Անմահ հերոս Վրեժ Մարտիրոսյան

Վրեժ Մուկուչի Մարտիրոսյանլը ծնվել է 2000թ-ի նոյեմբերի 4-ին Վանաձորում: 2006թ-ին ընդունվել է Վանաձորի N 24 միջնակարգ դպրոցը: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վանաձորի Պոլիտեխնիկական քոլեջի Ռոբոտաշինություն բաժնում: 2019թ-ի հունվարի 25-ին «Ես եմ» ծրագրով զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Մարտունի 3-ում:

Շատ էր սիրում երգել, շատ լավ ձայն ուներ: Ակորդեոն էր նվագում: Կարճ ժամանակով հաճախել է բոքսի և գիմնաստիկայի պարապմունքների:

«Զորակոչվելուց հետո ցանկություն ուներ շարունակել ուսումը և դրա հետ զուգահեռ «Ես եմ» ծրագրի կողմից հատկացված գումարով անձնական սրճարան բացել: Շատ ընկերասեր էր Վրեժս: Հոգատար էր ընտանիքի հանդեպ: Ոչինչ չէր խնայի թե՛ մեր, թե՛ ընկերների համար: Բարի սիրտ ուներ»,- պատմում է հերոսի մայրը՝ Արեգնազ Մարտիրոսյանը:

Պատերազմի ընթացքում կարճ ժամանակով նրանց տեղափոխել էին Հադրութ: Համառ մարտեր մղելուց հետո Վրեժն ընկերների հետ միասին եղել է անտառներում: 13 զինվոր 15 օր գտնվել են շրջափակման մեջ: Իր գծած պլանի շնորհիվ 11 զինվորի կյանք է փրկել: Դրանից հետո զանգել է մորը և ասել՝ մամ, կարող ես պարծենալ, զինվորների կյանք եմ փրկել:

«Բառերը քիչ են Վրեժին նկարագրելու համար: Շատ ընկերասեր էր, անշահախնդիր, բարեսիրտ, կամեցող, լավ տղա, հավատարիմ ընկեր: Ընկերասեր ասելով նկատի ունեմ, որ ամեն ինչ կաներ ընկերոջ համար՝ անկախ ժամանակից ու պայմաններից: Անգամ կյանքն էլ չէր խնայի: Շատ բան եմ սովորել իրենից: Իր հետ շփվելով հասկացել եմ, թե որն է իրական ընկերությունը, ինչ է նշանակում «ընկեր» ասվածը: Սովորել եմ լինել առատաձեռն, անշահախնդիր: Իր մարդկային արժեքները վեր էին ամեն ինչից»,- պատմում է Վրեժի ընկերը՝ Վալեր Հարոյանը:
Վրեժի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 23-ին, իսկ արդեն հոկտեմբերի 24-ին վիրավորում է ստացել ԱԹՍ-ից ու անմահացել:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Զառա Թեյմուրազյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ