Անմահ հերոս Ալբերտ Բագիյանց

Ալբերտ Սուրենի Բագիյանցը ծնվել է 1976թ-ի օգոստոսի 23-ին Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում: Ալբերտի հայրիկի արմատները Զանգեզուրից են եղել, դրա մասին հուշում է նաև ազգանունը: Ավարտել է Վարդենիսի մակավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրա և ռազմագիտություն բաժինը, այնուհետև էլեկտրաէներգիա բաժինը: 1992-1994թթ-ին ծառայել է Վարդենիս քաղաքում՝ որպես կամավոր, իսկ արդեն 1994-1996թթ-ին պարտադիր զինվորական ծառայության է անցել Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում: Եղել է հրամանատարի վարորդ, ավագ սերժանտ։ Ծառայությունից հետո ամուսնացել է, զբաղվել է գյուղատնտեսությամբ: 2005-2010թթ-ին եղել է Շահումյանի շրջանի Չարեքտարի համայնքի ղեկավարը: 2011-2013թթ-ին աշխատել է Դրմբոնի ոսկու ֆաբրիկայում: 2013թ-ից Օմարում անցել է պայմանագրային ծառայության: Ունի 8 երեխա՝ 4 աղջիկ և 4 տղա:
«Հայրս պայմանագրայինների հետ դիրքեր էր բարձրանում: Մեկ ամիս դիրքերում էր լինում, երկու ամիս տանը: Գործունեությունը հրամանատարական կազմի հետ էր: Բոլորի հետ բարի ու անմիջական էր: Շատ էր նվիրված ծառայությանը: Օրը սկսվում էր հայրենիքի մասին խոսելով ու պատմելով: Սիրում էր իր աշխատանքը: Ասում էր՝ այնքան պիտի ծառայեմ, մինչև չորս տղաս ծառայեն: Հրամանատարական կազմը հայրիկի մասին խոսելիս միշտ գովեստի խոսքեր էր հնչեցնում»,-պատմում է Ալբերտի դուստրը՝ Վերան:
Սեպտեմբերի 15-ին իջել է դիրքերից: 27-ին, առանց վարանելու, իր խմբին հավաքել և Ստեփանակերտից գնացել է Քարվաճառ՝ իրենց վստահված դիրքերը հսկելու:
«Հայրիկիս հետ անցկացրած ամեն վայրկյանը անմոռանալի հուշ է: Հայրս մեզ սովորեցնում էր, թե ինչպես հոգ տանենք մեր հայրենիքի, մեր ծնողների, մեր քույրերի ու եղբայրների մասին: Հոգատար էր բոլորի նկատմամբ: Սիրում էր, երբ ընտանիքով գնում էինք էքսկուրսիաների, բոլորով ուրախ ժամանակ էինք անցկացնում: Տանում էր մեր Արցախի, Հայաստանի տեսարժան վայրերը, որ ճանաչեինք մեր հայրենիքը»,- պատմում է Վերան:
Ալբերտի տղան՝ Ռուբենը, այժմ ծառայում է Մարտակերտում: Ծառայության է անցել 2020թ-ի հունվարի 20-ին: Պատերազմի ժամանակ եղել է տարբեր դիրքերում: Մասնակցել է թեժ մարտերի: Մեքենա է վարել, զորքին անհրաժեշտ զենք-զինամթերք հասցրել: Վիրավորվել է պարանոցի հատվածից: Ստացել է համապատասխան բուժօգնություն և մեկնել դիրքեր՝ իր ընկերներին օգնելու:

Վերան հիշում է հոր հետ վերջին հեռախոսազրույցը.
«Սեպտեմբերի 30-ին՝ առավոտյան ժամը 09:40-ին զանգեց, ընդամենը 34 վայրկյան խոսեցինք: Ասեց՝ բալես, ես լավ եմ, չանհանգստանաս: Մամային էլ ասա: Այդ ժամանակ մենք Ստեփանակերտից տեղափոխվել էինք Վանաձոր: Հայրս, երբ իմացավ, հանգստացավ, որ ապահով ենք»:
Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ալբերտ Բագիյանցը Քարվաճառի դիրքերում զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից: Ընտանիքը լուրը իմացել է հոկտեմբերի 1-ին:

Զառա Թեյմուրազյան