Արտուշը, երբ լսում էր վիրավոր կա, ոչնչի չէր նայում, միանգամից օգնության էր շտապում. Արտակ Սահակյան
Արտակ Սահակյանը 2020թ.-ի ձմռանը զորակոչվել է բանակ՝ որպես վարորդ, բայց նրա մտքով երբևէ չի անցել, որ կյանքը կարող է մի գիշերում փոխվել:
«Սեպտեմբերի 30-ի ողջ գիշերը սնարյադները տարանք մինամյոտների մոտ, որ կարողանանք կրակել: Առավոտյան կրակելու հրամանի էինք սպասում ու նկատեցինք, որ օդում հակառակորդի ԱԹՍ կա: Մեր գումարտակի հրամանատարի տեղակալը կապ տվեց ու ասաց, որ մեր վրա տանկ էլ է գալիս»,-պատմում կռվի բովով անցած զինվորն ու շարունակում, որ ԱԹՍ-ն ի վերջո իրենց տեղն իմացել է ու իրենց վրա սկսել է հրետանի աշխատել. «Սկսեցինք մենք էլ իրենց ճնշել, բայց արդեն ուշ էր, որովհետև մեր գումարտակի հրամանատարի տեղակալը վիրավորվեց»:
Դրանից հետո տղաները նահանջել են, քանզի հակառակորդի տանկերն արդեն իրենց էին հասնում: Թալիշի դիրքերում այդ ժամանակ դեռ հայ զինվորներ կային, որոնք ընկել էին շրջափակման մեջ. «Մենք մի ճանապարհով նահանջեցինք դեպի «Օջախ» ՀԴԿ, շելերի մեջ սպասեցինք, տեսանք, որ տանկերը ճանապարհի կեսից հետ են գնում: Մերոնք դիրքերից վիրավորներ էին իջեցնում ու այդ ժամանակ մեր մինամյոտի առաջին դասակի հրամանատարն ու զորքից մի քանի տղաներ վիրավորվեցին, իսկ գումարտակի հրամանատարի տեղակալն արդեն մահացավ…»:
Արտակի խոսքով մոտ երեսուն րոպե հետո հակառակորդի տանկերը կրկին հարձակման են անցել. «Այդ ժամանակ իմ մեքենան արդեն պայթեցրել էին: Տանկերն «Օջախ» էին գալիս: Յոթ տանկ կար, ամեն մեկի հետևից 20 զինվոր էր գալիս: Մենք նրանց ПК-ով խոցեցինք: Հետո թիկունքում շրջափակման մեջ մնացած մեր զորքը դուրս եկավ, հակառակորդի մի տանկ խոցեցին ու ստիպեցին նահանջել»:
Հետո տղաները սկսել են Մատաղիսի 136 մարտական դիրքը պահել. «Այդ դիրքը անընդհատ գրավում էին, իսկ մենք հետ էինք վերցնում. այդպես եղավ մի քանի անգամ»:
Հետոն տխուր էր: Արտակը աչքերը կախում է, ասում, որ Մատաղիսի դիրքերը միմյանց կապված են ու հակառակորդին ի վերջո հաջողվել է իրենց կորուստներ պատճառելով դիրքերը գրավել. «Ամսի 2-ին՝ ստիպված, կռիվ տալով Մատաղիսն ամբողջությամբ թողեցինք…»:
Արտակը պատմում է, որ մերոնք տարբեր զինատեսակներով հակառակորդի մեծաթիվ տեխնիկա են խոցել ու այնպես չի եղել, որ պարզապես թողնեն իրենց դիրքերը. «Մենք հիմա էլ պատրաստ ենք մնալ այստեղ (անունը անվտանգության նկատառումներից ելնելով չենք նշում) այնքան, որքան պետք է»:
Զինվորի մեքենան պայթեցնելու ժամանակ ինքը 50 մետր հեռու է կանգնած եղել ու կարողացել է փրկվել. «Մինչ այդ մենք 9 հոգով մոտ 3 ժամ շրջափակման մեջ ենք եղել, մինչև մերոնք հասել են»:
Կռվի օրերին տղաների գիշերն ու ցերեկն իրար էր խառնվել, բայց այս մասին հիշելիս Արտակը չի բողոքում, նույնիսկ ժպտում է, ասում, որ փրկվել են ու արդեն կարևոր չէ, թե ինչի միջով են անցել. «Շտապօգնության մեքենա եմ վարել, վիրավորներին դիրքերից իջեցրել: Դժվար էր վիրավորներին հասնելը, նրանք շատ-շատ էին»:
Ամենահիշարժանը զինվորի համար իրենց գումարտակի բուժակի՝ Արտուշ Արզումանյանի վիրավորվելն է եղել. «Արտուշը կռվի օրերին շատ բան է արել. մեքենա չեն ունեցել՝ պայթեցրել էին, ինքը ոտքով է պտտվել ու հասել վիրավորներին: Նրա տեղը շատ ահավոր տեղ էր, բայց երբ լսում էր վիրավոր կա, ոչնչի չէր նայում, միանգամից օգնության էր շտապում»:
Զինվորը պատմում է, որ բուժակը ոտքից վիրավորվել է ու երբ ինքը դիրքերից իջեցրել է, նկատել է, որ Արտուշը ոտքը չի կարողանում շարժել. «Չգիտեմ, ոտքը կտրեցին, թե ոչ, բայց գիտեմ, որ հիմա հոսպիտալում է ու միգուցե արդեն լավ է»:
Արտուշի մասին Արտակը հպարտությամբ էր պատմում, նրա խոսքերից հոգատարություն էի զգում, քանզի աչքերին փայլ էր գալիս, բայց գիտեի, մտքին բուժակի ոտքն էր. տեսնես հասցրի՞ն փրկել…
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: