Անմահ հերոս Անդրեաս Անդրեասյան

Անդրեաս Տիգրանի Անդրեասյանը ծնվել է 2001թ-ի դեկտեմբերի 5-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում: 2007թ-ին ընդունվել է Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտել է 2019թ-ին և ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2020թ-ի հունվարի 19-ին Անդրեասը զորակոչվել է բանակ: Ծառայության է անցել Ասկերանի N զորամասում։ Պատերազմի ժամանակ նրան տարել են Աղդամի դիրքեր:

«Անդրեասը չափից շատ համեստ ու բարի տղա էր: Շրջապատում հարգված, հավատարիմ ընկեր էր, ընտանիքում՝ տան լույսն ու ուրախությունը: Երբեք չէր թողնի, որ ինչ-որ մեկը նեղացնի քույրերին: Ինձ համար Անդրեասն ուղղակի եղբոր կատարելություն է եղել: Թե՛ լավ ընկեր էր, թե՛ լավ խորհրդատու: Փոքրուց շատ կապված ենք եղել, իրար հետ ենք մեծացել, իսկ արդեն հասուն տարիքում էլ ավելի ամրացավ մեր կապը»,- ասում է Անդրեասի քույրը՝ Տաթև Անդրեասյանը:

Անդրեասը երկու քույր ունի ու միշտ երազում էր եղբայր ունենալու մասին։ Կատարվեց երազանքը: Փոքրիկ Հայկը արդեն 3,5 տարեկան է։

«Եղբոր համար ամեն ինչ էր: Անգամ պատերազմի ժամանակ 1 րոպեով զանգում էր տուն ու ասում, որ լավ է ու պարտադիր եղբոր հետ պիտի խոսեր: Ասում էր՝ ապերը թուրքերին է կրակում, որ գամ զենքս կբերեմ քեզ: Երբ զանգում էր՝ Հայկը չէր ուզում խոսել։ Ստիպված ասում էինք՝ արջուկն է զանգահարել, որ խոսեր եղբոր հետ: Անդրեասն էլ արջուկի ձայնով սկսում էր խոսել: Հայկը մինչև հիմա գիտի, թե եղբայրը բանակում է: Ամեն օր մայրիկիս ասում է, որ կարոտել է եղբորը, գնում ու համբուրում է նկարը, ցանում է եղբոր օծանելիքը»,- հիշում է Տաթևը:

Հոկտեմբերի 28-ին Անդրեասը վիրավորվել է՝ այրվածքներ է ստացել: Նա ընկերների հետ գնացել է զենքերը լիցքավորելու, ձեռնոցները մոռացել է, ետ է գնացել, որ վերցնի, սակայն ընկերներից հետ է ընկել: Արկերի ձայնը լսելուն պես թռել է խրամատի մեջ, սակայն արկն ընկել է հենց իր վրա: Երկու անգամ կրակել են իրենց դիրքի վրա, երկուսն էլ իր վրա է ընկել: Անդրեասը վառվել է, փամփուշտները տրաքել են ձեռքերի մեջ, սակայն գիտակցությունը չի կորցրել: Գնացել է վրան ջուր է լցրել, մինչև որ ընկերները հասել են օգնության:

«Այրվածքներ ստանալուց հետո եղբորս տեղափոխել էին Երևան: Սակայն մենք տեղյակ չենք եղել, հաջորդ օրն ենք շատ պատահական իմացել: Այդ վիճակում չենք տեսել իրեն: Հենց նույն օրը՝ զուգադիպությամբ, հայրս գնացել էր, որ եղբորս ու ընկերներին օգնություն տաներ: Ճանապարհին ասել են, որ վիրավորվել է: Անգամ վիրավորվելուց մեկ ժամ առաջ խոսել էինք հետը, ինձ ասել էր, որ չմոռանամ ու անպայման գիրք և անգլերենի բառարան ուղարկեմ: Ինձ ասում էր, որ լիքը պատմելու բան ունի: Երբ հետը խոսելիս կրակում էին, ասում էր՝ մեր մոտ հրավառություն է: Անհամբեր սպասում էինք գալուն: Որոշել էինք, որ ծնունդին մատաղ ենք անելու: Ցանկանում էր գալ ու տուն սարքել: Շատ հավատով էր Անդրեասը: Ամեն քննությունից առաջ եկեղեցի էր գնում ու մոմ վառում: Մի օր չէր հասցրել՝ գիշերով գնաց: Երբեք չեմ մոռանա հորս ձայնը, երբ բժիշկը զանգեց և ասաց, որ եղբայրս էլ չկա»,- ցավով պատմում է Տաթևը:

Անդրեասը շուրջ մեկ շաբաթ եղել է հիվանդանոցում: Օր օրի լավանում էր, վիճակը կայուն էր, միայն սպասել էր պետք, որ վերքերը լավանան:  Սակայն բժիշկներն ինչքան էլ որ պայքարեցին, նրա կյանքը փրկել չկարողացան: Նոյեմբերի 6-ի լուսադեմին Անդրեասը մահացավ սրտի կանգից:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Զառա Թեյմուրազյան