«Ոտքս վիրահատել, շշերով հավաքել են, բեկորային բաց կոտրվածք էր, դեռ չեմ քայլում, բայց ապաքինվելուց հետո քիչ-քիչ կքայլեմ»,- ասում է նախորդ ակնարկիցս հայտնի բուժակ Արտուշ Արզումանյանը (հղումը), հետո շարունակում, որ մյուս ոտքի թաթի հատվածում էլ բեկորային կոտրվածք ունի:
Արտուշը պատմում է, իսկ ես Արցախից վերադառնալուց հետո ի վերջո խորը շունչ եմ քաշում ու մտածում. «Երանի Արտակն իմանար, որ Արտուշի ոտքը չեն կտրել», իսկ Արտուշն առաջ է ընկնում. «Կփորձեմ կապվել Արտակի հետ ու իրեն տեղյակ պահել, որ լավ եմ»:
Ժպտում եմ ու խնդրում, որ ենթասպան ինքը պատմի իր սխրանքի մասին: Արտուշը նախ ներկայանում է. «2018թ.-ից ծառայում եմ Մատաղիսում, 1-ին հրաձգային գումարտակի բուժակն եմ: Կռվից երկու օր առաջ էի դիրքեր բարձրացել, որ սկսվեց, արդեն թիկունքի ղեկավարման կետում էի»:
Կռվի ժամանակ զինվորը սեփական կյանքի մասին բնավ չի մտածել, երբ լսել է վիրավոր կա, ոտքով օգնության է հասել. «Սկզբում վիրավորներին գումարտակի հրամանատարի մեքենայով էինք տարհանում, մեր զինվորներն էլ օգնում էին, հետո երբ մեքենաները պայթեցրին, եղել են դեպքեր, որ ստիպված 2-3կմ քայլել ենք, վիրավորներին այդպես տեղափոխել համեմատած ավելի ապահով հատված, որ հակառակորդի հրետանին մեզ մոտեցող մեքենաները չկարողանա խոցել»:
Ենթասպան պատմում է, որ երբ արդեն Մատաղիսի 136 մարտական դիրքում շատ զոհեր կային, 2 մեքենա են կանչել, որ կարողանան տղաների դիակները տեղափոխել, բայց հակառակորդի ԱԹՍ-ն միանգամից մի մեքենան պայթեցրել է, իսկ մյուսը հասցրել է արագ տեղափոխվել. «Մենք հետ էինք եկել 127 դիրք ու մնացած զորքին շրջափակումից փրկելու համար նահանջի հրաման ստացանք»:
Հաջորդող օրերին ավիահարվածների հետևանքով բազմաթիվ վիրավորներ են ունեցել. «Ստիպված եղանք անձրևին քնապարկերով անտառում մնալ, հետո հրաման ստացանք Մատաղիսի սարի վերևը գնալ, որ թշնամին չառաջանա: Այդ ժամանակ հարձակում եղավ ու Դաշնակցության կամավորներն իրենց կյանքի գնով կռվեցին: Տարածքում հայերի և թուրքերի դիակները շատ կային…»:
Արտուշի խոսքով, գիշերները հողափոսեր էին փորում, որպեսզի ցերեկները հակառակորդի ԱԹՍ-ները իրենց չնկատեին. «Այնուամենայնիվ, երբ կապ էին տալիս, որ վիրավորներ ունենք, միանգամից ճանապարհ էինք ընկնում, որ օգնենք ու տարհանենք: Հակառակորդի հրետանին նույն պահին նաև հրկիզվող արկերով անտառներն էր վառում. եղել են դեպքեր, որ գնացել հանգցրել ենք»:
Արտուշը պատերազմական հիշողությունները կետ առ կետ, առանց շեղվելու է պատմում, զգում եմ, որ ոչ մի մանրուք չի մոռանում. «Մի օր 4 հոգով հողափոսում էինք, երբ ականանետի արկը ընկավ մեզ վրա, երեքս վիրավորվեցինք: Մեր գումարտակի հրամանատարը, շտաբի պետն ու մարտկոցի տղաներն արագ օգնեցին ու տեղափոխեցին Մարտակերտի հոսպիտալ, հետո տեղափոխվել եմ Երևան: Միայն Երևանում իմացա, որ վիրավոր ընկերներիցս մեկը զոհվել է»:
Չեմ ուզում ավելի ցավեցնել բուժակին, հարցեր չեմ տալիս, ուզում եմ եզրափակել զրույցը, իսկ ինքը պատմում է իրենց Հետախուզության դասակի հրամանատարի՝ Սենեքերիմ Էլբակյանի և նրա զինվորներից Հրանտի հերոսությունը. «Երբ իրենք վիրավորվեցին,արագ մոտեցանք, բայց Էլբակյանը չթողեց, որ վիրակապեմ իրեն, ասաց Հրանտին նայիր, ես լավ եմ, բայց այդ ժամանակ նրա ոտքն արնահոսում էր: Հրամանատարն ասաց Հրանտին օգնեք, ես կքայլեմ ու տղաներին հենված, մի կերպ հասավ մեքենային: Մի կերպ համոզեցի, որ ցավազրկեմ: Նայելով Հրանտին ժպտում ու կատակում էր, մեզ համար էլ անընդհատ կրկնում, որ գնում է ասկոլկեքը հանեն ու հետ գա: Անընդհատ ասում էր, որ չի մնա հիվանդանոցում…»:
22-ամյա ենթասպան կռվից հետո իրենց գումարտակի վիրավոր տղաներից շատերի հետ կապվել է ու իմացել, թե ինչպես են, միայն Էլբակյանից լուր չունի, բայց հույսը չի կորցնում:
Զրույցն ավարտվում է, մտովի հպարտանում եմ մեր քաջերի տեսակով, քանզի սրտացավ ու ընկերասեր են. Արտակը Արտուշի մասին էր անվերջ մտածում ու խոսում, Արտուշը՝ Սենեքերիմի…
Իննա Թումանյան