Անմահ հերոս Նոյ Թևոնյան

Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում նահատակված Նոյ Լյովայի Թևոնյանը ծնվել է 2001 թ.-ի սեպտեմբերի 19-ին, Արարատի մարզի Արալեզ գյուղում: Նոյը տան կրտսեր երեխան էր, միակ տղան՝ երեք քույրերերից հետո:

2007-2019 թթ.-ին սովորել է Արալեզի հանրակրթական դպրոցում։ 2008-2011թթ.-ին Նոյը հաճախել է Վեդի քաղաքի մարզադպրոց և զբաղվել «Դոքենդո» կարատեով. «Նոյը նորագույն տեխնոլոգիաների մեծ սիրահար էր: 2015-2019թթ.-ին սովորել է «Թումո» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնում։ Նա գրանցել է բազում հաջողություններ ռոբոտաշինության ասպարեզում, արժանանալով պատվոգրերի»,-պատմում է Նոյի քույրը՝ Սաթի Թևոնյանը, հետո հավելում, որ դեռ փոքրուց եղբայրը տարբերվում էր իր տեսակով. «Անսահման բարի, կամեցող, ամենքի հանդեպ ուշադիր ու կարեկցող անձնավորություն էր Նոյը։ Շատ մարդասեր էր, փորձում էր ամենքին օգնել։ Իր դպրոցական ծախսերը կրճատում ու դրսում գտնվող անտուն մարդկանց էր օգնում ու մանրավաճառությամբ զբաղվող տատիկ-պապիկներին: Նա հաճախ իր հետաքրքրություններին չհամապատասխանող գրքեր էր գնում, որպեսզի օգնի դրանք վաճառող մեծահասակներին»:
Նոյը շատ խելացի էր ու հասուն։ Չէր հանդուրժում անարդարությունը, նաև շատ ներողամիտ էր և բոլորին հորդորում էր ներել մարդկանց անգիտակցաբար արված սխալները:

Սաթին պատմում է՝ մի օր Նոյը լուռ նստած էր, կարծես մտածում էր ինչ-որ հարցի շուրջ ու հետո մայրիկին հարցրեց՝ «Մամ, գիտես ինչը իմ մեջ չեմ սիրում», ու երբ մայրս ասաց՝ ի՞նչը տղաս, Նոյը պատասխանեց՝ «Խիղճս, խիղճս չեմ սիրում, խիղճը ինձ շատ է խանգարում այս անարդար աշխարհում ապրել»:
Սաթիի խոսքով, Նոյը նաև ՌԴ քաղաքացի էր, քանզի մի ժամանակ ընտանիքը հանգամանքների բերումով տեղափոխվել էր ՌԴ մշտական բնակության, բայց Նոյը գիտակից տարիքում նախընտրել է վերադառնալ ՀՀ և ծառայության անցնել։ Ինչպես Սաթին է ասում, Նոյը կյանքի բոլոր պլանները կապում էր միայն մայր հայրենիքի հետ. «Երբ ընդամենը չորս տարեկան էր, տեսնելով, որ հայրը ոստիկան է և ոստիկանների աշխատանքը մարդկանց պաշտպանելն է, մայրիկին խնդրել էր իր համար ոստիկանի ծառայողական գրքույկ պատրաստեր։ Միշտ իր մոտ էր պահում այդ գրքույկը, շրջում էր դրանով ու հպարտությամբ բոլորին ասում, որ ինքը պաշտպան է ու բոլորին կպաշտպանի»:
2019թ.-ին Նոյն ընդունվել է Հայաստանի Ագրարային համալսարանի՝ Գյուղտեխնիկայի ավտոմատացման բաժին:

2020 թ.-ի հունվարի 19-ին Նոյ Թևոնյանը զորակոչվել է բանակ՝ ծառայել է Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամասում՝ հետախուզական վաշտում։
Սաթին ասում է, որ զինընկերները Նոյին «Ռազվեդկի պոնչ» էին ասում։ Դասընկերները Նոյին նմանեցնում էին Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանին, ինքն էլ էր նմանեցնում. «Հունվարի 19-ին, երբ զինկոմիսարիատում նկատեց փակցված հերոսների նկարները, նայեց ու ևս մեկ անգամ ասաց՝ «ի՞նչ նման ենք ես ու Ջիվան Աբրահամյանը»: Հիմա ոչ միայն արտաքնապես է նման, այլ նաև հերոսությամբ»,-ասում է քույրը:
Մտերիմները պատմում են, որ Նոյը շատ ընկերասեր էր, բոլորի հանդեպ առանձնահատուկ վերաբերունք ուներ, մտածում ու ցավում էր բոլորի համար. «Երբ նկատում էինք Նոյը որևէ բան է անում, ամբողջ վաշտով հավաքվում էինք նայելու, թե ինչ է անում, ինչ նոր բան է մտածել»,-պատմում է Նոյի զինակից ընկերն ու հավելում, որ ինքը կմեռներ, բայց իր եղբոր դին թշնամու մոտ չէր թողնի:
Տղաների խոսքերով Նոյն այնքան հավասարակշռված է կատարել իր քայլերը ու այնքան պրոֆեսիոնալ, որ տպավորություն է ստեղծվել, թե առաջին անգամ չէ պատերազմի մասնակցում։
Նոյի մարտական ընկերները պատերազմական որոշ դրվագներ են պատմել Սաթիին. «Ինտենսիվ կրակի պատճառով, զինվորները մի քանի օր մնացել էին առանց սնունդ և ջուր, թուլացել էին ֆիզիկապես: Նոյը՝ տեսնելով, որ տղաներն այլևս չեն կարող դիմանալ առանց սնունդ, միայնակ ինտենսիվ կրակի տակ գնում է Մատաղիսի զորամասի տարածքից ուտելիք բերելու և նրան հաջողվում է»:
Նոյը լինելով պատերազմի ընթացքում իր մյուս հետախույզ ընկերների հետ կատարել է շատ կարևոր առաջադրանք, որից կախված էր հարակից դիրքերի ամրությունը։ Նոյն իր ընկերների և հրամանատարի հետ զոհվել է հոկտեմբերի 11-ին Վարնգաթաղի (Լուլասազ) բարձրունքը պաշտպանելիս:
Սաթին նշում է, որ Նոյը կյանքի հետ անհամատեղելի ծանր բեկորային վնասվածքներ էր ստացել, բայց մինչև զոհվելը՝ հասցրել էր ծառայակից ընկերների կյանքեր փրկել:

Պատերազմի ժամանակ Banak.info-ի տեսախցիկը ֆիքսել էր Նոյ Թևոնյանին և նրա մարտական ընկերներին։ Լուսանկարը կտեսնեք ստորև։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Իննա Թումանյան