Անմահ հերոս Արթուր Բարսեղյան

Արթուր Ռուսլանի Բարսեղյանը ծնվել է 1987թ-ի հուլիսի 25-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ 1994թ-ին հաճախել է Բերդաշենի՝ Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2002թ-ին ավարտել է դպրոցը։ 2005-2007թթ-ին ծառայել է Մարտակերտում։ Արթուրը սովորել է ավտոմեքենաների վերանորոգում։ Նաև պատշար ու տրակտորիստ էր։

«Հետաքրքրասեր էր, հայրենասեր, ժպտերես, ընկերասեր։ Շատ մեծ ընկերական շրջապատ ուներ։ Մեծ սիրտ ուներ, ընկերներին, ընտանիքին ու հարազատներին նվիրված էր։ Նաև կատակասեր էր, սիրում էր երեխաների հետ ժամանակ անցկացնել։ Երազում էր նոր տուն կառուցել, ամուսնանալ և իր համար տնտեսություն ստեղծել։ Սերն այնքան մեծ է եղել հայրենիքի հանդեպ, որ 2017թ-ին գնացել էր Ռուսաստան՝ եղբոր մոտ աշխատելու, սակայն կարոտին չդիմանալով հետ եկավ։ Չէր կարողանում իր տունը, գյուղը թողնել»,- ասում է Արթուրի մայրը՝ Սեդա Բաբայանը։

Արթուրն իր հայրենասիրությունը ժառանգել է հայրիկից ու պապիկից։ Նրա պապիկը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է եղել։
«Արթուրը կամավորական է եղել։ Հենց առաջին օրից՝ աշխատանքից հետո հավաքվեցին Մարտունի 3-ում և այնտեղից էլ ուղարկեցին դիրքեր։ Հոկտեմբերի 11-ին տեղափոխեցին Հադրութ։ Զանգահարեց, ասեց՝ մամ անհասանելի ենք լինելու, չանհանգստանաս։ Այդ օրն էլ խփեցին իրեն։ Սա է եղել մեր վերջին խոսակցությունը։ Մինչև վերջին պահը մենք սպասում էինք, որ ողջ կլինեն տղաները, գերի են կամ թաքնված անտառներում։ Մեծ հույսեր ունեինք, որ կգա։ Մինչև այսօր սպասում ենք»,-ցավով պատմում է տիկին Սեդան։

Արթուրի ընկերներից մեկը՝ Արմինե Ավետիսյանը, ասում է, որ նա չափից դուրս լավատես էր.
«Հրաշալի անձնավորություն էր, բարի, բոլորին օգնող, միշտ ժպիտը դեմքին։ Որոշ ժամանակ դրսում ապրելուց հետո, երբ կրկին վերադարձավ գյուղ, ասում էր՝ մեր հողից, ջրից, մեր երկրից լավ տեղ աշխարհում չկա։ Արթուրը շատ լավ հատկանիշներ ուներ ու կարող եմ առանձնացնել նրա լավատեսությունը, որ ցանկացած իրավիճակում լավն էր փնտրում։ Չափից դուրս կամեցող էր, եթե նրան ինչ-որ բան խնդրեին, նա մերժել չգիտեր, ինչքան էլ դժվար լիներ ՝ մեկ է կաներ»։

Հոկտեմբերի 11-ին անօդաչու թռչող սարքից զոհվեց Արթուր Բարսեղյանը, սակայն միայն դեկտեմբերին որոնողական աշխատանքների ժամանակ գտան նրան։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Զառա Թեյմուրազյան