Հրամանատարի հարցին, թե ինչու է մարտի դաշտից կիսախարխուլ տանկը բերել, ասել է՝ դե տուն ա, թող լինի. անմահ հերոս Եփրեմ Հարությունյան

Եփրեմ Դավիթի Հարությունյանը ընտանիքի միակ արու զավակն էր, ունի երեք քույր։ Նա ծնվել է 2001 թվականի հունիսի 4-ին Հրազդանի Սոլակ գյուղում։ Մեծացել է շրջապատված ծնողների և քույրերի սիրով ու ջերմությամբ, սակայն դա չի խանգարել տղային լինել չափազանց բարի ու համեստ։
«Մենք մեր կոնֆետները չէինք ուտում, հավաքում էինք, տալիս Եփրեմին»,-պատմում է Եփրեմի քույրը՝ Արփինեն։
Դպրոցից միշտ գովեստներ էին լսում, ուսուցիչները մինչ այժմ էլ հպարտ են իրենց խելացի ու ճշմարտասեր աշակերտով։
«Անսահման սիրել եմ իրեն, իր խելքի համար, բայց դրա հետ մեկտեղ շատ համեստ էր»,- խոստովանում է նրա ուսուցիչներից մեկը։
Աշխատասեր էր Եփրեմը, ուսմանը զուգահեռ օգնում էր ծնողներին։ Իր առաջ նպատակ էր դրել բանակից վերադառնալ ու նորոգել տունը։

«Այո, սիրում էր գյուղի կյանքը, նաև չէր ուզում, որ ծնողները շատ չարչարվեն»,- պատմում է Արփինեն։
2019-ին ավարտել է ՀՀ ԿԳՆ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը, ավտոմեխանիկ էր։ Մասնակցել է նաև վարորդական դասընթացների ու ստացել վարորդական իրավունք, ինչը իր գլխավոր երազանքներից էր։
Եփրեմը բանակ է զորակոչվել ժպիտով։ Համոզված էր՝ տղան բանակում է կոփվում։ Մոր տարակուսանքներին պատասխանում էր․ «Ես ծառայելու եմ ու պահեմ մեր երկիրը»։ Տանկի մեխանիկ-վարորդ էր, հաճախ էր աչքի ընկնում բարեխիղճ ծառայության համար։
Նրան որպես լավ տանկիստ տեղափոխել էին Թալիշ։ Հիմնական ծառայությունն անցել է Արցախում՝ Սրխավենդում:
Լավատես էր, սիրում էր բանակը։ Զանգերին միշտ պատասխանում էր՝ ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու։
Սեպտեմբերին սկսած պատերազմի առաջին օրերից մասնակցել է մարտական ակտիվ գործողությունների։ Մարտակերտ-Մատաղիս շրջանում էր։ Օրը մեկ անգամ զանգում էր տուն և սովորության համաձայն ասում՝ լավ է լինելու։ Մայրը անհանգստանում էր, մի անգամ հեռախոսազրույցի ժամանակ կրակոցներ է լսել, բայց Եփրեմը անմիջապես պատասխանել է․ «Մա՛մ, դու արդեն աչքիս մեծացել ես, չես լսում, որ չագուչով գործ ենք անում տանկի վրա»,- ավելի ուշ՝ հոր հետ խոսակցության ժամանակ միայն պարզ է դարձել՝ մայրը չէր սխալվում, թշնամին կրակում էր, իսկ Եփրեմը ծառայակից ընկերների հետ հաջողությամբ հետ էր մղում թշնամական գրոհները։
«Մայրը տղային կորցնելու վախից ասում էր՝ Եփրեմ մի տեղ թաքնվիր: Եփրեմն ասել է՝ ես պետք է կռվեմ, եթե բոլորս վախենանք թաքնվենք ո՞վ ա ձեզ պաշտպանելու, մամ, սրանք արնախում են, գան, հասնեն քեզ ու քույրերիս, ես կմեռնեմ»,- պատմում է հերոսի քույրը։
Մարտի դաշտում Եփրեմն ու ընկերները միասին են եղել, երբ թշնամին հարվածել է ընկերոջ տանկին, ու ընկերը ի վիճակի չի եղել վարել այն, Եփրեմը ընկերոջ տանկը կապել է իր տանկին, քաշելով դուրս բերել կռվի դաշտից։
Հումորով էր․ Մի անգամ մարտադաշտից հետ է եկել կիսախարխուլ տանկով, հրամանատարի հարցին, թե ինչու է բերել տանկը, պատասխանել է․ «դե տուն ա, թող լինի »։
Մի անգամ էլ երբ կռվի ժամանակ թշնամու հարվածից Եփրեմի տանկն այրվել է, դուրս է եկել տանկից, տապալել թշնամու տանկիստներին ու թշնամու տանկով հետ եկել։ Հրամանատարը պատմում է․ «Ամեն անգամ 3 տանկ եմ ուղարկել կռվի դաշտ, ամեն անգամ Եփրեմն ասել է՝ ես էլ եմ գնում» ։
Եփրեմը վիրավորվել է 8 ժամ մղած մարտերի ընթացքում, երբ ասել են՝ նահանջեք, ասել է՝ էնտեղ վիրավոր տղերք կան, ոնց նահանջենք առանց իրենց։ Ասել է՝ ես գնում եմ բերեմ իրենց, գնացել է ու ինքն էլ վիրավորվել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել Եփրեմին։ Հոկտեմբերի 21-ին գրանցվել է սրտի կանգ։ Հողարկավորությունը տեղի է ունեցել հայրենի գյուղում, մայրն ուզում էր տղային մոտ պահել։

«Չենք համակերպվում։ Նույնիսկ հրամանատարն էր լաց լինում Եփրեմի նկարին նայելիս։ Եփրեմն ամենաուժեղ կռվողն էր, չպետք է այսպես լիներ։ Մենք դեռ սպասում ենք, դեռ չենք գիտակցում, սա խելագարվելու ցավ է։ Մենք մեր ամենաթանկին տվեցինք ու մնացինք դատարկ»,- պատմում է Արփինեն՝ նրա ավագ քույրը։

Եփրեմի հարազատները մխիթարվում են նրանով, որ հերոս եղբայր, հերոս որդի ունեն, ով չվախեցավ ու չերկմտեց՝ կյանքը զոհեց հանուն իրենց, հանուն հայրենիքի։

Սիմոն Հովհաննիսյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ