Երբ տղաները պատրաստվում էին գնալ դիրքեր, նայում էի նրանց ու մտածում՝ ով հետ կգա. Գայանե Սահակովա

Երբ տղաները պատրաստվում էին գնալ դիրքեր, նայում էի նրանց ու մտածում՝ ով հետ կգա. Գայանե Սահակովա

Քայլում ենք մի սենյակի ուղղությամբ, որտեղից վառարանի ծխի հոտ է գալիս, մտածում եմ՝ վերջապես կտաքանանք: Մտնում եմ սենյակ ու նայում շուրջս, բոլորը կանայք են, վառարան են տեղադրում: Կանայք, ովքեր պատերազմի ամբողջ ընթացքում իրենց վստահված տեղում աներեր կանգնեցին: Վառարան տեղադրելը ամենահեշտ գործն էր այն բոլորից, որոնք այս կանայք արել էին մարտական գործողությունների ամբողջ ընթացքում: Կապի հանգույցի պետ, գաղտնի մասի պետ, կադրերի գծով տեսուչ. այո, այս պաշտոնները վստահված են կանանց: Աչքերս գտնում են նրանցից ամենաերիտասարդին, որը տարբերվում էր մնացածից թե՛ արտաքինով, թե՛ իր հանգստությամբ. զինվորական համազգեստով էր, բայց վստահ էի՝ զինվորական չէր:
Գայանե Սահակովան մանկաբույժ է, կատակում եմ, թե երկու պատերազմի է արդեն մասնակցել: Որպես կամավոր աշխատել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ կորոնավիրուսով հիվանդներին օգնելու համար, իսկ իրական պատերազմ սկսելուն պես, բժշկուհին միաժամանակ թողնելով 2 աշխատանքն էլ, կամավոր մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի առաջին օրից եղել է զինվորի կողքին՝ Մատաղիսում, Մաղավուզում, Եղնիկներում՝ մասնագիտական առաքելությունն է իրականացրել: Բժշկուհին խոստովանում է, որ երբեմն վախեր ունեցել է. դժվար էր աշխատել կրակոցների տակ, որը նախկինում երբեք չէր լսել:
-Շատ-շատ էի վախենում, երբ տղաները պատրաստվում էին գնալ դիրքեր, նայում էի նրանց ու մտածում՝ ով հետ կգա: Եղան հետ չեկողներ, նրանց վերջին հայացքն աչքերիս առաջ է դեռ:
Բժշկուհին հիշում է իր առաջին վիրավորին, մեջքից լուրջ վիրավորում էր ստացել, ասում է՝ շատ կուզենայի իմանալ ինչպես է: Վերջինիս խոսքով վիրավորների հետ աշխատելիս փորձում էր վախն ու խուճապը թողնել մի կողմ. իրեն էր վստահված այդ պատասխանատու գործը, ուրեմն պե՛տք է աներ:
– Թիկունքի շնորհիվ մենք չենք ունեցել դեղորայքի պակաս: Երբ մասնագետը ձեռքի տակ ունենում է անհրաժեշտ պարագաներ, դա շատ է օգնում, որ խուճապի չմատնվի:
Այն վիրավորներից, որոնց բժշկուհին իրենց գումարտակի բժշկի հետ օգնություն է ցույց տվել, բարեբախտաբար զոհեր չեն եղել: Ծանր վիրավորները միանգամից տեղափոխվում էին հոսպիտալներ ու հիվանդանոցներ: Բժշկուհու խոսքով իրենց գումարտակի նույնիսկ լուրջ վիրավորում ստացած տղաները նորից վերադարձել են շարք: Մատաղիսում 1 զոհ են տվել, 9 վիրավոր, Լյուլասազում՝ 27 զոհ, 30-ից ավելի վիրավոր:
-Գալուց առաջ ես պատկերացնում էի, որ աշխատելու եմ պայթյունների տակ, ինքս ինձ պատրաստել էի, որ հնարավոր է զոհվի իմ ամենամոտ հարազատը, վիրավորը մահանա ձեռքերիս մեջ, ես հոգեպես պատրաստ եմ եղել դրանց: Բայց կար մի բան, որի դեմ անզոր էի ես ու դեղորայքը:
Բժշկուհին նկատի է ունենում պատերազմի ավարտը, ձայնը դողում է, բայց աչքերում արցունք չկա:
-Ինքս ինձ խոստացել էի վիրավորների հետ աշխատելիս լաց չլինել, տղաները կատակում էին, թե քարից եմ: Ես արցունքներս պահել էի ուրախության համար: Ցավոք ես լաց եղա ոչ ուրախությունից: Բայց մենք գնում ենք պատրաստվելու հաջորդ պատերազմին:

Վառարանը արդեն տեղադրած էր, սուրճի բույրն էր գալիս, իսկ մեր զրույցի ընթացքում անվերջ խոսող կանայք լուռ էին…

Բրյան Լիանա