Անմահ հերոս Վլադիմիր Իսախանյան

Վլադիմիր Տիգրանի Իսախանյանը ծնվել է 2002թ-ի հունվարի 15-ին Երևանում: 2008թ-ին հաճախել է Գագիկ Ստեփանյանի անվան N 135 միջնակարգ դպրոցը: Այնուհետև 2017թ-ին ընդունվել է Երևանի Պետական Հենակետային բժշկական քոլեջ: Սովորել է ատամնատեխնիկա բաժնում: 2020թ-ին ավարտել է քոլեջը և հունիսի 17-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցել Ջրականում (Ջաբրայիլ): Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է միայն դրական կողմերով, օժտված է եղել կազմակերպչական հատկանիշներով:
«Վլադը մեր ընկերության ուրախությունն էր, իր նման երկրորդը չկար: Մանուկ հասակից տարբերվում էր իր կամեցող ու բարի տեսակով: Նա ինձ մոտ ասոցացվում է ուրախ մանկության ու կյանքիս անցկացրած բոլոր ուրախ օրերի հետ: Վլադն ինձնից ընդամենը մեկ ամիս էր մեծ, մենք միասին ենք մեծացել: Վլադը՝ չլինելով արյունակից, իր կյանքի 18 տարիների ընթացքում դարձել էր հարազատ եղբոր նման: Մեր ընկերական շրջապատում բոլորս շատ ենք վեճեր ու տարաձայնություններ ունեցել, բացի Վլադից: Երբեք չէր նեղանում: Օրվա յուրաքանչյուր ժամին, եթե ինչ-որ բան լիներ, լուրջ, թե թեթև, Վլադն առաջինն էր հասնում ու երբեք ընկերներին դժվար դրության մեջ չէր թողնում»,- պատմում է Վլադի մանկության ընկերուհին՝ Միլենա Պետրոսյանը:
Հերոսի ամենամեծ նպատակն էր ծառայությունն ավարտելուց հետո ընկերուհուն առաջարկություն անել ու ընտանիք կազմել:
«Ընկերուհուն ամենքից ու ամեն ինչից շատ էր սիրում: Նույնիսկ երեխաների անուններն էր ընտրել: Ցանկանում էր շատ երեխաներ ու մեծ տուն ունենալ: Երազում էր բարեգործական հիմնադրամ բացել: Ասում էր՝ ուզում եմ շատ հարուստ դառնամ, որ տարբեր օգնություններ կարողանամ անել ու այնպես անեմ, որ ինձ նման շատ հարուստներ ևս գումար ներդնեն: Ուզում էր շատ հարցեր լուծել ու ամեն ինչ անանուն լիներ: Ասում էր՝ շատ հիշվող բաներ եմ ուզում անել, որ, եթե անգամ չլինեմ, ինձ ճանաչողները միշտ հիշեն իմ մասին»,- հիշում է Միլենան:
Վերջին անգամ ընտանիքի անդամների հետ խոսել է հոկտեմբերի 8-ին, ասել է, որ շատ է սիրում նրանց և կապը ընդհատվել է: Սեպտեմբերի 27-ից ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին մինչև հոկտեմբերի 8-ի գիշերը՝ լույս 9-ի առավոտյան: Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում քաջաբար մարտնչել է հակառակորդի կենդանի ուժի դեմ, ոչնչացրել է հակառակորդին և մեծաքանակ վնասներ է հասցրել հակառակորդի կենդանի ուժին: Այդ ժամանակ ընկել էր շրջափակման մեջ և առանց իր կյանքի մասին մտածելու, շրջափակումից դուրս է հանել զոհերին և վիրավորներին՝ կազմակերպելով համածառայակիցների տարհանումը շրջափակումից: Հոկտեմբերի 9-ին հակառակորդի դիվերսիոն խումբը կասեցնելու ժամանակ մարտի է բռնվել նրանց հետ և իր համածառայակիցներին հորդորել, որպեսզի հանեն վիրավորներին և զոհերին: Իսկ Վլադիմիրը պահելով մարտական դիրքը քաջաբար զոհվել է:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Զառա Թեյմուրազյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ