, ոչ մեկին չէ չէր ասում։ Գործի բնույթով էի ծանոթացել իր հետ ու այդտեղից էլ սկսել էր մեր շփումը։ Իրարից անբաժան էինք, ուր գնում էինք միասին էինք գնում։ Իրենից սովորել եմ, որ պետք է բոլորին օգնել, նույնիսկ այն մարդկանց, ովքեր վատն են ցանկանում։ Պատերազմի ժամանակ իմ կողքն է եղել, էդ ամեն ինչը ես իմ աչքերով եմ տեսել, բայց մինչև հիմա չեմ կարողանում հավատալ։ Ամեն օր զբոսնում էինք, 20 կիլոմետր գնում էինք, որ մի բաժակ սուրճ խմեինք ու հետ գայինք։ Մեր սովորությունն էր»։

Հոկտեմբերի 2-ին, երբ կռիվը Ջրականում թեժանում էր, սկզբում ձեռքից է վիրավորվում, բայց խրամատից դուրս չի գալիս, մնում է ընկերների հետ։ Երկար մարտերից հետո թշնամու դիպուկահարը Ալեքսանին գլխից մահացու վիրավորում է։ Հունվարի 26-ին ադրբեջանական կողմը Ալեքսանի մարմինը հանձնում է։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Զառա Թեյմուրազյան