Անմահ հերոս Սամվել Խաչատրյան

Սամվել Անդրանիկի Խաչատրյանը ծնվել է 2002թ-ի մարտի 27-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում։ 2008թ-ին հաճախել է Բենիամինի միջնակարգ դպրոցը, 8 տարի սովորելուց հետո տեղափոխվել է Գյումրու Օլիմպիական Հերթափոխի Պետական մարզական քոլեջը: Զուգահեռ սովորել է ավտոդպրոցում: Սամվելը նաև հաճախել է ատլետիկայի, ունեցել բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր:

2020թ-ի հուլիսի 28-ին զորակոչվել է բանակ՝ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղ:

«Սամվելս բարի էր, ընկերասեր, քչախոս։ Ուներ մեծ շրջապատ, խելացի էր, կամեցող, բոլորի կողմից սիրված ու հարգված։ Միակ նպատակն այն էր, որ ցանկանում էր ծառայությունից հետո ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ սպորտում շարունակել իր կյանքը։

«Հոկտեմբերի 2-ին երկար խոսեց բոլորիս հետ և զանգահարեց ՌԴ-ում գտնվող հայրիկին ու խոսք տվեց, որ ամեն օր կզանգահարի, սակայն այդպես էլ չզանգահարեց»,- պատմում է Սամվելի հորեղբոր աղջիկը՝ Սուսաննա Սերոբյանը։
Սամվելի ընկերը՝ Վարո Հովսեփյանը պատմում է, որ Սամվելից շատ բան է սովորել.
«Սամվելը շատ լավ բնավորություն ուներ, շատ հանգիստ էր, սիրում ու հարգում էր ընկերներին։ Շատ լավ մարդ էր, ոչ մեկի հետ չեմ կարող համեմատել։ Եթե մեզնից մեկը մի բան չունենար, առաջինը կհաներ ու կտար, ասում էր՝ թող ես չունենամ, բայց ընկերս ունենա։ Նրա հետ անցկացրած օրերը ցավոք հուշ դարձան մեզ համար։ Նրանից սովորել եմ լինել համբերատար, հանդուրժող, հանգիստ»։

Սամվելի ընկերներից մեկը՝ Տաթևը, պատմում է իր հետ անցկացրած մի հետաքրքիր դեպք.
«Սամվելը բնավորությամբ շատ համեստ էր ու շատ հազվադեպ կարող էր շփվել մարդկանց հետ։ Ես և Սամը վազքի նույն խմբից ենք եղել ու երկուսս էլ երկար էինք վազում։ Միշտ իրար հետ էինք պարապում ու ես միշտ փորձում էի այնպես անել, որ Սամն ավելի ազատ լիներ շփման հարցում ու երևի վերջին տարիներն էին մեր պարապմունքի, երբ Սամն ինձ հետ արդեն ազատ էր շփվում, բայց էլի համեստ էր։ Պարապմունքից միշտ միասին էինք տուն գնում։ Մի օր, երբ էլի սովորականի պես տուն էինք գնում, Սամն ասեց՝ արի այնտեղի դրված մրգից գողանանք (վաճառքի էր դրված), ու ես էլ համաձայնվեցի, որովհետև միշտ չէր, որ Սամը կարող էր նման բան առաջարկել։ Զարմացել էի։ Ասեց՝ Տաթ ես նկարեմ, դու վերցրու ու վազենք։ Հենց այդպես էլ արեցինք ու երբ վերցրի վազեցինք։ Սամը բարձր ձայնով սկսեց ծիծաղել ու անջատեց վիդեոն։ Մենք չէինք նկատել, որ մեր ետևից երեք մեծ շներ էին գալիս։ Սամը շրջվեց նայեց ու ասեց՝ չէ, էստեղ էլ մեր բախտը չի բերի։ Սկսեց վազել ու ասեց, որ ես էլ վազեմ։ Ճիշտն ասած սկզբից չհասկացա, թե ինչի համար էր ասում, բայց երբ հասկացա, արդեն ուշ էր։ Սա ամենահետաքրքիր ու ուրախ դեպքն է, որ հիշում եմ»։
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14։00-ի մոտակայքում, թշնամու արկը դիպչել է Սամվելի մոտ գտնվող հրետանուն և նրա հարվածից էլ զոհվել է հերոսը։ Հարազատները դեպքի մասին իմացել են հոկտեմբերի 8-ին։ Սամվելին հետմահու շնորհվել է «Արիության համար» մեդալ։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Զառա Թեյմուրազյան

 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ