Անմահ հերոս Արգամ Սելիմյան

Արգամ Առաքելի Սելիմյանը ծնվել է 2001թ-ի նոյեմբերի 28-ին Լոռու մարզի Բազում գյուղում: 2008թ-ին ընդունվել է Բազումի միջնակարգ դպրոցը: 2020թ-ին ավարտելով դպրոցը, (զուգահեռ ավարտել է նաև ավտոդպրոցը) հուլիսի 16-ին զորակոչվել է բանակ: Քանի որ հուլիսյան մարտերն էին և Արգամը նորակոչիկ էր, մինչ երդման արարողությունը նրան տարել էին Վանաձորի ԴՈՒՑ-ի զորամաս, այնուհետև՝ երդման արարողությունից հետո, ծառայությունը շարունակել է Շամշադինում:

«Նա ինձ համար միայն եղբայր չէր, նա ինձ համար ամեն ինչ էր: Միշտ իմ ձեռքը բռնած է եղել, երբեք չի թողել: Միշտ իր ստվերի տակ եմ եղել, դրա համար էլ թե՛ մանկապարտեզ և թե՛ դպրոց միասին ենք հաճախել: Դպրոցում 12 տարի նույն նստարանին ենք նստել: Արգամն իմ պաշտպանն էր, իմ կյանքը: Շատ նվիրվող էր: Ընդամենը 1 տարվա տարբերություն է եղել մեր միջև, սակայն երկվորյակների նման ենք մեծացել՝ միշտ միասին: Շատ պարզ ու ազնիվ էր»,- պատմում է Արգամի քույրը՝ Մերի Սելիմյանը:

Արգամը մեծ սեր է ունեցել մեքենաների հանդեպ, այդ իսկ պատճառով սովորել է նաև ավտոդպրոցում, իսկ ծառայության ընթացքում եղել է վարորդ: Նախասիրություններից մեկն էլ նկարելն էր, սակայն ոչ ոք չի իմացել դրա մասին՝ բացի ընտանիքի անդամներից:

«Անչափ սիրուն էր նկարում, խոստացել էր, որ իմ դիմանկարը պիտի նկարի, բայց այդպես էլ չհասցրեց: Կռվի դաշտում նույնիսկ հայրենասիրական և մոր մասին երգեր է երգել առաջին անգամ: Վերջին զանգիս օրը զանգեց, ասեց՝ Մեր, գիտե՞ս երգել եմ, բոլորը զարմացել էին, որ կարողանում եմ երգել։ Այստեղ շատ են պետք նման երգերը, երգեր ուղարկիր, որ էլի երգեմ»,- պատմում է Մերին:

Նրանք պետք է Շամշադինից գնային Արցախ, սակայն Արգամը մեքենա չուներ կռվի դաշտ գնալու համար: Մեքենան մինչ իրեն հասնելը պայթեցվել էր հակառակորդի կողմից: Երբ հոկտեմբերի 14-ին նրանց շարք էին կանգնեցրել, տվել էին իր ընկերների անունները, ովքեր պիտի գնային կռվի դաշտ, իսկ իրեն ասել էին, որ չեն տանելու՝ մեքենա չունենալու պատճառով: Շատ էր տխրել և քրոջն ասել էր՝ ես ինչպե՞ս այստեղ նստեմ, երբ իմ ընկերները կռիվ են տալիս: Սակայն հոկտեմբերի 15-ին Արգամը նույնպես գնաց Արցախ:

«Հայրս գնացել էր, որպեսզի սնունդ տանի իրենց համար, ես ծխախոտի թղթերի վրա ուրախ տողեր էի գրել, որ տղաների հետ կարդան ուրախանան նաև իրեն առանձին նամակ էի գրել: Շատ էր ուրախացել  նամակից, խոստացավ, որ պահելու է մոտը և երբ վերադառնա, պիտի տա ինձ, որ մոտը կարդամ: Անգամ կռվի ժամանակ միշտ գրպանում է եղել: Ընկերները պատմում են՝ ամեն առավոտ բացում ու կարդում էր»,-ասում է Մերին:

Ընկերներն ասում են, որ շատ հմուտ վարորդ էր, անգամ ամենադժվարին տեղերով վարելով կարողացել է զինակիցներին հանել շրջափակումից:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին. Արգամը վիրավորում է ստացել ԱԹՍ-ից Կարմիր շուկայի մոտակայքում:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Զառա Թեյմուրազյան